Յակոբ Բադալեան. «Կամ Փաշինեանը թիմին ակնարկում է՝ անձնապէս ինքը ստացել է «անվտանգութեան երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական թաւշեայ յեղափոխութիւն»»
«ԱԼԻՔ» – «44-օրեայ պատերազմից յետոյ չորս տարի ամէն օր քնել ու արթնացել եմ ինքս ինձ ուղղւած հարցերով, հարցեր կան, որ տւել եմ հազարաւոր անգամ: Սափրւելու պահին ես ինքս ինձ այլեւս հարցեր չունեմ, ինքս իմ բոլոր հարցերի պատասխանները ես ինձ տւել եմ»,- նախօրէին Հանրային հեռուստաընկերութեան եթերում յայտարարել է Նիկոլ Փաշինեանը իր գրեթէ մէկուկէս ժամ տեւած հարցազրոյցի վերջում:
Քաղաքական վերլուծաբան Յակոբ Բադալեանը մէջբերում է Փաշինեանի այս յայտարարութիւնն ու ֆէյսբուքեան իր էջում գրել է. «Ինչպէս ասում են՝ «վերնագիրը վերջում»: Մէկուկէս ժամ խօսակցութիւն, որպէսզի վերջում միայն ասւի այդ ամբողջ հարցազրոյցի գլխաւոր մոտիւը՝ «ինքս ինձ հարցեր այլեւս չունեմ»:
Ըստ էութեան, իսկ ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինեանը դրանից առաջ՝ մէկուկէս ժամ: Նա հարցեր էր տալիս իր այսպէս ասած թիմակիցներին, իր քաղաքական կամ կուսակցական թիմին: Այո, նա մէկուկէս ժամ խօսում էր այն մասին, որ հարցեր ունի իր թիմին, եւ դա ասում էր զանազան ձեւակերպումներով:
Հարցազրոյցի բուն ազդակը, ըստ իս, որը նոր է, այսինքն արդէն արտայայտած մտքերի կրկնութիւն չէ, հետեւեալն էր՝ «ինքս ինձ հարցեր այլեւս չունեմ, հիմա հարցեր ունեմ թիմին»:
Թիմն իհարկէ, ինչպէս միշտ՝ կտարածի հարցազրոյցի յղումներն ինքնամոռաց: Բայց, ի՞նչ է ասում Փաշինեանը՝ չորս տարի ես չեմ քնել գիշերները, հիմա «ձեր չքնելու» ժամանակն է, սպասէք SMS-ներին:
Սա նշանակում է երկու բան: Կամ Փաշինեանը թիմին ակնարկում է, որ անձնապէս ինքը ստացել է իրեն յուզող գլխաւոր հարցի պատասխանը՝ «անվտանգութեան երաշխիք», եւ յորդորում է, որ նրանցից իւրաքանչիւրն էլ ինքը պէտք է տեսնի իր «գլխի ճարը», կամ Փաշինեանը պարզապէս սկսում է արդէն «ներիշխանական» «թաւշեայ յեղափոխութիւն», եւ այս համատեքստում կուզէի ուշադրութիւն արժանացնել, որ այստեղ դարձեալ «մեկնակէտի» դիրքում է յայտնւում Գիւմրին:
Ամբողջ հարցն այն է, թէ նա ի՞նչ պատասխանատւութիւն է պատրաստւում թողնել այսպէս ասած թիմի վրայ:
Այնպէս որ, երբ Փաշինեանը խորհրդարանի ամբիոնից յայտարարում էր, թէ՝ երբ ես հեծանիւ եմ քշում, դուք ձեր համար քնած էք, դա միայն առերեւոյթ էր հասցէագրում խորհրդարանական ընդդիմութեանը, իսկ բուն իմաստով նրա այդ ակնարկը ուղղւած էր խորհրդարանական մեծամասնութեանը: Հիմա իսկապէս բարդ կը լինի քնելը, իհարկէ նրանց համար, ովքեր ի վիճակի են պատկերացնել քաղաքականութեան նրբերանգները»: