Աւետիք Իշխանեան. «Ազգային արժանապատւութեան հարցեր»
Երկարատեւ մտորումներից յետոյ, այնուամենայնիւ որոշեցի անդրադառնալ այս հարցին։
Խօսքը վերաբերում է ազգային արժանապատւութեանը։
Առիթ հանդիսացան երկու հանգամանքներ։ Առաջինը, Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկու նախատեսւող այցը Հայաստան, երկրորդը՝ վարչապետ կոչեցեալի շնորհաւորանքը Թուրքիայի նախագահի տարեդարձին։ Փաստօրէն, վարչապետ կոչեցեալը շնորհաւորում է այն մարդուն, որը եղել եւ մնում է մեր թշնամու թիւ մէկ դաշնակիցը եւ որի անմիջական աջակցութեամբ կործանւեց Արցախը։ Շնորհաւորում է մի մարդու, որը ոչ միայն ժխտում է Հայոց Ցեղասպանութիւնը, այլեւ Բաքւում, մեր դէմ տարած յաղթանակի առթիւ իր ելոյթում գովերգեց, ցեղասպանութեան հեղինակներից Էնւէր փաշային։ Եւ ի՞նչ էք կարծում, արդեօք, քծնանքը թշնամու հանդէպ՝ դիւանագիտութի՞ւն է, թէ՞ ողորմելիութեան հերթական դրսեւորում։ Ազգային արժանապատւութեան ոտնահարման օրինակ է նաեւ վարչապետ կոչեցեալի ծնկաչոք բանակցութիւնները Ադրբեջանի նախագահի հետ, այն դէպքում, երբ Բաքւի զնդաններում տառապում են մեր պատանդ-գերիները։ Փաստօրէն, մենք ունենք մի իշխանութիւն, որն իր օրինակով, ոտնահարում է մեր ազգային արժանապատւութիւնը եւ ցաւօք, նրան են հետեւում բազմաթիւ հայաստանեան գործիչներ։
Այդ գործիչներն, իբր «ողբում» էին ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսէյ Նաւալնու մահը։ Այդ «ողբն» արտայայտւեց, ինչպէս ելոյթներով, գրառումներով, այնպէս էլ Ռուսաստանի դեսպանատան առաջ, սգոյ եւ բողոքի հանրահաւաքներով։ Ի դէպ, այդ նոյն գործիչները ցաւ չզգացին, ինչպէս մեր պարտութեան, հազարաւոր զոհերի, այնպէս էլ, Արցախի ցեղասպանութիւնից յետոյ։
Ա. Նաւալնին, իր քաղաքական գործունէութիւնը սկսել է 2000 թւականից, անդամագրւելով ազատական գաղափարախօսութիւն կրող «Եաբլոկօ» կուսակցութեանը։ Այնուհետեւ, 2007 թ., Ա. Նաւալնին կտրուկ փոխեց իր գաղափարական հիմքն, անդամագրւելով ազգայնական «Նարոդ» (Ժողովուրդ) շարժմանը։
Այդ տարիներին Ա. Նաւալնին յայտնի դարձաւ, որպէս թունդ ռուս ազգայնական գործիչ, որը անզիջում պայքար էր մղում, Ռուսաստանում բնակւող ազգային փոքրամասնութիւնների դէմ։
2008 թւականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ, Ա. Նաւալնին ողջունեց Ռուսաստանի ռազմական գործողութիւնները, Աբխազիայի եւ Հարաւային Օսեթիայի անջատումը Վրաստանից, կոչ անելով Ռուսաստանից արտաքսել բոլոր վրացիներին, նրանց անւանելով «գռիզուններ» (կրծողներ)։
Այդ տարիներին էր, որ Ա. Նաւալնին հայերին, արհամարհական տոնով, անւանում էր՝ «խաչիկներ», ինչպէս նաեւ կոչ անում Ռուսաստանից արտաքսել Կենտրոնական Ասիայի հանրապետութիւնների բնակիչներին եւ կովկասցիներին։
Հետագայում, Ա. Նաւալնին եւս մէկ անգամ փոխեց իր քաղաքական կողմնորոշումը, դառնալով կոռուպցիայի դէմ մարտնչող գործիչ։ Հարց է առաջանում, արդեօք, Ա. Նաւալնին, իսկապէ՞ս եղել է անկեղծ եւ հաւատացել է, սկզբում ժողովրդավարութեանը, ապա դառել թունդ ազգայնական, հետագայում՝ կոռուպցիայի դէմ պայքարող առաջամարտիկ։ Չեմ հաւատում։ Ա. Նաւալնին, ոչ թէ համոզմունքով, այլ զուտ անձնական շահերից ելնելով՝ պարզ քաղաքական հաշւարկներով է գործել։ Եւ քանի որ, մնալով ազգայնական գործիչ, արեւմուտքը կը դժւարանար նրան ֆինանսաւորել եւ աջակցել, Ա. Նաւալնին ժամանակին կողմնորոշւեց, դառնալով նոյն արեւմուտքի սիրելի գործիչը։ Եւ արդէն, 2014 թւականին, Ա. Նաւալնին սուր քննադատեց Ռուսատանի եւ Ղրիմի միացումը։ Հարց Վ. Նաւալնու հայ երկրպագուներին. ի՞նչ տարբերութիւն ռուս-վրացական եւ ռուս-ուկրաինական պատերազմների միջեւ։
Եւ իր հակահայկական յայտարարութիւններով յայտնի գործիչը, 2020 թւականին, հրաւիրւում է Հայաստանի հանրային հեռուստատեսութեանը հարցազրոյցի։ Եւ ահա, այս տարի փետրւարին, Ա. Նաւալնու մահը, ինչպէս նշեցի, հայ «առաջադէմ» հասարակութեան համար դարձաւ հերթական հակառուսական դիրքորոշման ցուցադրութիւն։
Յաջորդը փորձենք քննարկել հայ «առաջադէմ» գործիչների թունդ ուկրաինամոլութեանը։
Ուղղակի յիշեցնեմ, որ հայ-ադրբեջանական ողջ հակամարտութեան ընթացքում, Ուկրաինան պաշտօնապէս, սկսած առաջին նախագահ Լ. Կրաւչուկից, վերջացրած Վ. Զելենսկիով, եղել է Ադրբեջանի անթաքոյց դաշնակիցը։ Դեռեւս 90-ականներից, Արցախեան առաջին պատերազմի ժամանակ, Ադրբեջանի կողմից մեր դիրքերին էին կրակում ուկրաինացի դիպուկահարները։
2020 թւականին Ուկրաինան ոչ միայն ֆոսֆորային ռումբեր էր մատակարարում Ադրբեջանին, այլեւ վերջնիս յաղթանակը, բացի Թուրքիայից, պաշտօնապէս ողջունեց նաեւ Ուկրաինան։
Եւ այդ ամէնն իմանալով, մեր «առաջադէմ» գործիչները խմբերով, ինչպէս 2022, այնպէս էլ 2023 թւականին, Հայաստանում Ուկրաինայի դեսպանատանն իրենց աջակցութիւնն էին յայտնում Ուկրաինային։ Նոյն գործիչները, կամ նրանց համախոհները հանրահաւաքներում, ԱՄՆ-ի, Եւրոմիութեան դրօշների հետ ծածանում են նաեւ Ուկրաինայի դրօշը։ Վարչապետուհին բարեկամական այցի է գնում, մարդասիրական օգնութիւն տանելով Ուկրաինա։
Կարծում եմ, այս երկու օրինակները ցոյց են տալիս, որ վերոնշեալ գործիչները բացարձակապէս զուրկ են ազգային արժանապատւութիւնից։ Այլ բացատրութիւն չկայ։ Կարող ես դէմ լինել Ռուսաստանի կողմից տարւող քաղաքականութեանը, սուր քննադատել նախագահ Վ. Պուտինին, բայց աջակցել քո թշնամու դաշնակցին եւ ողբալ, հակահայկական դիրքորոշում ունեցող գործչի մահը, առնւազն անհասկանալի է։ Թերեւս, այդ մարդկանց որոշ մասը անտեղեակ է վերը բերւած փաստերից եւ ընդամէնը մասնակցում է հակառուսական քարոզչութեանը։ Բայց եւ համոզւած եմ, որ նրանց հիմնական հատւածը հիանալի գիտի, ինչպէս Ուկրաինայի, այնպէս էլ Ա. Նաւալնու հակահայկական դիրքորոշումների մասին։ Ուստի, գալիս ենք եզրակացութեան, որ այդ գործիչներն, ինչպէս Հայաստանի իշխանութիւնը, բացարձակապէս զուրկ են ազգային արժանապատւութեան զգացումից եւ կատարում են իրենց տէրերի առաջադրանքը՝ յանուն փողի։ Անկեղծ ասած, դժւարանում եմ ասել, թէ աշխարհում գոյութիւն ունի՞ մէկ այլ երկիր, որի իշխանութիւնն ու հասարակութեան որոշակի մասը զուրկ լինեն ազգային արժանապատւութիւնից եւ յանուն փողի պատրաստ լինեն ամէն ինչի։ Դժւար թէ։ Եւ չէ՞ք կարծում, որ հէնց այս է մեր դժբախտութիւնների, եթէ ոչ միակ, ապա հիմնական պատճառը։
Yerkir.am