Աստղիկ Գալէյեան. «Պէ՛տք է յաղթենք յանուն նրա, որ ձեր զաւակներն ապրեն»
«ԱԼԻՔ» – Երէկ՝ սեպտեմբերի 22-ին, «Սրբազան պայքար» շարժման կազմակերպած մեծ հաւաքի ընթացքում ելոյթ է ունեցել, 44-օրեայ պատերազմի հերոս Մխիթար Գալէյեանի մայրը՝ Աստղիկ Գալէյեանը:
Իր ելոյթի ընթացքում հերոսի մայրն ասել է. «Համոզւած եմ, որ էկրանից այն կողմ կը լինեն մարդիկ, ովքեր կասեն՝ սուգդ սգա, բայց հաւատացէ՛ք սուգը սգալու հնարաւորութիւնից էլ են մեզ զրկել։ Մե՛նք պէտք է պահաջատէր լինենք, որովհետեւ մե՛ր որդիներին է սպանել, մեր հայրենիքն է յանձնել։ Եւ մենք ձեզ հետ, բոլորիդ հետ պէտք է լինենք պայքարի առաջնագծում։
Մեզ բաժին հասած ճակատագիրն է՝ պայքարել այնքան, մինչեւ արդարութիւնը կը յաղթի։ «Սրբազան պայքար»-ը սկսւեց Կիրանցից՝ մեր Սրբազան Հօր առաջնորդութեամբ, պայքարը սկսւեց նահատակւած ծնողների օրհնութեամբ ու օրհնութեամբ էլ պէտք է աւարտւի։ Այո՛, պէտք է աւարտւի յաղթանակով։ Եւ ինչպէս Սրբազան Հայրն է ասում, Եռագոյնը պէտք է յաղթի սեւին ու սպիտակին։
Պէ՛տք է յաղթենք յանուն նրա, որ ձեր զաւակներն ապրեն, պէ՛տք է յաղթենք, որ դուք չզգաք այն ցաւը, որ զգացել ու զգում ենք մենք։
Պատկերացնո՞ւմ էք՝ ինչ է զգացել ծնողն իր որդուն երկրորդ կամ երրորդ անգամ վերայուղարկաւորելիս։ Պատկերացնո՞ւմ էք՝ ինչ է զգում անհետ կորածի կինը, զաւակը, ինչ է զգում գերու ծնողը, կինը… պատկերացնո՞ւմ էք Արցախում շիրիմ թողած մարդու վիշտը… զգալ չէք կարող, բայց պատկերացնել կարող էք։ Եւ եթէ այս ցաւը՝ մեր ցաւը համարենք բոլորինս, համոզւած եմ՝ կը յաղթենք»: