Գառնիկ Դանիէլեան. «Պայքարը չի աւարտւել, պայքարը շարունակւելու եւ հասնելու է յաղթական աւարտին»
«ԱԼԻՔ» – «Սրբազան պայքար» շարժման սեպտեմբերի 22-ի կազմակերպած մեծ հաւաքի ընթացքում ելոյթ է ունեցել նաեւ ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը:
«Մենք այս պայքարը սկսել ենք Ոսկեպարից, Կիրանցից, Բաղանիսից՝ Սրբազան Հօր առաջնորդութեամբ։ Այս ամէն ինչը չէր լինի, եթէ չլինէին Սրբազան Հօր կամքը, ոգին, ներդրումը։
Երբ լսեցինք ազգակործանի խօսքերը, որ պէտք է զօրքերը նահանջեն, եւ այդ նոյն մարդը տարիներ շարունակ ասում էր, թէ ձեռքերս կը կտրեմ, բայց Տաւուշից մէկ միլիմետր չեմ տայ, նոյն անձը հայկական զօրքերին նահանջի հրաման տւեց, կառուցեց մի պատ, որը համարեց արժանապատւութեան պատ, ասաց, թէ ծառերը կը պաշտպանեն մեզ։ Այդ նոյն օրերին թշնամի պետութեան առաջնորդը մեր հայկական Շուշիում եւ Ստեփանակերտում իր հիւրերին ցոյց էր տալիս հայկական տաճարներն ու հայկական քաղաքները։ Մեզ այլընտրանք չէր մնացել, քան ոտքի կանգնել ու պայքարել։
Մեզ վրայ նռնակներ են նետել, մահակներ են կիրառել, բայց դուք աննահանջ կռւել էք մինչեւ վերջ։ Ուզում եմ ասել, որ պայքարը չի աւարտւել։ Պայքարը շարունակելու ենք ու հասցնելու ենք յաղթական աւարտին, քանի որ դուք ոչ մի բանից ու ոչնչից չէք վախենում։ Ո՛չ թշնամին, ո՛չ այս իշխանութիւնները չեն կարող մեզ ետ պահել մեր իղձերից ու նպատակներից։ Ինչպէս ասում է Սրբազան Հայրը, մեր իղձերն ու նպատակներն աւելին են, քան մեր ապրած տարիները։ Մեր ապրած ժամերը, օրերն ու տարիները Սրբազան Հօր առաջնորդութեամբ նւիրելու ենք մեր հայրենիքին։
Արցախցի մեր քոյրե՛ր ու եղբայրնե՛ր, ուզում ենք մեր խոնարհումը յայտնել ձեզ՝ այս ամիսների ընթացքում ձեր ցուցաբերած բացառիկ կամքի, արժանապատւութեան ու նւիրումի համար։ Ուզում եմ նաեւ ասել, որ դուք այստեղ հիւր չէք, որ Հայաստանը մեր բոլորիս Հայրենիքն է, եւ այս ապազգային իշխանութիւններին վռնդելուց յետոյ մենք վերադառնալո՛ւ ենք մեր Արցախ, վերադառնալո՛ւ ենք մեր տները»: