Աննա Աստւածատուրեան Թերքոթ. «Ադրբեջանը վճարել է ԱՄՆ Մէյն նահանգի օրէնսդիրների շքեղ այցը՝ Արցախ»

«ԱԼԻՔ» – Alpha News-ը այսօր զրուցել է Վեստբրուկի քաղաքային խորհրդի փոխնախագահ Աննա Աստւածատուրեան Թերքոթի հետ, ով մանրամասներ է ներկայացրել Մէյն նահանգում ադրբեջանական լաբբիի գործունէութեան մասին:
«Դէ, ես չեմ կարող խօսել կաշառքի մասին. չեմ, տեսել ոչինչ, որը ցոյց տայ, որ նրանք, ուղղակիօրէն կաշառւած են եղել: Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանի կառավարութիւնը վճարել է այս ճոխ, շքեղ ճանապարհորդութեան համար դէպի Ադրբեջան եւ Արցախ: Փաստօրէն, այս օրէնսդիրները՝ նահանգի երկու ներկայացուցիչներ եւ մէկ սենատոր՝ Ջիլ Դիւսոնը, Դեկա Դալակը եւ Մանա Աբդին նշել են իրենց ֆինանսական հաշւետւութիւնների մէջ, փաստաթղթերում, որ դա նրանց տրւել է ադրբեջանական սփիւռքը խթանելու համար: Եւ այս ճանապարհորդութիւնը ամբողջութեամբ վճարւել է Ադրբեջանի աւտորիտար ռեժիմի կողմից։ Նրանք հրապարակում էին պայթեցւած հայկական եկեղեցիների եւ միեւնոյն ժամանակ Արցախի գեղատեսիլ լեռների լուսանկարները»,- նշել է Թերքոթը:
Խօսելով Մէյն նահանգի հայկական համայնքի մասին՝ նա նշել է, որ գործող հայկական մշակութային ասոցիացիան շատ խաղաղասէր է եւ կենտրոնացած է համայնքի խնդիրների վրայ:
«Մենի հայերի ճշգրիտ թիւը չգիտեմ, բայց կասէի, որ մի քանի հազար է: Մենք կազմակերպւած ենք այն առումով, որ ունենք հայկական մշակութային ասոցիացիա, որը շատ խաղաղասէր է, կենտրոնացած է համայնքի խնդիրների վրայ եւ քաղաքականացւած չէ: Կան հայ բնակչութեան որոշակի ներկայացուցիչներ, որոնք շատ ներգրաււած են հայկական հարցի քարոզչութեամբ, ինչպէս ես, բայց կան նաեւ ուրիշներ, ովքեր երրորդ, չորրորդ սերունդ են, որոնք պարզապէս վայելում են միմեանց ընկերակցութիւնը եւ մասնակցում են պիկնիկների, պարերի եւ նման բաների: Շատ խաղաղ համայնք է: Եւ երբ Թարլանի նման մէկը գայ այդքան ագրեսիւ պահւածքով, շատ ցնցող էր նրանց համար: Ինձ համար դա ցնցող չէր, քանի որ ես դա տեսել եմ 11 տարեկանից եւ տեսել եմ դա իմ փաստաբանական գործունէութեան ընթացքում: Մենք կազմակերպւած ենք այն առումով, որ գիտէք, մենք պաշտպանում ենք: Եւ դա, իսկապէս, սխալ է: Որպէս դեմոկրատ, ես կասէի, որ ցնցւած եմ Դեմոկրատական կուսակցութեան քարէ պատի լռութիւնից: Մենք մեկնաբանութիւններ ենք խնդրել նահանգապետ Միլսից: Լռութիւն է, կատարեալ լռութիւն»,- եզրափակել է Թերքոթը: