Սիրանուշ Սահակեան. «Ադրբեջանում Կարմիր Խաչի փակւելուց յետոյ հայ պատանդների կեանքին վտանգ է սպառնալու»

«ԱԼԻՔ» – Բաքւում Կարմիր Խաչի գրասենեակի փակումը նախ թիրախաւորում է հէնց Բաքւում ապօրինաբար պահւող հայերին: Այս մասին news.am-ի հետ զրոյցում ասաց իրաւապաշտպան Սիրանուշ Սահակեանը:
«Թէեւ Կարմիր Խաչը մարդասիրական մանդատ է իրականացնում նաեւ ներպետական օրէնսդրութեան շրջանակներում ձերբակալւածների, կալանաւորւածների առնչութեամբ, սակայն դրանք առաւելապէս բացառութիւն են եւ հիմնական գործունէութիւնը ուղղւած է կոնֆլիկտում ներգրաււած պետութիւնների քաղաքացիներին իրական աջակցութիւն տրամադրելուն: Այս թիրախաւորւած մօտեցման շրջանակում Ադրբեջանը առաւել ցաւ ու տառապանք է փորձում պատճառել թէ այնտեղ գտնւող հայ պատանդներին, եւ թէ նրանց ընտանիքի անդամներին: Մենք նշել ենք, որ խոշտանգումների կանխարգելման մեխանիզները հնարաւորութիւն չունեն այցելել պատանդներին, միակ հնարաւորութիւնը Կարմիր Խաչի աշխատակիցներն էին իրենց սահմանափակ մանդատով: Ադրբեջանը ցանկանում է ամբողջական մեկուսացման ենթարկել հայ պատանդներին, այդ պայմաններում մեծանում են կամայականութիւնների ռիսկերը»,-ասաց նա:
Իրաւապաշտպանը շեշտում է, որ եթէ այս պահին կայ բռնութիւններ, հոգեբանական տառապանքի դրսեւորումներ, սակայն կեանքի պաշտպանութիւնը ապահովւած է, ապագայում Ադրբեջանում պահւող հայերի կեանքը յայտնւելու է անմիջական եւ իրական սպառնալիքների ներքոյ:
«Այս մեկուսացւածութեան շղթան ճեղքելու նպատակով պէտք է այլընտրանքային քայլեր ձեռնարկել, մասնաւորապէս ակտիւացնել աշխատանքը խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների հետ: 2025 թւականին նախատեսւած է պարբերական այցելութիւն Ադրբեջան, կարծում եմ՝ պէտք է հասնել նրան, որ խոշտանգումների կանխարգելման կոմիտէն այցելի հայ պատանդներին: Նաեւ փոխարինող միջոց կարող է դառնալ հիւպատոսական այցելութիւնների իրաւունքի իրացումը»,-ասաց նա: