Այլ

Չինացի գիտնականները յայտնել են, որ բուժել են 2-րդ տեսակի դիաբետ ունեցող պացիենտին բջջային թերապիայի օգնութեամբ

Չինացի գիտնականները հաւաստիացնում են, որ բուժել են 2-րդ տեսակի դիաբետ ունեցող պացիենտին։ 59-ամեայ պացիենտը ստացել է նորարարական բջջային թերապա 2021 թ. եւ 2022 թւականից ոչ մի դեղ չի ընդունում։

Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Cell Discovery ամսագրում։ 2-րդ տեսակի դիաբետը պացիենտի մօտ ախտորոշւել էր աւելի քան 25 տարի առաջ, եւ նա լուրջ բարդութիւնների էր բախւել։

Չնայած 2017 թ. երիկամի փոխպատւաստմանը՝ նա կորցրել էր ենթաստամոքսային գեղձի կղզեակների մեծ մասը, որոնք վճռական դեր են խաղում արեան մէջ գլիւկոզայի մակարդակի կարգաւորման հարցում։ Արդիւնքում՝ նրան ամէն օր բազմաթիւ անգամներ ինսուլին էին ներարկում։

Շանհայի (Չինաստան) հետազօտողներն օգտագործել են տղամարդու արեան սեփական բջիջները՝ ցողունային բջիջներ ստեղծելու համար, որոնք յետոյ վերափոխւել են ինսուլին արտադրող եւ արեան մէջ շաքարի մակարդակը պահող բջիջների։ Դրանք փոխպատւաստւել են 2021 թ. յուլիսին, եւ արդէն 11 շաբաթ յետոյ նա այլեւս ինսուլինի ներարկումների կարիք չունէր։

Տղամարդը աստիճանաբար կրճատել է դեղերի ընդունումը արեան մէջ շաքարի մակարդակի վերահսկման համար եւ լիովին հրաժարւել է դրանցից 12 ամիս յետոյ։

«Մեր տեխնոլոգիան աւելի հասուն է եւ ընդլայնել է ռեգեներատիւ բժշկութեան սահմանները դիաբետի բուժման համար»,- նշել են գիտնականները; Այժմ թիմը յուսով է թերապիան թեստաւորել աւելի մեծ թւով պացիենտների վրայ, որպէսզի մի հիանալի օր փոխւի միլիոնաւոր տառապեալների կեանքը։

NEWS.am Medicine

Related Articles

Back to top button