Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեան. ««Որովհետեւ իշխանութիւն չեն դրանք, «ցռան վերգօներ են»»
Սեպտեմբերի 26-ին, ժամը 08:00-ի դրութեամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանւած 13.550 անձ:
Արցախահայութեան գաղթը տարերային է. մարդիկ չեն սպասում պետական միջոցներով տարհանւելուն, քանի որ չկայ որեւէ երաշխիք, թէ ադրբեջանական կողմը հերթական ագրեսիային չի դիմի:
Հայկական Արցախի էջը պէտք է փակւա՞ծ համարել՝ «168.am»-ի այս հարցադրումին ի պատասխան՝ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը եղաւ հակիրճ. «Հարիւր տարւայ համար փակ է, բայց հազար տարւայ համար՝ ոչ»:
Յստակեցմանը՝ այսինքն այս պահին անդառնալիութեան կէտն անցե՞լ ենք, ինչ-ինչ երաշխիքների գնով հնարաւոր չէ՞ պահել հայկական Արցախը, նա արձագանգեց.
«Ի՞նչ երաշխիքներ: Այո, տեսականօրէն հնարաւոր է, բայց դա պէտք է լինի կա՛մ հայկական իշխանութիւն, կա՛մ օտար իշխանութիւն՝ ո՛չ ադրբեջանական:
Այդ երաշխիքները միջազգային կարող ենք ստանալ, այո՛, կարող են մնալ, բայց միջազգային երաշխիքներ չկան, ռուսական երաշխիքները տեսաք՝ ինչ եղան հայկական կառավարութեան ապիկարութեան, անտաղանդութեան ու յիմարութեան պատճառով: Այնպէս որ, էլ ի՞նչ երաշխիք: Միակ «երաշխիքը» մնում է ադրբեջանցիների «ողորմածութիւնը», եթէ իրենք թոյլ կը տան որեւէ մէկին մնալ այդտեղ ապրելու եւ մնալու հայ»:
Հոգեւորականը ճիշտ չի համարում պայքարի տրամաբանութիւնը՝ թէ պայքարենք, որ Հայաստանն էլ չունենայ Արցախի ճակատագիրը՝ նկատելով, որ Արցախն արդէն իսկ Հայաստան է:
«Հայաստանն արդէն այդ ճակատագիրն ունեցել է, Արցախը Հայաստանի անբաժան ու ամենաթանկագին մասն էր, այնպէս որ՝ Հայաստանի հետ արդէն իսկ պատահել է: Արցախը օտար մարմի՞ն էր. Արցախը Հայաստանն էր, հէչ պէտք չէր գոռալ՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», բայց Արցախը Հայաստան էր: Հիմա այն, ինչ պատահել է, այդ Ցեղասպանութիւնը, պատահել է Հայաստանի՛ հետ»,- նշեց նա:
«Արցախը տանք՝ Հայաստանը փրկենք» իշխանական թէզերին, Արցախի դէմ սանձազերծւած պատերազմի օրերին Նիկոլ Փաշինեանի՝ ռազմական գործողութիւնների մէջ չներքաշւելու մասին հապճեպ յայտարարութիւններին անդրադառնալով էլ՝ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը շեշտեց. «Որովհետեւ իշխանութիւն չեն դրանք, «ցռան վերգօներ են». ցռան վերգօների համար, իհարկէ, պէտք չի ներքաշւել»:
Յիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինւած ուժերը պատերազմ էին սանձազերծել Արցախի Հանրապետութեան նկատմամբ:
Նիկոլ Փաշինեանն Անվտանգութեան խորհրդի նիստ էր հրաւիրել, որից յետոյ ուղիղ եթերով յայտարարել էր. «Բայց ինչպէս ասել եմ եւ հիմա էլ եմ ասում, այս գործողութեան հիմնական եւ առանցքային թիրախը եւ նպատակը Հայաստանի Հանրապետութեանը ռազմական գործողութիւնների մէջ ներքաշելն է։ Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետութիւնը ռազմական գործողութիւնների մէջ ներքաշւած չէ եւ ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետութիւնը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»:
«168.am»