Քաղաքական

Փաշինեանը կրկի​ն հակահայաստանեան եւ հակասփիւռքեան յայտարարութիւններ է անում

Համայն հայութեան ամենամեծ ողբերգութիւնն այն է, որ Հայաստանը ղեկավարւում է ոչ միայն ապաշնորհ, այլեւ հակահայ վարչապետի կողմից:

Անցեալ շաբաթ Հայաստանի հանրային հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում Նիկոլ Փաշինեանը եւս մէկ անգամ կրկնեց իր անհեթեթ խօսքերը «Իրական Հայաստանի» եւ «Պատմական Հայաստանի» տարբերութեան մասին։ Նա նոյնիսկ պնդեց, որ «Պատմական Հայաստանը» այսօրւայ «Իրական Հայաստանի» թշնամին է։ Միայն այն պատճառով, որ դարերի ընթացքում Հայաստանի սահմանները փոխւել են պատերազմների եւ նւաճումների պատճառով, չի նշանակում, որ «Պատմական Հայաստան» գոյութիւն չունի։ Չզարմանաք, եթէ մի օր Փաշինեանը յայտարարի, որ Հայաստանը գոյութիւն ունի միայն 2018 թւականից, երբ ինքը եկաւ իշխանութեան…

Փաշինեանը փորձում է հայերին զրկել ապագայում «Պատմական Հայաստանը» վերականգնելու մասին նոյնիսկ երազելու իրաւունքից։ Նա միամտօրէն կարծում է, որ յայտարարելով՝ Հայաստանը տարածքային պահանջներ չունի հարեւան երկրներից, կարող է համոզել Ադրբեջանին Հայաստանի հետ կնքել խաղաղութեան անիմաստ պայմանագիր։ Սակայն փաստն այն է, որ նախագահ Ալիեւը զրոյական հետաքրքրութիւն ունի խաղաղութեան պայմանագրի ստորագրման հարցում։ Ընդհակառակը, նա բազմիցս սպառնում է յարձակւել Հայաստանի վրայ՝ այն ներկայացնելով որպէս «Արեւմտեան Ադրբեջան» եւ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում։

Փոխարէնը յայտարարելու, որ մենք որեւէ մէկից պահանջ չունենք, Փաշինեանը պէտք է պարզապէս  լուռ մնայ։ Նա ոչ պէտք է ասի՝ մենք պահանջներ ունենք, ոչ էլ՝ պահանջներ չունենք։ Պատճառն այն է, որ Հայաստանն այժմ թոյլ է եւ չի կարող ռազմական առումով դիմակայել իր շատ աւելի ուժեղ թշնամիներին՝ Ադրբեջանին եւ Թուրքիային: Այնուամենայնիւ, սխալ է յայտարարել, որ մենք տարածքային պահանջներ չունենք, քանի որ դա կը զրկի հայերին երբեւէ իրենց կորցրած տարածքները վերադարձնելու իրաւունքից։ Այս երազանքը վառ պահելու համար Հայաստանին պէտք չէ ունենալ հզօր բանակ. պարզապէս պէտք է պահպանել պատմական յիշողութիւնը եւ այն փոխանցել գալիք սերունդներին, մինչեւ այն օրը, երբ անսպասելի հանգամանքների բերումով հնարաւորութիւն ընձեռւի վերականգնելու հայ ժողովրդի կորցրածը։ Եթէ նրանք վառ չպահեն այդ երազանքը, նոյնիսկ երբ նման հնարաւորութիւն ընձեռնւի, հայերը չեն կարողանայ օգտւել դրանից, քանի որ կամաւոր հրաժարւել են այդ իրաւունքից։

Լաւագոյն օրինակն այն է, ինչին կարողացան հասնել հրեաները իրենց հայրենիքը 2000 տարի առաջ կորցնելուց յետոյ: Պահպանելով իրենց երազանքը՝ «Յաջորդ տարի Երուսաղէմում» եւ այն փոխանցելով սերնդէսերունդ՝ նրանք կարողացան օգտւել 20-րդ դարում ընձեռնւած հնարաւորութիւնից՝ վերադառնալու իրենց պատմական հայրենիքը։

Հանրային հեռուստատեսութեանը տւած հարցազրոյցում Փաշինեանը յայտարարեց, որ ոչ ոք զէնք չի վաճառի Հայաստանին, եթէ մենք շարունակենք Արարատը յիշատակել որպէս մեր լեռը: Սա բացարձակ սուտ է: Արարատ կամ Արագած ասելը որեւէ կապ չունի զէնք ձեռք բերելու հետ: Դա կապւած է երկրի եւ բանակի կառավարման ունակութեան եւ անհրաժեշտ զէնքի համար ֆինանսական միջոցների առկայութեան հետ: Եթէ Արարատ ասելը խանգարում է Հայաստանին զէնք ձեռք բերելուն, ապա ինչպէ՞ս էր Հայաստանը, մինչեւ Փաշինեանը, ձեռք բերել միլիարդաւոր դոլարների զէնք, որը, ցաւօք, 2020 թւականի պատերազմի ժամանակ բռնագրաււել է Ադրբեջանի կողմից եւ այժմ ցուցադրւում է Բաքւում:

Այն հարցին, թէ արդեօ՞ք պատշաճ է, որ նա հեծանիւ է վարում կամ ֆէյսբուքեան էջում ձւածեղ է պատրաստում, մինչդեռ երկիրը պատերազմի շեմին է, Փաշինեանը պատասխանեց. «մեր երկրի բոլոր ինստիտուտներն աշխատում են նոյնիսկ այն ժամանակ, երբ ես հեծանիւ եմ քշում»:

Փաշինեանը նաեւ արդարացրեց  իր մշտական զիջումներն Ադրբեջանին՝ բացատրելով, որ չի ցանկանում արձագանգել Ադրբեջանի էսկալացիոն հռետորաբանութեանը, որն ուղղւած է նոր ռազմական գործողութիւնների հրահրմանը։ Նա կարծես թէ չի հասկանում, որ հակառակորդին զիջումներ անելը չի զսպում պատերազմը։ Ընդհակառակը, դա մեծացնում է Ալիեւի ախորժակը՝ պահանջելու աւելի շատ զիջումներ։

Սփիւռքահայերից մէկի՝ մի օր իր պապերի հայրենիք վերադառնալու երազանքի մասին հարցին, Փաշինեանն արձագանգեց անհոգօրէն ու վիրաւորական. «Մեր հայրենակիցն ապրում է Աւստրալիայում, ուզում է վերադառնալ իր պապերի հայրենիք, որը կարող է լինել աշխարհի որեւէ տեղում, այդ թւում՝ կարող է լինել Մուշում, Արդահանում, Սիսում, բայց դրա համար մենք պէտք է մեր զինւորներին թիրախ դարձնե՞նք, դա՞ է մեր ուզածը: Այսինքն՝ մենք ուզում ենք իքս պահի մեր զօրամասերի վրայ հրթիռներ ընկնեն այն պատճառով, որ Կամբերրայում մարդիկ կան, որ ուզում են վերադառնան իրենց պապերի ծննդավայրը, որն Ադանան է: Սա տրամաբանակա՞ն է»:

Ի պատասխան հարցին, թէ ինչու՞ նա ոչինչ չի արել Բաքւում հայ պատանդների ազատ արձակման համար, Փաշինեանը պատասխանեց. «Այսօր կան գերտէրութիւններ, որոնք նոյն վիճակում գտնւող քաղաքացիներ ունեն տարբեր երկրներում եւ տարիներով չեն կարողանում հետ բերել»։

Անցած շաբաթ Ցիւրիխում մի խումբ շւէյցարահայերի հետ հանդիպման ժամանակ Փաշինեանն անպէտք հարցեր բարձրացրեց Հայոց Ցեղասպանութեան հիմնական փաստերի վերաբերեալ. «Մենք Հայոց Ցեղասպանութեան պատմութեանն էլ պէտք է վերադառնանք։ Պէտք է հասկանանք՝ լաւ, ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել»: Փաշինեանն աշխարհում երեւի միակ հայն է, որը չգիտի, թէ ինչ է տեղի ունեցել 1915 թւականին։ Այնուհետեւ նա անհեթեթ հարցով շարունակեց. «Ո՞նց է, որ 1939 թ.-ին Հայոց Ցեղասպանութեան օրակարգ չի եղել, եւ ո՞նց է, որ 1950 թ.-ին Հայոց Ցեղասպանութեան օրակարգ յայտնւել է»։ Փաշինեանն անգամ չգիտի, որ ցեղասպանութիւն եզրոյթը 1939 թւականին գոյութիւն չի ունեցել։ Այն ստեղծւել է 1940-ականներին Ռաֆայէլ Լեմկինի կողմից։ Մինչ այդ հայերը 1915 թւականի զանգւածային սպանութիւնները անւանում էին ջարդեր։

Հայաստանի նոր հայրենասէր ղեկավարը իշխանութեան գալուց անմիջապէս յետոյ պէտք է յայտարարի, որ Փաշինեանի բոլոր հրամանները, օրէնքները, յայտարարութիւնները եւ համաձայնութիւնները անվաւէր են:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button