Պանամայի նախագահը մերժել է Թրամփի պահանջը՝ նւազեցնելու Պանամայի ջրանցքով անցնելու սակագները
«ԱԼԻՔ» – Պանամայի նախագահ Խոսէ Ռաուլ Մուլինոն յայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի բողոքից յետոյ չի պատրաստւում նւազեցնել Պանամայի ջրանցքով ամերիկեան նաւերի անցման վճարները։ «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է EFE գործակալութիւնը։
«Իմ պատասխանն է՝ ոչ: Գները սահմանւում են ոչ նախագահների կամ ջրանցքի վարչակազմի քմահաճոյքով։ Սա բաց, հրապարակային գործընթաց է», – ասել է Մուլինոն:
Պանամայի նախագահն ընդգծել է, որ 2025 թւականի յունւարին Թրամփի երդմնակալութիւնից յետոյ պատրաստ կը լինի նրա հետ քննարկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են անօրինական ներգաղթի դէմ համատեղ պայքարը։ Միաժամանակ Մուլինոն ընդգծել է, որ Վաշինգտոնին չի յաջողւի վերահսկողութիւն հաստատել Պանամայի ջրանցքի նկատմամբ։
«Իրաւական եւ քաղաքական իրողութեան վերանայումը քննարկելու որեւէ տարբերակ գոյութիւն չունի»,- ասել է Մուլինոն՝ յաւելելով, որ ջրանցքը պատկանում է Պանամային։
Դեկտեմբերի 22-ին Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում յայտարարել էր, թէ ԱՄՆ-ն կարող է պահանջել վերադարձնել վերահսկողութիւնը Պանամայի ջրանցքի նկատմամբ, եթէ դրա օգտագործման ընթացիկ պայմանները չվերանայւեն։