Հայաստան - ԱրցախՀարցազրոյց

Գառնիկ Դաւթեան. «Խաղաղութիւն ասւածը Ադրբեջանի կողմից ենթադրում է Հայաստանում առնւազն 100 հազար ադրբեջանցու վերաբնակեցում եւ ՀՀ տարածքների վերահսկողութիւն»

«ԱԼԻՔ» – Եթէ հաշւի առնենք Ադրբեջանի կողմից վերջին 3 տարւայ ագրեսիաները եւ Ադրբեջանի քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ հակահայկական քարոզչութիւնը, ապա իրատեսութեան առումով, խաղաղութիւնը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ այնքան անիրատեսական է, որքան խոզն է հեռու տուրնիկից: Այս մասին «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում յայտնեց ադրբեջանագէտ Գառնիկ Դաւթեանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետութիւնների իշխանութիւնների մակարդակով հնչող յայտարարութիւններին՝ «խաղաղութեան պայմանագրի» մօտալուտ ստորագրման վերաբերեալ:

Դիտարկելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան ձեռքբերման հնարաւորութիւնները Գառնիկ Դաւթեանը շեշտեց, որ այնտեղ առկայ է մեծ վտանգներ:

«Խօսում են առաջիկայ ամիսներին «խաղաղութեան պայմանագրի» կնքման մասին, բայց անհրաժեշտ է հաշւի առնել, որ Հայաստանի հիւսիսային եւ հարաւային հատւածների, մասնաւորապէս Սիւնիքի, Տաւուշի, Գեղարքունիքի հատւածներում շարունակում է պահպանւել ռազմական էսկալացիայի հնարաւորութիւնը, որով հնարաւոր է Ադրբեջանը փորձի օկուպացնել Հայաստանի նոր տարածքներ, մասնաւորապէս խօսքը անկլաւների մասին է, որոնք ապօրինաբար տարբեր ժամանակահատւածներում Հայաստանից բռնակցել է Ադրբեջանին, հետեւաբար ամիսներ ձգելու քաղաքականութիւնը նպատակ է հետապնդում Ադրբեջանի կողմից վերջնականապէս Հայաստանին զրկել պետականութիւնից»,- նշեց նա:

Գառնիկ Դաւթեանի խօսքով՝ առկայ է նաեւ վտանգներ տնտեսական կապուղիների վերահսկողութեան շուրջ, Հայաստանի սուվերենութեան գօտում տարածքների օկուպացումը հետագայում մեծ հարցական կառաջացնի Հայաստանի այս կամ այն միջազգային կառոյցին անդամակցութեան առումով, ինչպէս եղել է օրինակ Ուկրաինայի պարագային:

Ընդհանուր առմամբ, ադրբեջանագէտի խօսքով, խաղաղութիւն ասւածը Ադրբեջանի կողմից ենթադրում է Հայաստանում առնւազն 100 հազար ադրբեջանցու վերաբնակեցում, որը իրենք անւանում են մեծ վերադարձ եւ «Զանգեզուրի միջանցքի» ուղղութեամբ վերահսկողութեան հաստատում:

«Որեւէ հնարաւորութիւն չկայ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղութեան պայմանագրի» կնքման եւ իրական խաղաղութեան հաստատման ուղղութեամբ, որովհետեւ թղթի վրայ կարող է լինել տարբեր կէտեր, բայց փաստացի անհրաժեշտ է արձանագրել, որ այդ խաղաղութիւնը զուտ բառի ձեւակերպում է, այլ ոչ թէ իրականութեան»,- նշեց նա:

Գառնիկ Դաւթեանը յաւելեց, որ Ադրբեջանը վերջին 3 տարում պարբերաբար խօսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին յատկապէս այն ժամանակ երբ Հայաստանը կոնկրետ ժամանակահատւածում ունենում է տարածքային կորուստներ եւ ռազմական էսկալացիա, այսինքն իրենք միշտ ակտիւացնում են այդ թեման այն ժամանակ, երբ կարողանում են ՀՀ կոնկրետ հարցերի շուրջ ճնշման ենթարկել եւ պահանջները մեծացնել:

Ամփոփելով, ադրբեջանագէտը յստակեցրեց, որ չի հաւատում այդ խօսոյթին, իբր Ադրբեջանը հրաժարւել է «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարից, այն աւելի շատ կախւած է տարածաշրջանում, եւ Հարաւային Կովկասում գտնւող պետութիւնների հետ իր յարաբերութիւններից, այդ թեմայի շրջանառութիւնը եւ գործողութիւնների դիմելու վճռակամութիւնը կախւած է դրան, թէ երբ է օրինակ ադրբեջանական կողմը ունենում որոշակի խնդիրներ, այլ պետութեան հետ:

««Զանգեզուրի միջանցք»-ից երբեւիցէ թուրք ադրբեջանական տանդեմը դարաւոր այդ ծրագրից չի հրաժարւի, այստեղ զուտ իրավիճակի, շահերի եւ Հարաւային Կովկասում լարւածութեան չափից է կախւած»,- եզրակացրեց նա:

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

Առնչւող Յօդւածներ

Back to top button