Հարցազրոյց

Եղիա Թաշճեան. «Սփիւռքը անհրաժեշտ է դրսեւորի Արցախի «ակսորեալ կառավարութեան» դերակատարութիւնը»

«Հայաստանի դաշնակից երկիրը Իրանն է, օգնութիւնները պէտք է գան Իրանից»

Եղիա Թաշճեանը վերլուծաբան եւ հետազօտող է: Աւարտել է Բէյրութի Ամերիկեան համալսարանի հանրային քաղաքականութեան եւ միջազգային յարաբերութիւնների բաժինը։ Ուսանել է Բէյրութի «Հայկազեան» համալսարանում՝ քաղաքական գիտութիւնների ուղղութեամբ: 2010 թւականին հիմնադրել է «New Eastern Politics» ֆորումը/բլոգը, եղել է «Հայկազեան» համալսարանի Հայկական Սփիւռքի Հետազօտական կենտրոնի գիտաշխատող: Ղեկավարել է «Կանայք պատերազմում» գենդերային վերլուծական կենտրոնի տարածաշրջանային բաժինը, մասնակցել է միջազգային գիտաժողովների Ֆրանկֆուրտ, Վիեննա, Ուփսալա, Նիւ Դելի, եւ Երեւան քաղաքներում, որոնց ժամանակ ներկայացրել է տարբեր թեմաներ՝ փոքրամասնութիւնների իրաւունքներ, տարածաշրջանային անվտանգութեան խնդիրներ։

Նրա թէզի թեման է եղել Իրանում եւ Պարսից ծոցում Չինաստանի աշխարհաքաղաքական եւ էներգետիկ անվտանգութեան շահերը: Նա տեղական եւ տարածաշրջանային տարբեր թերթերի թղթակից է, զբաղւել է «Վանայ ձայն» ռադիոյի «Թուրքիան այսօր» հաղորդաշարի հաղորդավարի աշխատանքով։

Վերջերս նշանակւել է Բէյրութի Ամերիկեան համալսարանի Հասարակական քաղաքականութեան եւ միջազգային յարաբերութիւնների «Issam Fares» ինստիտուտի գիտաշխատող եւ Եւրոպական աշխարհաքաղաքական ֆորումում Մերձաւոր Արեւելք-Հարաւային Կովկասի փորձագէտ:

Հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում նախատեսւած էր Եւրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԵՄ առաջնորդների հանդիպումը, որի մասնակցութիւնից հրաժարւեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ըստ ձեզ որն է պատճառը եւ ինչու է Հայաստանը շարունակում նախընտրել հէնց այս ձեւաչափը:

– Այսօր տեսնում ենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների սրացում է նկատւում, եւ, հաւանաբար, Փաշինեանը ցանկանում էր խաղաղութեան պայմանագիր ստորագրել Արեւմուտքում, որպէսզի աւելի կրեդիտ ունենայ, եւ Ռուսաստանին Հարաւային Կովկասում աւելի նեղ կացութեան մատնի:

Նաեւ անհրաժեշտ է արձանագրել, որ Ռուսաստանի վերջին կատարածը Արցախի նկատմամբ որոշ հարցականների պատճառ է դարձել, ոչ միայն ՀՀ իշխանութեան, նաեւ՝ ընդդիմութեան մօտ: Այսօր հայ ժողովրդի մէջ բաւական դժգոհութիւն կայ այդ հարցով, եւ Փաշինեանը առիթից օգտւելով, ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել Հարաւային Կովկասից:

Բանակցութիւնների հիմնական արգելքը Արցախի հարցը կը հանդիսանար, բայց Ադրբեջանը ռազմական ճանապարհով «լուծեց» Արցախի հարցը:

Ալիեւը հրաժարւեց հանդիպման մասնակցութիւնից, որովհետեւ պարզապէս տեսանք վերջին օրերին Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերւեց ռազմական համագործակցութիւն, որը Ալիեւի շահերից չէր բխում: Մենք գիտենք, որ Ադրբեջանը երբեք պատրաստ չէ խաղաղութեան, որովհետեւ Ալիեւի պէս բռնապետին անհրաժեշտ է միշտ պատերազմ, որպէսզի իր բռնատիրութիւնը լեգիտիմացնի, եւ այն կատարելու համար միշտ դիմում է ազգայնամոլների եւ ազգայնականների աջակցութեանը: Խաղաղութեան ձեռքբերման պարագային ինքն այլեւս չի կարող լեգիտիմացնել իր բռնատիրական իշխանութիւնը:

Միւս հարցը ռուսական կողմն է, որովհետեւ Ռուսաստանը պատրաստ չէ թոյլ տալ Արեւմուտքին ներթափանցել այս տարածաշրջան, եւ որեւէ խաղաղութեան համաձայնութիւն ստորագրւի Արեւմուտքի մասնակցութեամբ: Հետեւաբար, թէ՛ Ռուսաստանի, թէ՛ Ադրբեջանի շահերից բխում է խաղաղութեան պայմանագրի չեղարկումը: Նաեւ հնարաւոր է Ադրբեջանը կրկին ռազմական քայլերի դիմի եւ այս անգամ կրկին հանդիպում կայանայ Մոսկւայում ու նոր համաձայնութիւն ձեռքբերւի Սիւնիքի ուղղութեամբ եւ սա որոշ չափով յաղթանակ կը լինի Ռուսաստանի եւ Ադրբեջանի համար:

Ինչպէս էք պատկերացնում Հարաւային Կովկասի ապագան: Ինչպիսին կը լինեն այսօրւայ կարեւոր խաղացողների՝ Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի դերակատարութիւնը: Ուժերի վերադասաւորման կտրուկ փոփոխութիւնները հնարաւո՞ր էք համարում:

– Կարող եմ ասել, որ 2020 թւականից յստակ էր, որ ուժերի հաւասարակշռութիւնը փոխւած է ի նպաստ Իսրայէլի եւ Թուրքիայի: Այսօր Ռուսաստանն ամէն ջանք կատարում է, որպէսզի Թուրքիայի հետ համագործակցի եւ առանց Թուրքիայի հետ համագործակցութեան Ռուսաստանը չի կարող մնալ Հարաւային Կովկասում: Ռուսաստանը նախընտրում է Թուրքիայի հետ համագործակցել, որպէսզի Արեւմուտքին դուրս մղի Հարաւային Կովկասից, եւ այս համագործակցութիւնը տեսանք նաեւ Սիրիայում, որը միտւած էր ԱՄՆ-ի ազդեցութեան նւազեցման ուղղութեամբ: Ռուսաստանը կանաչ լոյս ցոյց տւեց թուրքերին, որպէսզի յարձակումներ տեղի ունենան քրդական շրջանների ուղղութեամբ: Այսօր նոյնը կատարւեց, երբ Ռուսաստանը տեսաւ, որ Արեւմուտքը միջամտում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցութիւններին, տեսնելով, որ հաւանական է ինքը կորցնի Լեռնային Ղարաբաղի վրայ իր ազդեցութիւնը: Հաւանաբար, թերեւս Ռուսաստանի շահերից կը բխէր այրել Լեռնային Ղարաբաղի խաղաքարտը, որպէսզի Արեւմուտքը չշահի: Անշուշտ այն հայ ժողովրդի օգտին չեղաւ, այլ հաշւին եղաւ, որովհետեւ հայ ժողովուրդը ամենաթոյլ կողմն էր:

Ինչպիսի առաքելութեամբ է շարունակելու Ռուսաստանը մնալ Արցախում, որովհետեւ այս պահի դրութեամբ փաստացի հայեր չեն մնացել Արցախում: Արդեօք Արեւմուտքը ջանքեր գործադրելու է, որպէսզի դուրս մղի Ռուսաստանին Արցախից:

– Ես տեսնում եմ, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմական համագործակցութիւն այս պահի դրութեամբ, գրեթէ գոյութիւն չունի: Իրանը կը փորձի ազդեցութիւն գործել, սակայն Իրանը միայնակ չի կարող դէմ գնալ Թուրքիայի ազդեցութեան եւ Ռուսաստանը պատրաստ չէ Իրանի կողմը լինել, նոյնիսկ եթէ ՀՀ-ում իշխանափոխութիւն լինի: Ռուսաստանը պատրաստ չէ ամէն գնով պայքարել Ադրբեջանի եւ Թուրքիայի դէմ Հարաւային Կովկասում, որովհետեւ արդէն իր ռազմական վիճակը ծանր է, Ուկրաինայի պատերազմի պատճառով: Հետեւաբար Թուրքիայի ազդեցութիւնը աւելի կը մեծանայ եւ, դժբախտաբար, կարծում եմ, Հայաստանը աւելի զիջումների կը գնայ Թուրքիայի եւ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցով:

Ես կարծում եմ, որ իբրեւ հայեր մենք զգացական ենք մօտենում եւ անհրաժեշտ է աւելի խոր ուսումնասիրութիւն կատարենք հասկանալու համար, որ Ռուսաստանը ի՞նչ շահեց Արցախը կորցնելուց: Մենք այն կարծիքի էինք, որ Ռուսաստանը կը մնայ Արցախում, որպէսզի ճնշում գործադրի Ադրբեջանի նկատմամբ, որովհետեւ Ռուսաստանը նաեւ շահ չունէր, որ Հարաւային  Կովկասից որեւէ մէկը դուրս գար: Սակայն, իրավիճակի վերջին զարգացումները առաջացնում են այն հարցը, որ Ռուսաստանը ի՞նչ ստացաւ Արցախի անկումից, կամ, եթէ իսկապէս համագործացկութիւն չկար Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, ապա արդեօք Ռուսաստանի կարգավիճակը այնքան է տկարացե՞լ, որ երբ Ադրբեջանը պատերազմ հրահրեց, Ռուսաստանը չկարողացաւ դիմադրե՞լ: Եթէ այս հարցերի պատասխանները իմանանք, ապա աւելի դիւրին կը լինի:

Պարզ է, որ Ռուսաստանը տնտեսական կամ աշխարհատնտեսական բաւական շահեր ունի Ադրբեջանի հետ, մասնաւորապէս Հիւսիս-Հարաւ ճանապարհով, ինչպէս նաեւ Ռուսաստանը ցանկանում է, որպէսզի Սիւնիքի ճանապարհների ուղղութեամբ վերահսկողութիւն ունենայ, նպատակ ունենալով, հաւասարակշռութիւն պահպանել Արեւելք-Արեւմուտք երկաթուղային գծերի ուղղութեամբ: Այսպիսով, Ռուսաստանը համոզւած է, որ արդէն իսկ ինքը որոշ հաւասարակշռութիւն ունի Իրանի հետ գործակցաբար Հիւսիս-Հարաւ ճանապարհի ուղղութեամբ, նաեւ Հայաստանի ճանապարհների ուղղութեամբ գերիշխանութիւն ունենալով, տւեալ պարագային, Սիւնիքի նկատմամբ, ցանկանում է նաեւ հաւասարակշռութիւն պահպանել արեւելք-արեւմուտք միջին միջանցքի՝ «Middle corridor»-ի ուղղութեամբ, որ կապում է Չինաստանը Եւրոպային, եւ, դժբախտաբար, այս պլանի զոհը պէտք է գնայ Հայաստանը, կամ այս պարագային՝ Սիւնիքը:

Ինչպէս գիտէք, ՄԱԿի եւ միջազգային հանրութեան այլ ներկայացուցիչներ այցելեցին Արցախ: Նրանց ներկայութիւնը ինչպէս կարող է գործել հայկական շահի օգտին եւ ռուսական խաղաղապահ առաքելութեան ներկայութեան հետագայ կարգավիճակին:

– ՄԱԿ-ի դիտորդները, ինչպէս կասեն, մեռելի վկայագիր էին արձանագրում: Ստեփանակերտում այսօր կայ միայն մի քանի ընտանիք, եւ, նաեւ կարեւոր է նշել, որ այն դիտորդները, որոնք ՄԱԿ-ից այցելեցին Արցախ, Ադրբեջանի բարեկամ երկրներն էին՝ Թուրքիա, Պակիստան, Ալբանիա, Հիւսիսային Մակեդոնիա, Ռուսաստանի ներկայացուցիչներ, որոնք Ադրբեջանին մօտ են, եւ նրանց հրապարակումները տեսանք, որ ադրբեջանամէտ դիրքորոշումներ կային: Գալիք օրերին կարծում եմ պարզ կը լինի, թէ ռուսական «խաղաղապահ ուժերը» եթէ պէտք է մնան Արցախում, ապա ինչի համար պէտք է մնան: Արդեօք այն հայ ընտանիքների, որ Արցախում են մնացել, նրանց պատճառով պէ՞տք է մնան: Անհրաժեշտ է ընկալել, որ Ադրբեջանի դիրքերը այսօր շատ աւելի հզօր է: Եթէ տեսնենք ռուսերը լքեն Արցախն, ապա յստակ է, որ թուրքական գործօնը առաջին համաշխարհային պատերազմից յետոյ Հարաւային Կովկասի վրայ աւելի ազդեցիկ կը դառնայ: Եթէ ռուսերն այլ պատրւակներով մնան Արցախում, ապա մենք կիմանանք, որ ինչ է եղել իրենց նպատակը, եւ մենք կը կարողանանք օգտագործել այդ, հանգամանքը անկախ նրանից, որ ՀՀ-ում իշխանափոխութիւն լինի, կամ ոչ:

Պարոն Թաշճեան, Ձեր կենսագրութիւնում նկատեցի, որ զբաղեցնում էք պատերազմներում կանանց դերակատարութիւնը ուսումնասիրող ուղեղային կենտրոնի ղեկավարի պաշտօնը: Կարո՞ղ էք մանրամասնել Ձեր կատարած աշխատանքը կամ ուսումնասիրութիւնների արդիւնքներ, որոնք կը վերաբերւեն նաեւ հայութեանը: Ինչպիսին է եղել կանանց դերակատարութիւնը Արցախի վերջին պատերազմում:

– Այո, ես զբաղւել եմ կանանց դերակատարութիւնը պատերազմների ուղղութեամբ ֆրանսիական ուղեղային կենտրոնի ղեկավարութեան աշխատանքներով: Օրինակ, 2016-ին մենք հսկայական խորհրդաժողով կազմակերպեցինք: Այդ ժամանակ, նոյնիսկ Ֆրանսիայից պատւիրակութիւն է այցելել Արցախ եւ այնտեղ բաւական հայանպաստ գործունէութիւն իրականացրեցին: Խօսւեց ոչ միայն Հայոց Ցեղասպանութեան, այլ՝ նաեւ Արցախի առաջին պատերազմի կանանց դերակատարութեան մասին: Ուսումնասիրեցինք, որ արցախեան պատերազմի հետեւանքով կանայք տրամւաներից ինչպէս դուրս եկան: Գիտէք, Սումգայիթում, Կիրովաբադում, Արցախի առաջին եւ վերջին պատերազմին կանանց դերը հսկայական էր: Մեզ երբեմն թւում է, որ միայն տղամարդիկ են, որ զէնք են վերցնում եւ պայքարում են: Սակայն, մենք չպէտք է մոռանանք, որ մեր քոյրերը, մայրերը, կիները, հսկայական դեր ունեն, եւ նրանք եւս հերոսութիւն են կատարել, եւ մեր ապագան նաեւ կախւած է այդ դաստիարակութիւնից:

Ինչպիսի դիւանագիտութիւն է պէտք վարի Հայաստանը, Արցախի անկումից յետոյ: Հայաստանի վերականգնումը հնարաւո՞ր էք համարում:

– Հայաստանի դիւանագիտութեան որոշ վերապահութիւններ կան եւ առաջարկներն այսօր յստակ են: Անհրաժեշտ է գիտակցել, որ Ռուսաստանն ունի իր շահերը, որոնք որոշ չափով բախւում են ՀՀ-ի անվտանգութեան շահերին: Սա չի նշանակում, որ Ռուսաստանը անհրաժեշտ է տեսնել որպէս թշնամի երկիր: Այսօր այդ երկրի իրավիճակը, մեզ յիշեցնում է 1920 թւականը, երբ ռուսերը/բոլշեւիկները դժւար կացութեան մէջ էին, եւ քեմալականների հետ համաձայնութեան գնացին: Մենք հիմա նման ճգնաժամային իրավիճակում ենք: Անհրաժեշտ է մեր ինքնիշխանութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը պահպանենք:

Հարկաւոր է զարգացնել Հնդկաստանի հետ մեր յարաբերութիւնները, Իրանի հետ ռազմական յարաբերութիւններն անհրաժեշտ է նոր մակարդակի բարձրացնել, անհրաժեշտ է իրանական զէնքեր գնել: Միացեալ Նահանգներից չէ, որ պէտք է զէնքեր ձեռքբերել, գիտէք, ինչպէս ժամանակին անգլիացիները կասէին՝ «իրենց մարտանաւերը Արարատ լեռան վրայ չեն բարձրանայ»:

Հայ ժողովուրդը զգացական է: Մենք  դժբախատաբար 100 տարի է այդպէս ենք: Արեւմուտքն այսօր Ադրբեջանին տեսնում է, որպէս գործընկեր, իսկ մեզ, որպէս պարզ բարեկամ երկիր է դիտարկում: Քաղաքականութեան մէջ չկայ բարեկամ կամ թշնամի երկիր: Քաղաքականութեան մէջ կան շահեր եւ Արեւմուտքը հսկայ շահեր ունի Ադրբեջանից, Հայաստանի հետ շահեր չունի:

Մեր դաշնակից երկիրը Իրանն է, եւ օգնութիւնները պէտք է գան հէնց Իրանից: Ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ Եւրոմիութեան երկրները կօգնեն, որովհետեւ նրանք Թուրքիայից կամ Ադրբեջանից չեն կարող անցնել, սակայն Հնդկաստանի զէնքերը անցնում են Իրանից:

Որոշ չափով, նաեւ մեր հայեացքը պէտք է ուղղենք այլ երկրների ուղղութեամբ: Օրինակ՝ Հարաւային Ամերիկա, եւրոպական այլ երկրներ, նաեւ Ֆրանսիա, որոնք պատրաստ են Հայաստանին տրամադրել արդիական զէնքեր: Մեզ անհրաժեշտ է նաեւ հրթիռային զէնքեր, որը որոշ չափով հաւասարակշռութիւն կը պահպանի ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ առճակատման մէջ, որը հաւանաբար կը լինի Սիւնիքի շուրջ:

– Պարոն Թաշճեան, ինչպէս էք գնահատում Սփիւռքի դերակատարութիւնը Արցախեան ազատագրական պայքարից սկսած ժամանակահատւածում մինչեւ անկման օրերը: Որոնք են եղել բացթողումները, իրավիճակը շտկելու ինչ ելքեր էք տեսնում:

– Հարկաւոր է գիտակցել, որ Սփիւռքի դերակատարութիւնը սահմանափակ է: Մենք դարձեալ պէտք է զգացական չմօտենանք այս հարցին: Սփիւռքը կարող է շատ աւելի օժանդակել ՀՀ-ին եւ Արցախին, եթէ կազմակերպւած լինի: Մարդիկ ՀՀ-ում կամ եւրոպական երկրներում փորձում են համեմատել Հայկական Սփիւռքը հրէական սփիւռքի կամ յունական սփիւռքի հետ, սակայն մենք մեր իւրայատկութիւնը ունենք: Սփիւռքը պէտք է գոնէ ներքին հարցերը մի կողմ դնելով, օգնի ՀՀ պետականութեանը: Պետութիւն կասեմ, նկատի ունենալով, ոչ թէ իշխանութիւն, կառավարութիւն, այլ մասնաւորապէս բանակին: Սփիւռքահայութիւնը անհրաժեշտ է ուղղակի աջակցութիւն տրամադրի բանակին: Եթէ մենք իսկապէս ցանկանում ենք հզօր եւ արդիական բանակ ունենալ, եւ  նպատել այն երիտասարդներին, որոնք սխրանքներով կը պաշտպանեն մեր սահմանները, ապա որպէս սփիւռքահայութիւն հարկաւոր է աջակցենք եւ նւազագոյնը կատարենք այդ ճանապարհին: Կամ մենք գնանք ծառայենք բանակին, թիկունք կանգնենք, նոյն երիտասարդութեանը, որոնք իրենց կեանքի գնով պաշտպանում են Հայաստանի սանտիմետր առ սանտիմետր սահամանները:

Ես անձնապէս դէմ եմ, որ Արցախի իշխանութիւնները լուծարեցին Արցախի բոլոր պետական կառոյցները: Ընդհակառակը՝ կոչ կուղղեմ ձեւաւորել «Exile government», ակսորեալ կառավարութիւն: Ինչպէս ժամանակին լեհերը կատարեցին համաշխարհային երկրորդ պատերազմից մինչեւ 1945 թւականը: Որոշ չափով պաղեստինցիները փորձեցին կատարել, իռնալդացիներն էլ ունէին: Սփիւռքը կարող է այդ քաղաքական կենտրոնը լինել, որպէս Արցախի ակսորեալ կառավարութեան, իսկ տնտեսական եւ հասարակական դերով հարկաւոր է զբաղւի Հայաստանը, որպէսզի նաեւ գաղթականների հարցերով զբաղւի: Մենք չենք կարող մոռանալ արցախահայերի իրաւունքը՝ յետ վերադառնալու իրենց հայրենիք: Այս հարցը օրակարգում պէտք է լինի, եւ մենք որպէս սփիւռքահայութիւն անհրաժեշտ է բարձրաձայնենք, որ ադրբեջանական ուժերի ներկայութեամբ հնարաւոր չէ այն կատարել, կամ միջազգային ուժեր պէտք է ներկայ լինեն կամ Արցախը որոշ չափով պէտք է անկախ լինի:

Շնորհակալութիւն, պարոն Թաշճեան:

 

Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Related Articles

Back to top button