ԻրանՄիջազգայինՔաղաքական

Միջուկային բանակցութիւնների վերջին զարգացումները

Արաղչի. Կողմերը համաձայնութեան են եկել մի շարք ուղեցոյց սկզբունքների շուրջ

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին երեքշաբթի՝ փետրւարի 17-ին, ԱՄՆ-ի հետ միջուկային հարցով երկրորդ փուլի բանակցութիւններից եւ Զինաթափման միջազգային համաժողովում ունեցած ելոյթից յետոյ,  Շւէյցարիայի ԱԳ նախարար Իգնացիօ Կասիսի հետ քննարկել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ընթացող միջնորդաւորւած միջուկային բանակցութիւնների վերջին զարգացումները:

ԻՌՆԱ-ի համաձայն՝ հանդիպմանը Արաղչին շնորհակալութիւն է յայտնել Շւէյցարիայի կառավարութեանը՝ բանակցութիւնների անցկացմանը տրամադրած  համապատասխան պայմանների համար, ընդգծելով, որ կողմերը համաձայնութեան են եկել մի շարք ուղեցոյց սկզբունքների շուրջ, որոնց հիման վրայ կը շարունակւեն բանակցութիւնները՝ պատժամիջոցների վերացման եւ միջուկային հարցերի շրջանակում։

Նա իր պաշտօնակցին յայտնել է, որ կողմերը քննարկել են նաեւ պատժամիջոցների վերացման խնդիրը եւ նրա հետ տեսակէտներ փոխանակել բանակցային գործընթացի վերաբերեալ։

Արաղչին բանակցութիւնները բնութագրել է որպէս լուրջ եւ նպատակային, ընդգծելով, որ կողմերը ընդհանուր համաձայնութեան են եկել մի շարք ուղեցոյց սկզբունքների շուրջ, որոնց հիման վրայ առաջիկայ փուլերում կը մշակւեն պատժամիջոցների վերացման եւ միջուկային հարցերին վերաբերող մանրամասները։

Հանդիպման ընթացքում քննարկւել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումները, այդ թւում՝ օկուպացւած Պաղեստինի իրավիճակը։

Շւէյցարիայի ԱԳ նախարարը եւս գոհունակութիւն է յայտնել, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ոչ ուղղակի բանակցութիւնները տեղի են ունեցել Ժնեւում, եւ վերահաստատել է Շւէյցարիայի պատրաստակամութիւնը՝ աջակցելու ցանկացած դիւանագիտական գործընթացի, որը կարող է նպաստել փոխադարձաբար ընդունելի լուծմանն ու լարւածութեան թուլացմանը։

Նոյն կապակցութեամբ Արաղչին լրագրողներին յայտնել է, որ այս փուլում արձանագրւել է առաջընթաց նախորդ հանդիպման համեմատ, եւ ձեւաւորւել է աւելի կառուցողական մթնոլորտ։ Նրա խօսքով՝ կողմերը դեռ հեռու են վերջնական համաձայնութիւնից, սակայն ունեն աւելի յստակ պատկերացում հետագայ քայլերի վերաբերեալ։

 

Related Articles

Back to top button