Հրանտ Մելիք-Շահնազարեան. «ԱՄՆ-ն իր խնդիրներն է լուծում, Ադրբեջանը՝ իր եւ ամբողջը կրկին Հայաստանի հաշւին»
«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Հրանտ Մելիք–Շահնազարեանը տելեգրամեան իր ալիքում գրել է.
«ՀՀ եւ ԱՄՆ միջեւ Ռազմավարական գործընկերութեան կանոնադրութիւնը ստորագրելու գործում ցուցաբերւած շտապողականութիւնը պարզ է. այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջոյններ է յղում Ռուսաստանի եւ Իրանի նախագահներին, որոնք յունւարի 17-ին Մոսկւայում համապարփակ ռազմավարական գործընկերութեան համաձայնագիր են պատրաստւում ստորագրել։ Հաղորդել է Yerevan.today-ը:
Հայ-ամերիկեան փաստաթղթի ուշադիր ընթերցողը կը տեսնի, որ այնտեղ Իրանին ու Ռուսաստանին անհանգստացնող (եթէ չասենք՝ սպառնացող) բազում դրոյթներ կան։ Ստորագրւած կանոնադրութիւնը, ըստ էութեան, Հայաստանը դարձնում է տարածաշրջանում ԱՄՆ վերահսկողական ծրագրերի իրականացման գործիք, որն ամէն պահ կարող է օգտագործւել թէ՛ Մոսկւայի եւ թէ՛ Թեհրանի դէմ։ Իսկ սա առնւազն նշանակելու է հակազդեցութիւն։ Ցաւօք, Հայաստանը շարունակում է մնալ աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախման վայր, ինչը բազում վտանգներ է պարունակում մեզ համար։
Հայաստանի իշխանութիւնները հետեւողականօրէն սրում են Ռուսաստանի եւ Իրանի հետ յարաբերութիւնները։ Դա արդէն ոչ թէ համագործակցութիւնից հրաժարւելու, այլ կոնկրետ հակամարտութեան է նմանւում։ Ի՞նչ կարող է ստանալ Հայաստանն այդ հակամարտութիւնից։ Իհարկէ՝ միայն նոր կորուստներ։ Իսկ որո՞նք են այն երաշխիքները, որ մեր երկիրը կարող է դիմակայել Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի հետ զուգահեռ ընթացող փաստացի բոլոր այս հակամարտութիւններում։ Չկան նման եւ ոչ մի երաշխիք։ Հետեւաբար ո՞րն է Փաշինեանի կառավարութեան իրական նպատակը։
Փաշինեանն ու Միրզոյեանը անցած երեկոյ եւս մէկ քայլով պատերազմը մօտեցրեցին մեր երկրի սահմաններին։ Վախենամ, թէ այն այլեւս անխուսափելի է։ Վստահ եմ՝ Ադրբեջանի դիւանագէտներն առաւօտեան ժամը 6-ից ՀՀ եւ ԱՄՆ միջեւ ստորագրւած կանոնակարգը ձեռքներին կանգնած են Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարութիւնների դռների առջեւ։ Մի քանի օր առաջ Ալիեւը վստահեցնում էր, որ Սիւնիքի համար հնարաւոր պատերազմն ուղղւած չի լինելու Մոսկւայի եւ Թեհրանի դէմ։ Այսօրւանից նա կասի, որ այդ պատերազմը յանուն նրանց շահերի է։ Եւ, ինչ-որ առումով, կը լինի ճիշտ։
Ահա, թէ ինչ են արել նախօրէին Փաշինեանն ու Միրզոյեանը, համոզւած եմ՝ նոյն Ալիեւի թելադրանքով։ Արդիւնքում՝ ԱՄՆ-ն իր խնդիրներն է լուծում, Ադրբեջանը՝ իր։ Եւ այդ ամբողջը կրկին Հայաստանի հաշւին»։