ՄիջազգայինՔաղաքական

Թուրքիայում հնարաւոր է արտահերթ նախագահական ընտրութիւններ անցկացւեն

«ԱԼԻՔ» – Թուրքիայում նախագահական ընտրութիւնները կարող են տեղի ունենալ վաղաժամկէտ՝ ոչ թէ 2028 թւականին, այլ 2027 թւականի վերջին։ Ինչպէս հաղորդում է թուրքական Cumhuriyet օրաթերթը՝ այս յայտարարութիւնն արել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«Առջեւում նախագահական ընտրութիւններ են։ Նախագահական ընտրութիւնները 2027, 2028 թւականներն են, բայց, ամենայն հաւանականութեամբ, դա կը լինի 2027 թւականին, կարծում եմ՝ այո»,- ասել է թուրք նախարարը:

Նշենք, որ Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան (ԺՀԿ) առաջնորդ Օզգիւր Օզելը նախկինում կոչ էր արել իշխանութիւններին այս տարւայ նոյեմբերին անցկացնել արտահերթ ընտրութիւններ: Այս կոչերը մեկնաբանելով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարել էր, որ ընտրութիւնները կանցկացւեն 2028 թւականին, եւ այլ օրակարգ չկայ:

Էրդողանի յայտարարութիւնից յետոյ Օզելը ընդգծել էր, որ Թայիփ Էրդողանը չի կարողանայ կրկին առաջադրւել նախագահի պաշտօնում 2028 թւականին, ուստի առաջարկում է նոյեմբերին գնալ արտահերթ ընտրութիւնների: Թուրքիայի նախագահի աւագ խորհրդական, նախագահին կից իրաւական քաղաքականութեան խորհրդի փոխնախագահ Մեհմեթ Ուջումը չի բացառել արտահերթ նախագահական ընտրութիւնների հնարաւորութիւնը 2027 թւականի վերջին եռամսեակում-2028 թւականի սկզբին՝ խորհրդարանի որոշման համաձայն:

Related Articles

Back to top button