Հայաստան - ԱրցախՔաղաքական

Կարէն Քոչարեան. «Փաշինեանը «պարոն 100% ստախօսն» է, էդ նոր իմացա՞ւ, որ թիմակիցները մարիխուանա ու աւելի ծանր թմրանիւթեր են օգտագործում»

Հայաստանում սարսափելի չափերի կոռուպցիա կայ

168TVի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր քաղտեխնոլոգ, քաղաքական վերլուծաբան Կարէն Քոչարեանին։

Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.

– Փաշինեանի ՔՊ-ում կլանային պայքար է, «չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ» վիճակն է։ Մի քանի տարի առաջ սրճարաններում պարտքով գարեջուր խմողների մի մասն առանձնատներ ունի դրսում եւ Հայաստանում, բիզնեսներ, իսկ միւս մասը ճկռում է վարկերի տակ։ Ու այդ ճկռողներն արդարացիօրէն բողոքում են՝ ինչո՞ւ նրանք այդ ամէնն ունեն, իսկ իրենք չունեն։

– Հայաստանում չկայ դատական, գործադիր ու օրէնսդիր իշխանութիւն։ Կայ որոշումներ կայացնող, հրահանգներ տւող մի հոգի։ Ինչո՞ւ այդ մի հոգին որոշեց, որ այսպէս լինի։ Սկսւեց աբդէյթ՝ մորուք սափրել, կառավարութեան ելոյթ ու կադրային ջարդ։ Ինքն իր ներքին էլեկտորատին՝ ընտրողներին, խօսք էր տւել հարուստներից փող վերցնել ու տալ աղքատներին, դառնալ Ռոբին Հուդ… Փաշինեանը ժամանակին՝ 2018 թւականին, նման կեղծ խոստումներ տւեց ժողովրդին, քւէներ ստացաւ, մարդիկ հաւատացին, թէ շուտով բոլոր հարուստներից փողերը վերցնելու է եւ իրենց է բաժանելու… Այս ընթացքում նա իր այդ խոստումը չի արել ու չէր էլ կարող անել, քանի որ դա պարզապէս հնարաւոր չէր, բայց դա նրանից հիմա իրեն ընտրողները պահանջում են։ Երկրորդը խաղաղութիւնն է, որը խօսք է տւել թէ՛ դրսին, թէ՛ ներսին, բայց էլի ոչինչ չի արել։ Ու հիմա ինքը «պատասխանատու է, բայց մեղաւոր չէ» սկզբունքով փորձում է պահել իր էլեկտորատի մնացած մասը։

– ԱԺ-ում իշխող ՔՊ ֆրակցիան երբեք չի կարող լինել Փաշինեանի յենարանը, որովհետեւ ցանկացած պահի այն կարող է փլւել այնպէս, ինչպէս ցանկացած իշխանութեան օրօք։ Ոստիկանութիւնը յենարան է, բայց եթէ չունեցաւ գոնէ մի փոքր էլեկտորատ՝ ընտրազանգւած, ոստիկանութիւնն էլ ոչինչ չի կարողանալու անել։ Սա է ներկայիս կադրային փոփոխութիւնների իմաստը։ Փորձում է գոնէ ինչ-որ ձեւով պահել եղած ընտրազանգւածը:

– ՔՊ-ում կան կադրային լուրջ խնդիրներ։ Գոնէ պատերազմից անմիջապէս յետոյ բոլոր պրոֆեսիոնալ մարդիկ հրաժարւեցին աշխատել Փաշինեանի հետ։ SMS-ով իրաւապահ բլոկի ղեկավարներին աշխատանքից ազատելը մտածւած էր, արւած էր էպատաժի համար։

– Աննա Յակոբեանին PR-ելու 2 պատճառ կայ։ Նախ՝ Աննա Յակոբեանն ամենախոցելին է Փաշինեանի շրջապատում, փորձում են ինչ-որ ձեւով շտկել իմիջը։ Բացի դրանից, Փաշինեանն այլեւս չի վստահում ոչ ոքի։ Պատահական չէ, որ ՊԵԿ արդէն նախկին նախագահ Ռուստամ Բադասեանին նոյնպէս ազատեց պաշտօնից։ Հիմա այդ պաշտօնում կը նշանակեն կամ իրեն, կամ Աննա Յակոբեանին շատ մտերիմ ու վստահելի մարդու, որովհետեւ ՊԵԿ-ն ամէն դէպքում Փաշինեանի քսակն է։ Ուշագրաւ է, որ «Իմ քայլը» հիմնադրամում նոյնպէս էական փոփոխութիւններ եղան։ Իսկ հիմնադրամը բաւականին լուրջ ֆինանսական հոսքեր է գեներացնում։ Աննա Յակոբեանի կերպարը ժողովրդի ընկալումներում բացասական է։ Դրա համար հիմա նրան PR-ում են։

– Կաշառակերութիւն, որպէս այդպիսին, չկայ, դրւագային դէպքեր կան, բայց կայ սարսափելի չափերի հասնող կոռուպցիա։ Օրինակ՝ շինթոյլտւութիւնների, տենդերների, պետական գնումների ոլորտում։ Հիմա արդէն շինթոյլտւութեան համար փող կամ բնակարան չեն վերցնում, այլ շէնքի հարկ են վերցնում։

– Շրջանառութեան հարկը վերացնելուց յետոյ շատ լուրջ հարւած է հասցւելու փոքր եւ միջին բիզնեսին, որը ժամանակին Նիկոլ Փաշինեանի հիմնական յենարաններից մէկն էր։

– Յովիկ Աղազարեանի հետ կապւած՝ երկու լուծումն էլ ցաւոտ է լինելու։ Եթէ չպատժեն, ուրեմն ինչ-որ մէկին կարելի էր, միւսներին՝ ոչ, իսկ եթէ պատժեն, դա էլ այլ խնդիր է։ Իշխող կուսակցութեան պատգամաւորը դատական ատեաններով հարցը քննելու եւ լուծելու փոխարէն՝ հարցազրոյցում ասում է՝ ես հօ օլուխ չե՞մ, որ դիմեմ դատարան։ Փաստօրէն, ՔՊ-ում դատարանով հարց լուծելն օլուխութի՞ւն է: Ես չեմ զարմանում, որովհետեւ եթէ գործադիրի ղեկավարը՝ Փաշինեանը, մի շաբաթ առաջ կառավարութեան նիստում ասում է՝ ուզում էք նորի՞ց շրջափակենք դատարանները, ԲԴԽ նախագահը հրաժարականի տեքստում շնորհակալութիւն է յայտնում գործադիրի ղեկավարին, Աղազարեան Յովիկի ասածը նորմալ է դառնում։

– Ինչ վերաբերում է որոշների այն յայտարարութիւններին, որ մինչեւ ՀՀ երկրորդ եւ ՀՀ երրորդ նախագահները քաղաքականութիւնից չգնան, նոր ուժ ի յայտ չի գայ, դա յիմարութիւն է։ Եթէ դու ուժ ես, ծրագիր ունես, ի՞նչ կապ ունի՝ ով կայ դաշտում։ Պայքարի՛ր իշխանութեան համար, ոչ թէ ընդդիմութեան դէմ։

– Բոլորն անխտիր պատրաստւում են ընտրութիւնների՝ իշխանութիւնը, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմութիւնը, նոր կուսակցութիւնները, անհատները, ու այդ պայքարում բոլորը փորձում են հանել կոնկուրենտներին կամ գոնէ մաքսիմալ թուլացնել։ Բոլորս հասկանում ենք, որ ընտրութիւնները ռեսուրսների պայքար են։ Այդ առումով Հայաստանի թէ՛ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը, թէ՛ 3-րդ նախագահ Սերժ Սարգսեանն ունեն լուրջ ռեսուրսներ, ու ես հասկանում եմ՝ ինչու են որոշ շրջանակներ հէնց իրենց թիրախաւորել։ Իշխանութեան ներսում էլ են պատրաստւում ընտրութիւնների, դրա համար են իրար ուտում։

– Յատուկ ծառայութիւնները վաղուց Փաշինեանի սեղանին դրել են, թէ իշխանութեան ներկայացուցիչներից ով ինչ թմրանիւթ է օգտագործում։ Ընդորում, միայն մարիխուանա չի, աւելի ծանր թմրանիւթեր են օգտագործում։ Հիմա մամուլը գրում է, որ Փաշինեանը թիմակիցներին ուղարկում է թմրաթեստ յանձնելու։ Ինչ է, նոր իմացա՞ւ դրա մասին։ Բա ինչո՞ւ է նոր ուղարկում անալիզներ, թեստեր յանձնելու։

– Ցանկացած քաղաքական ուժ, առաւել եւս, եթէ իշխանութեան մօտ ընդդիմութիւն աշխատող ուժ է, ուզում է լինել Խորհրդարանում։

– Նիկոլ Փաշինեանն իրականում շատ թոյլ ղեկավար է։ Մի տղամարդ, որ 5 հոգանոց ընտանիքը չի կարողանում կառավարել, դժւար է կառավարել մի ողջ երկիր։ Նրա թուլութիւնը գալիս է նաեւ ղժղժալուց, ամէն ինչ սրա-նրա վրայ գցելուց։ Ոչ մի ուժեղ ղեկավար հանրայնօրէն իր աշխատողներին չի գցում։ Թոյլ ղեկավարն է խաղաղութիւն մուրում, թոյլ ղեկավարն է ասում՝ պատասխանատու եմ, բայց մեղաւոր չեմ։

– Ինչպէս երբեմնի ընդդիմութիւն եւ այսօրւայ իշխանութիւնը այդպէս էլ չդարձաւ պետական մտածելակերպ ունեցող իշխանութիւն, նոյն կերպ հիմա իշխանութիւնը չկարողացաւ հասկանալ՝ ի՞նչ բան է ընդդիմութիւնը, ո՞րն է նրա ֆունկցիան։ Ընդդիմութիւնն էլ դերերի ճիշտ բաշխում չարեց։ Չգտաւ այն ճղճղացողին, որ յետոյ պաշտօն չէր զբաղեցնելու, բայց մեծ օգուտ էր տալու։ Ռուսաստանում ճղճղացողը Ժիրինովսկին էր, դրա համար նա բարձր պաշտօն չունեցաւ, բացի մանդատից։ Նա քաղաքական գործիչ էր, բայց պետական գործիչ չէր։ Նիկոլ Փաշինեանն այդպէս էլ չդարձաւ պետական գործիչ։

– Ինչպէս Գալուստ Գիւլբենկեանին էին ասում՝ պարոն 5%, նոյնպէս Փաշինեանին կարելի է ասել՝ պարոն 100% ստախօս։ Երբ ներսում է խաբում, դա իր ու իրեն ընտրողների պրոբլեմն է, բայց երբ սկսում է խաբել աշխարհաքաղաքական խաղացողներին, դա դառնում է բոլորիս պրոբլեմը, երկրի պրոբլեմը։ Ինքը դրսում էլ է խաբում՝ աշխարհաքաղաքական կենտրոններին։ Հիմա եթէ նայէք, արտասահմանեան գործընկերների հետ հանդիպումներում որեւէ օրակարգ չկայ։ Կանչում են, գնում է, կամ իրենք են գալիս՝ պարզապէս Փաշինեանին կոնտրոլի տակ պահելու համար, որ չխաբի ու թռնի էլի։

– Արգիշտի Քեարամեանը, քանի որ Հայաստանի ամենապաշտօնաշատ պաշտօնեաներից է, նա հիմա 2-րդ շրջանով կը գնայ նոյն պաշտօնին՝ ՊՎԾ պետի։

– Հէնց Փաշինեանի ձեռքում «խ» տառով որեւէ փաստաթուղթ լինի, կը գնայ արտահերթ ընտրութիւնների: Չնայած չի լինելու, ու ադրբեջանցիները խաղաղութեան պայմանագիր չեն ստորագրելու, ու Փաշինեանն ինքն էլ է յայտարարել՝ եթէ անգամ այդ խաղաղութեան պայմանագիրը կնքւի, դա որեւէ երաշխիք չի տալու, որ պատերազմ չի լինի եւ կը լինի խաղաղութիւն:

– Ցաւօք սրտի, Հայաստանն արդէն կորցրել է իր սուբիեկտայնութիւնը, եւ առանց արտաքին ուժերի լոյալութեան անհնար է, որ այստեղ որեւէ մէկը գայ իշխանութեան կամ գնայ իշխանութիւնից։

– Ես Հայկ Մարութեանին ամենեւին չէի նոյնականացնի իշխանութեան հետ, թէեւ նա ժամանակին, 2018 թւականին Փաշինեանի հետ կանգնած է եղել Հանրապետութեան հրապարակում։ Հայկ Մարութեանի ու իշխանութեան հակասութիւնը սկսւեց այն բանից յետոյ, երբ նա պատերազմից յետոյ որեւէ կերպ չպաշտպանեց Փաշինեանին։

– Ես անուն չեմ տա՝ ով հիմա ունի բարձր վարկանիշ, որ բոլոր կողմերից չհոշոտեն այդ մարդկանց։ Չեմ ուզում մարդկանց անիմաստ գցել գազանի բերան։ Բայց քանի որ դուք անուններ տւեցիք, սկսեմ Արման Թաթոյեանից։ Այո, Արման Թաթոյեանի ֆէյս վարկանիշը, դրական ճանաչելիութիւնը բաւականին բարձր է, հակաւարկանիշը՝ անտիռէյտինգը, բաւականին ցածր է։ Այսինքն՝ այդ մարդուն լաւ են վերաբերւում։ Բայց այդ մարդուն ոչ ոք դեռեւս չի տեսել քաղաքական գործունէութեան մէջ։ Նրան գիտեն՝ որպէս պրոֆեսիոնալ, իր գործի լաւ մասնագէտ: Բարձր է նաեւ քաղբանտարկեալ, ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանի վարկանիշը։

– Նա, կամ այն ուժերը, որը կը ներկայացնի ծրագիր, ցոյց կը տայ՝ ինչ է անելու, ինչպէս ու ումով է անելու, նա էլ կը յաջողի ընտրութիւններում։ Մարդիկ պիտի հասկանան՝ էլի՞ փաբերից, փողոցից, սրճարաններից են գալու իրենց ղեկավարեն, թէ՞ իսկապէս պրոֆեսիոնալներ են լինելու։

– Արմէն Աշոտեանը վերջին 30 տարւայ պատմութեան մէջ լաւագոյն պետական ու քաղաքական գործիչներից է եղել ու լինելու է այդպիսին։ Նրա կալանքը նոյնպէս իր վարկանիշը բարձրացրեց։

Related Articles

Back to top button