Հայկ Մամիջանեան. «Նիկոլ Փաշինեանը վազում է Իլհամ Ալիեւի ինքնագրի յետեւից»
«ԱԼԻՔ» – «Հայաստանի ներկայիս իշխանութիւնները Բաքւի հետ բանակցային գործընթացում կարմիր գծեր չունեն, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինեանը վազում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ինքնագրի յետևից»։ Այս մասին երէկ՝ դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ աւանդական ճեպազրոյցների ժամանակ յայտարարել է ՀՀԿ անդամ, ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Հայկ Մամիջանեանը։
Ըստ պատգամաւորի՝ Փաշինեանն այս պահին վախենում է բարձրաձայնել իր «կարմիր գիծը»։
«Հակառակ դէպքում, նա հետագայում ստիպւած կը լինի հերթական սուտը յօրինել՝ որոշակի քարոզարշաւներ կազմակերպելու համար»,- պարզաբանել է Մամիջանեանը։
Նա նշել է, որ վերոնշեալ ինքնագիրը ստանալը ոչ մի կապ չունի Հայաստանի անվտանգութեան համակարգի, Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի եւ նրանց ինքնորոշման իրաւունքի հետ։
Այս ամէնը, ըստ ընդդիմադիր պատգամաւորի՝ կապւած է 2026 թւականի հետ։ Փաշինեանին պարզապէս պէտք է մի «թղթի կտոր», որի վրայ գրւած է «խաղաղութիւն»։
«Դա լրիւ կեղծ է լինելու եւ իրականութեան հետ կապ չի ունենալու։ Դա նրան պէտք է զուտ նախընտրական քարոզչութիւն կազմակերպելու համար»,- ասել է ՀՀԿ ներկայացուցիչը։
«Սակայն ես Ադրբեջանի կողմից բարի կամքի դրսեւորում չեմ տեսնում։ Գերիները չեն ազատւում, իսկ ադրբեջանական զօրքերը շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքում։ Բացի այդ, պետական մակարդակով շարունակւում է հակահայկական հռետորաբանութիւնը»,- ասել է Մամիջանեանը։