Եւրախորհրդարանը Թուրքիայի վերաբերեալ իր կոշտ զեկոյցում նշել է ԼՂ հակամարտութիւնում նրա ագրեսիւ դերը

«ԱԼԻՔ» – Եւրախորհրդարանի նոր զեկոյցը խիստ քննադատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրօք վարւող արտաքին քաղաքականութիւնը, որը դարձել է աւելի ու աւելի առճակատող, անհամատեղելի ԵՄ արժէքների հետ եւ վնասակար է երկար ժամանակ ձգձգւած անդամակցութեան գործընթացին: Այս մասին յայտնում է շւեդական Nordic Monitor պարբերականը։
Եւրախորհրդարանի Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչօ Սանչես Ամորիի պատրաստած զեկոյցում գնահատւում է վերջին երկու տարիների ընթացքում ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների վիճակը։ Այն կոշտ գնահատական է տալիս Անկարայի միջազգային դիրքորոշմանը՝ նկարագրելով արտաքին քաղաքականութիւնը, որը պարբերաբար հակասում է ԵՄ առաջնահերթութիւններին, եւ զգուշացնելով, որ Թուրքիայի գործողութիւնները յաճախ ստեղծում են լարւածութիւն՝ դաշինքի հետ համագործակցութիւնը խթանելու փոխարէն։ Զեկոյցում մանրամասն նկարագրւում է Թուրքիայի միջազգային գործունէութեան լայն շրջանակ՝ սկսած հարեւան տարածաշրջաններում ռազմական գործողութիւններից մինչեւ աճող ռազմավարական ինքնավարութիւնը, եւ դրանք Անկարայի՝ ԵՄ քաղաքական չափանիշներից եւ սկզբունքներից նահանջի ցուցիչ են ընկալւում։
Զեկոյցը հիմնւած է անհանգստացնող պարադոքսի վրայ։ Թուրքիան մնում է ԵՄ անդամակցութեան թեկնածու երկիր, բայց աւելի ու աւելի է իրեն պահում որպէս աշխարհաքաղաքական մրցակից։ Ըստ հաշւետւութեան՝ Թուրքիան շարունակում է վարել մեծապէս Եւրամիութեան արտաքին եւ անվտանգութեան քաղաքականութեանը չհամապատասխանող արտաքին քաղաքականութիւն, եւ Անկարայի յայտարարութիւնների եւ որոշումների համապատասխանութեան մակարդակը վերջին տարիներին կայուն ցածր է մնացել։
Մասնաւորապէս՝ 2023 թւականին Թուրքիան հաւատարիմ մնաց ԵՄ արտաքին քաղաքականութեան դիրքորոշումների միայն մի փոքր մասին։ Խորհրդարանը խորապէս ափսոսում է, որ Ուկրաինայի ներխուժումից յետոյ Անկարան չկատարեց Ռուսաստանի դէմ ԵՄ պատժամիջոցները։ Որոշումը Թուրքիային ուղղակիօրէն հակադրեց Կրեմլի ագրեսիայի դէմ դաշինքի միասնական դիրքորոշմանը։ «Բացի դրանից, զեկոյցում մտահոգութիւն է յայտնւել Սիրիայում եւ Իրաքում Թուրքիայի շարունակական ռազմական ներկայութեան, քրդական խմբաւորումների հետ շարունակական բախման եւ Լիբիայի եւ Լեռնային Ղարաբաղի նման հակամարտութիւններում Անկարայի ագրեսիւ դերակատարման վերաբերեալ»,-ընդգծել է լրատւամիջոցը։
Եւրախորհրդարանի պատգամաւորները եզրակացրել են, որ այս գործողութիւնները խաթարում են տարածաշրջանային կայունութիւնը եւ հակասում են ԵՄ դիւանագիտական ջանքերին։ Փաստաթղթում խօսւում է նաեւ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ անդամ Յունաստանի, ինչպէս նաեւ Կիպրոսի հետ Թուրքիայի դժւարին յարաբերութիւնների մասին։
ԵՄ օրէնսդիրների համար յատկապէս մտահոգիչ են Յունաստանի տարածքի վրայով շարունակւող թռիչքները եւ Արեւելեան Միջերկրական ծովի վիճելի ջրերում ռազմածովային զօրավարժութիւնները։ Զեկոյցում Թուրքիային կոչ է արւում յարգել միջազգային իրաւունքը եւ դատապարտւում Յունաստանի օդային տարածքի բազմակի խախտումները։