Հայաստան - ԱրցախՔաղաքական

Երբ պոպուլիստները պարբերաբար ձախողւում են, նորից փորձում են իրենց քաղաքական դիւիդենտները ստանալ՝ վնասելով հանրային շահը

Եկամուտների յայտարարագրման գործընթացի փաստացի ձախողում, մասսայական դժգոհութեան ալիք հարկերի եւ տուրքերի դրոյքաչափերից: Տեսակէտ կայ, որ իշխանութիւնների այս քաղաքականութիւնը վկայում է անելանելիութեան մասին՝ հակառակ դէպքում ի՞նչ այլ նպատակ պէտք է հետապնդի հարկային այս «տեռորը»:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամաւոր, տնտեսագէտ Թադէոս Աւետիսեանն ասում է՝ դեռեւս արտաքին դրական գործօններով պայմանաւորւած իներցիան շարունակւում է: «Անելանելիութեան կէտին դեռ չեն հասել: Բայց իրական վիճակի մասին ամենալաւն իրենք գիտեն: Այս պահին դեռ կարողանում են ընթացիկ ծախսերը հոգալ, նրանք շատ լաւ գիտեն, որ միտումն արդէն գնում է դէպի բացասական՝ էական բացասական խորացման արտայայտութեամբ: Դա կանխատեսել էինք, բայց այս իշխանութիւնները պոպուլիստ են: Ամէն դրականն իրենց են վերագրում, իսկ բացասականի համար էլ գտնում են մեղաւորներ, այդ թւում՝ իրենց համար մեղաւոր են փոքր ու միջին բիզնեսով զբաղւողները, նախկինում աղքատներն էին մեղաւոր, եւ այդպէս շարունակ: Հիմա փաստը հետեւեալն է. այո, միտումը լաւը չէ, բացասական է, բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպութիւնները, տեղացի եւ օտարերկրացի լուրջ փորձագէտները կանխատեսում են, որ ե՛ւ գլոբալ՝ համաշխարհային տնտեսութեան իմաստով են տնտեսական խնդիրները խորանում, այդ թւում՝ աշխարհաքաղաքական ազդեցութեամբ, ե՛ւ մասնաւորապէս Հայաստանի, որովհետեւ Հայաստանի 2022-24 թթ. բարձր տնտեսական աճերի առիւծի բաժինն արտաքին գործոնով էր պայմանաւորւած՝ ռուս-ուկրաինական պատերազմով: Հիմա այդ գործօնը թուլանում է, եւ մենք մտնում ենք լրացուցիչ տնտեսական դժւարութիւնների փուլ, այսինքն՝ ոչ միայն այդ գործօնը չկայ, եւ այդ բարձր աճերը դրա արդիւնքում չեն լինելու, այլ նաեւ երկրից կապիտալի «փախուստի» դրսեւորումներ են արձանագրւում, որոնք յանգեցնելու են լրացուցիչ դժւարութիւնների: Օր-օրի առերեսւելու ենք խնդիրների եւ գետնի վրայ դրանց հետեւանքների հետ»,-«Փաստի» հետ զրոյցում ասում է Աւետիսեանը։

Ընդգծում է՝ օր առաջ իշխանութիւնները փորձում են պատրաստւել, որովհետեւ խնդիրների առջեւ են կանգնելու: «Երբ պոպուլիստները պարբերաբար ձախողւում են, նորից փորձում են իրենց քաղաքական դիւիդենտները ստանալ՝ վնասելով հանրային շահը: Հիմա նոյնն է՝ «ամէն գնով իշխանութիւն պահենք»-ն այս պահին թելադրում է հետեւեալը՝ տեսէք, որքան հնարաւոր է, ինչքան հանրութիւնը իր ուսերին կը տանի բեռը, այդքան այդ բեռն աւելացնեն: Եւ դա անում են փուլային տարբերակով: Յայտարարագրման գործընթացի սկիզբը դրեցին, տեսան, որ հանրութիւնը դա «չմարսեց», ժամկէտ երկարաձգեցին: Հիմա ողջ ծաւալով փիառում են, որ յայտարարագիր ներկայացնելը կը լուծի մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները եւ այլն: Իրականում դա պրիմիտիւ սուտ է: Քաղաքացիների հինգ տոկոսն է ներկայացրել յայտարարագիր, ունեն 95 տոկոս տապալում: Յաջորդիւ արցախահայութեան սոցիալական ծրագրերը դադարեցրեցին: Յետոյ մարդիկ դուրս եկան, բողոքեցին, տեսան, որ չեն կարողանում դա «մարսել», յետողորմեայ արեցին 2 ամսով: Իրենք թաքնւում են ստի հետեւում, որ յետոյ յարմար պահի ու դիրքի «յարձակւեն» իրենց զոհի վրայ: Գիշատիչն իրենք են, զոհը հանրութիւնն է՝ իր տարբեր շերտերով, այդ թւում, օրինակ՝ փոքր բիզնեսը, որի հարկային բեռը, փաստօրէն, կրկնապատկեցին: Յանձնաժողովում վերջին օրերին քննարկումներ էին, եկել էին ՓՄՁ-ի ներկայացուցիչները, փաստարկներ էին ներկայացնում: Իրենց տողատակերով արձագանքում են՝ կը վերլուծենք, տեսնենք, եթէ հնարաւոր լինի, նորից կը վերադառնանք նախորդ դրոյքաչափերին: Այդ վերլուծելը մէկ բան է նշանակում: Իրենց քարոզչական թիմերն աշխատում են, տեսնեն՝ եթէ հանրութեան մէջ բողոքը կրիտիկական մակարդակի է մօտենում, յետքայլ կանեն: Ի դէպ, նոյն ձեւով, ինչպէս հիմնաւորել էին 5 տոկոսից 10 տոկոս հարկային բեռն աւելացնելը, պէտք լինի, «կը փոխեն իրենց հագուստը» եւ իրենց ասածի ճիշտ հակառակը կը հիմնաւորեն, 10-ից նորից 5 տոկոս կը դարձնեն: Դա իրենց կերպն է»,-նշում է մեր զրուցակիցը:

Կառավարութիւնը քաղաքացուն ասում է՝ այս գումարներն ուղղւում են մանկապարտէզների, դպրոցների, ճանապարհների կառուցմանը: Բիւջէի միջոցներն արդիւնաւէ՞տ են ծախսւում: «Հակառակի մասին կարող ենք ասել: Երկրից օտարերկրեայ կապիտալը «փախչում» է:

Անցած տարւայ ցուցանիշների համաձայն, օտարերկրեայ ուղղակի ներդրումների ներհոսքը եղել է բացասական, էական բացասական ցուցանիշ է արձանագրւել: Կարճ ասած, աւելի շատ մեր երկրից կապիտալը գնում է, քան գալիս: Եթէ այդքան ժողովրդավար են, հարկային համակարգը լաւն է, ռիսկերը կառավարելի են, իրենք էլ արդիւնաւէտ են աշխատում, ինչո՞ւ է օտարերկրեայ կապիտալը «փախչում» երկրից: Այս տարի արտաքին գործոնը չկայ, տնտեսական ակտիւութիւնն էապէս նւազում է: Արտաքին գործօնը չկայ, մեր հարկային մուտքերն անցած տարի ծրագրւածից 230 միլիարդ դրամից պակաս հաւաքեցին, այս տարի կրկին ունենք թերհաւաքման աճող ցուցանիշ: Եթէ իրենց ասածով ամէն ինչ այդքան լաւ է, ինչո՞ւ է գետնի վրայ այդքան վատ: Անդրադառնալով ծախսերին, ապա նրանք դա անում են զուտ իրենց նեղ քաղաքական նպատակներից եւ անձնական շահերից դրդւած: Ասֆալտ անող եւ ասֆալտին փռող իշխանութիւն են դարձել: Միշտ բերում եմ այդ օրինակը: Նորքից դէպի Նոր Նորքի զանգւած ճանապարհով յաճախ եմ անցնում: Այդ ճանապարհն ամէն տարի ասֆալտապատում են, յետոյ քանդում են հիմնաւոր, նորից ասֆալտապատում: Իմ հարցին, թէ ինչո՞ւ են քանդում, ասացին, որ ենթակառուցւածքներ են անցկացնում, այսինքն՝ մի տարի առաջ չգիտէին, որ այստեղ ենթակառուցւածքներ են պէտք: Նոյնը՝ Ջրվէժից դէպի Գառնի՝ զբօսաշրջային նշանակութիւն ունեցող ճանապարհի պարագայում: Ասֆալտապատեցին, քանդւեց, քանդում են, նորից ենթակառուցւածքներ անցկացնում: Եթէ 20 տարին մէկ ենթակառուցւածքի համար քանդում ես ճանապարհը, դա հասկանալի է, որովհետեւ զարգանում է ամէն ինչ, բայց եթէ մի քանի ամիս յետոյ ենթակառուցւածքի համար նոր ասֆալտն ես քանդում, դա նշանակում է, որ դու կա՛մ ապիկար ես, կա՛մ դիտաւորեալ ես դա անում այլ նպատակներից կամ քո անձնական շահերից դրդւած: Յաջորդ կարեւոր հարցը: Տեսնում ենք, չէ՞, որ «պադաւատապետութեան» դէմ խօսողները որքան են աւելացրել իրենց ծառայողական մեքենաները, իրենց օգնականների եւ «նազիր-վեզիրների» թիւը, որովհետեւ ոչինչ չանող օգնականը թագաւորական պալատի «նազիր-վեզիրն» է. միայն թէ լինի, որ թագաւորն էլ իրեն լաւ զգայ: Կամ իրենց ուղեկցող շարասիւների աւելացումը, մի կէտից միւս կէտը գնալիս հազարաւոր ոստիկաններ են ուղեկցում իրենց, դա եւս մեծ ծախս է, քաղաքապետն ինքնաթիռի 7 մլն. դրամանոց տոմսով է մեկնում ԱՄՆ եւ այլն: Սրանք բոլորը ծախսերի հետ կապւած խնդիրներ են, եւ դեռ որքան էլ կայ, որ մենք չգիտենք, իշխանափոխութիւնից յետոյ կը պարզւի: Որպէս կանոն՝ այդ ծախսերը, նաեւ մէկ անձից գնումներով, կատարում են իրենց շրջանակի օլիգարխները եւ, ինչու ոչ, հէնց իրենց հարազատները նեղ շրջապատից»,-յաւելում է պատգամաւորը:

Քաղաքացին ունի՞ այն գիտակցումը, որ օր-օրի իր կեանքի որակն աւելի է վատանում: «Այո, ունի: Մի դէպքում՝ դա դառնում է անտարբերութիւն, մի դէպքում՝ արտագաղթի պատճառ, իսկ վրայ հասնող անարդարութիւնն, ի վերջոյ, ընկճում է մարդկանց՝ ապագան դարձնելով անորոշ իր բոլոր բացասական հետեւանքներով: Ի վերջոյ, վստահաբար ասում եմ՝ այս եւ մնացեալ պատճառներով օր առաջ իշխանափոխութիւնն այլընտրանք չունի: Սա միանշանակ է, եւ բազմաթիւ քաղաքացիներ սա ամէն օր գետնի վրայ զգում են»,-եզրափակում է Թադէոս Աւետիսեանը:

Arfd.am

Related Articles

Back to top button