ՄիջազգայինՍփիւռքՔաղաքական

Շահան Գանդահարեան. «Տեղի է ունեցել ռազմական բախումների բնոյթի փոփոխութիւնը»

Լիբանանի եւ Իսրայէլի միջեւ տեղի է ունեցել ռազմական բախումների բնոյթի փոփոխութիւն, այսինքն՝ նկատւում է հակամարտութեան անցում նոր փուլի, որի պայմաններում թէեւ բաց պատերազմ չի ընթանում, բայցեւայնպէս, առկայ է մարտական գործողութիւնների ծաւալների որոշակի ընդլայնում։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրոյցում նման կարծիք է յայտնել Բէյրութում լոյս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը՝ անդրադառնալով Իսրայէլի կողմից Լիբանանի հարաւային շրջանների հրթիռակոծութիւններից յետոյ առաջացած իրավիճակին։

«Այն տարածքները, որտեղ «Հեզբօլլահ»-ն ունի ռազմական կենտրոններ, շարունակ թիրախաւորւում են իսրայէլական բանակի կողմից։ Այս անգամ հրթիռակոծման ենթարկւեցին նաեւ Բէյրութի հարաւային արւարձանները։ Այսինքն՝ պոտենցիալ թիրախներ են բոլոր այն շրջանները, որտեղ ապրում են շիա համայնքները։ Այս պահին յատկապէս Լիբանանի հարաւային շրջաններից նկատւում են գաղթականների ալիքի նախադրեալներ։ Իսրայէլը խնդիր էր դրել իր հիւսիսային շրջանների անվտանգութիւնը վերականգնել, ինչը նշանակում է՝ այնտեղից տարհանւած բնակչութիւնը վերադարձնել: Դա պայմանաւորւած է նաեւ այդտեղ անվտանգային գօտի ձեւաւորելու նպատակադրութեամբ։ Դա, նրանց մեկանբանութեամբ, նշանակում է «Հեզբօլլահ»-ի դիրքերի նահանջ»,- ասել է Գանտահարեանը։

Նա յաւելել է, որ Լիբանանի հայկական համայնքի հատւածները գտնւում են ռազմական գործողութիւնների տարածքներից հեռու եւ չեն թիրախաւորւում, թէեւ հայ բիզնեսմեններն ունեն գործարար կապեր Լիբանանի գրեթէ բոլոր շրջանների հետ եւ գործի բերումով այցելում են տարբեր հատւածներ։

Գանտահարեանը հաւաստիացրել է, որ հայկական համայնքում խուճապ չկայ, պարզապէս ինչպէս բոլորի, այնպէս էլ լիբանանահայութեան մօտ, կան մտահոգութիւններ, որ ռազմական գործողութիւնները կարող են տարածւել եւ ընդգրկել աւելի մեծ ծաւալներ՝ աւելի խորացնելով առանց այդ էլ ֆինանսատնտեսական եւ սոցիալական խնդիրների հետ կապւած տագնապը։ Հայկական համայնքը լիբանանեան հասարակութեան բաղկացուցիչ մասն է, հետեւաբար, անհաղորդ չէ տեղի ունեցող իրադարձութիւններին։

Գանտահարեանի դիտարկմամբ՝ երկրորդ ճակատի բացման հեռանկարը կախւած է Իսրայէլի գործելակերպից։ Թել Աւիւը նախօրէին յայտարարել էր, որ իրեն յաջողւել է զգալի թւով ստորգետնեայ անցուղիներ ոչնչացնել եւ հսկողութիւն հաստատել Գազայի հատւածը Եգիպտոսի հետ կապող անցակէտի յարակից տարածքի վրայ։ «Բայց միւս կղմից էլ, երբ հնչում են նման յայտարարութիւններ, դա ենթադրում է, որ ռազմական գործողութիւնները որոշակիօրէն մօտեցել են աւարտին, ինչի դէպքում Գազայի հրադադարը դառնում է աւելի տեսանելի։ Հիմա Գազայի իրավիճակն ու Լիբանանի հետ սահմանային իրադրութիւնը տարանջատւում են։ Չի բացառւում, որ Գազայում ձեռք բերւի հրադադարի պայմանաւորւածութիւն, սակայն իրավիճակը սրւի Լիբաբանի հետ սահմանին, քանի որ հրադադարը չի բխում Նեթանեահուի շահերից։ Նա ցանկանում է ռազմական գործողութիւններով շեղել հրեայ հասարակութեան ուշադրութիւնը, որտեղ գնալով մեծանում են լուրջ դժգոհութիւնները նրա կառավարութիւնից։ Հնարաւոր երկրորդ ճակատն, ի տարբերութիւն Գազայի, թիրախային առումով աւելի սահմանափակ է եւ չի վերաճի ծաւալային համապարփակ պատերազմի»,- եզրափակել է Գանդահարեանը:

Related Articles

Back to top button