Ինչի՞ են նախապատրաստւում Ռուսաստանն ու Արեւմուտքը. պատերազմի նոր սրացո՞ւմ

«ԱԼԻՔ» – Նախօրէին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանցքային յայտարարութիւն արեց՝ հաղորդելով՝ «Օրեշնիկ» առաջին սերիական համալիրն արտադրւել է եւ փոխանցւել է Ռուսաստանի բանակին։
Պուտինի այս յայտարարութիւնը վերջին ժամերին ակտիւօրէն քննարկւում է մամուլում եւ համացանցում՝ Ուկրաինայի շուրջ պատերազմում նոր էսկալացիայի կասկածների տեղիք տալով։
Կարելիայում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօ-Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները խօսել են «Օրեշնիկ»-ի՝ Բելառուսում տեղակայման ծրագրերի մասին։ Ինչպէս նշել է Լուկաշենկօն, զինւորականները ցանկանում էին համալիրն այս տարի տեղակայել հանրապետութիւնում։
Միաժամանակ, Վլադիմիր Պուտինի խօսքով, ռուս եւ բելառուս զինւորական մասնագէտներն ընտրել են դիրքերն «Օրեշնիկ» հրթիռային համակարգի տեղակայման համար, եւ այժմ ընթանում են այդ վայրերի նախապատրաստման աշխատանքները։
«Այսպիսով, մեծ հաւանականութեամբ, այս հարցը կը փակենք տարւայ վերջում։ Մեզ մօտ ամէն ինչ ընթանում է ըստ ծրագրի»,- նշել է Ռուսաստանի նախագահը՝ յաւելելով, թէ սերիական հրթիռային համակարգն արդէն մտել է արտադրութիւն։
Ռուսաստանի առաջնորդը նաեւ յայտարարել է, որ «Օրեշնիկ» հրթիռների զանգւածային օգտագործման դէպքում դրանց հզօրութիւնը համեմատելի է մէկ հարւածով իրականացւած միջուկային զէնքի հզօրութեան հետ։ Միեւնոյն ժամանակ, Ռուսաստանի իշխանութիւնները յայտարարում են, որ այս համալիրը զանգւածային ոչնչացման զէնք չի համարւում, քանի որ այն շատ ճշգրիտ է եւ միջուկային մարտագլխիկ չի կրում։ Նոր զինատեսակի բոլոր մանրամասները պաշտօնապէս չեն բացայայտւում, սակայն Ռուսաստանի Պետդումայի պաշտպանութեան յանձնաժողովի փոխնախագահ Իւրի Շւիտկին նախկինում նշել էր, որ «Օրեշնիկ»-ի զանգւածային արտադրութիւնը կը բարձրացնի երկրի ռազմական ներուժը եւ «կը սթափեցնի ՆԱՏՕ-ին»։ Այս համալիրի ընդունումը զինուժի տրամադրութեան տակ դիտարկւում է՝ որպէս մի նոր քայլ Ռուսաստանի պաշտպանական տեխնոլոգիաների ամրապնդման ուղղութեամբ։
Անցած տարւայ նոյեմբերի 21-ին Վլադիմիր Պուտինը յայտարարել էր «Օրեշնիկ» նորագոյն միջին հեռահարութեան հրթիռի յաջող փորձարկման մասին։ Ամերիկեան եւ բրիտանական զէնքի օգտագործմանն ի պատասխան՝ Ռուսաստանը հարւած էր հասցրել Ուկրաինայի ռազմական-արդիւնաբերական համալիրի օբիեկտին։
Պուտինի այս յայտարարութիւնը հնչում է արեւմտեան պատժամիջոցի նոր փաթեթի, Թրամփի աւելի սուր յայտարարութիւնների, Թրամփի ներկայացուցիչ Սթիւ Ուիթքոֆի ՌԴ այցին ընդառաջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ յայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմին առնչւող սադրիչ սպառնալիքներից յետոյ երկու միջուկային սուզանաւ է տեղակայւել Ռուսաստանի մերձակայքում։
«Ես հրահանգել եմ երկու միջուկային սուզանաւեր տեղակայել համապատասխան տարածաշրջաններում»,- գրել է Թրամփը Truth Social հարթակում՝ յաւելելով, որ այս քայլն իրականացւում է որպէս նախազգուշական միջոց՝ Մեդւեդեւի «հիմար եւ սադրիչ» արտայայտութիւնների լրջութեան դէպքում։
Յուլիսի 28-ին էլ Թրամփը յայտարարել էր, թէ հիասթափւած է Ռուսաստանի նախագահից եւ կրճատում է 50-օրեայ ժամկէտը, որ Վլադիմիր Պուտինին տւել էր Ուկրաինայում խաղաղութեան հասնելու շուրջ գործարք կնքելու համար, դարձնում է 10-12 օր: Շոտլանդիա այցի ժամանակ Դոնալդ Թրամփն ասել է, որ ամէն անգամ, երբ Պուտինի հետ հեռախօսազրոյց է ունենում, թւում է՝ ամէն ինչ կարգին է, սակայն յետոյ Ռուսաստանը շարունակում է հարւածել Ուկրաինային:
«Շատ հիասթափւած եմ նախագահ Պուտինից, շատ … Եւ կրճատելու եմ նրան տւած 50 օրը… քանզի արդէն գիտեմ հարցի պատասխանը, թէ ինչ է տեղի ունենալու»,- նշել էր Թրամփը:
Ռուսաստանում յուլիսին մեծ աղմուկ բարձրացրեց ամերիկացի գեներալ Քրիստոֆեր Դոնահիւի յայտարարութիւնն այն մասին, թէ դաշինքը պլանաւորել է Կալինինգրադի մարզում ռուսական ուժերի պաշտպանական ներուժի օպերատիւ ճնշում: Գեներալը նշել էր, որ ՆԱՏՕ-ի երկրներն իրականացնում են «արեւելեան թեւում զսպման գիծ» ծրագիրը, որը ներառում է դաշինքի ցամաքային ներուժի ամրապնդումը եւ ռազմական ու արդիւնաբերութեան միջեւ համագործակցութեան բարելաւումը: Ռուսաստանի նախագահի օգնական, Ռազմածովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշեւը «ՌԻԱ Նովոստի»-ին տւած հարցազրոյցում ընդգծել էր, որ տարածաշրջանի նկատմամբ ցանկացած ռազմական ոտնձգութիւն կարժանանայ անյապաղ եւ ջախջախիչ պատասխանի՝ օգտագործելով երկրին հասանելի բոլոր ուժերն ու միջոցները, ինչպէս նախատեսւած է ռազմական դոկտրինայով եւ Ռուսաստանի պետական քաղաքականութեան սկզբունքներով միջուկային զսպման ոլորտում:
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրոյցում փորձել է պարզաբանել, թէ ինչ կարելի է ակնկալել այս զարգացումների ֆոնին։
Նրա խօսքով՝ չնայած ՌԴ-ԱՄՆ բանակցութիւններն աւարտւած չեն, սակայն Թրամփի ակնկալիքները, իր խօսքով, չեն բաւարարւել, որը յանգեցրել է Թրամփի հռետորաբանութեան փոփոխութեանը։
«Նրա հիմնական արձանագրումն այն է, որ ՌԴ ղեկավարութիւնից կայ հիասթափութիւն։ Սակայն քաղաքականութիւնը նման կատեգորիաներով չէ, սա բարդ հակամարտութիւն է, Եւրոպան՝ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան ընթանում են Ուկրաինային աջակցելու ճանապարհով, բանակցում էին, որ այդ գործին միանայ նաեւ Թրամփը, պատժամիջոցների փաթեթն ընդլայնեցին՝ հնչեցնելով վերջնագրեր Ռուսաստանին։ Ռուսաստանում կայ ընկալում, որ արեւմտեան գեներալները պատահական չեն նման սցենարներ դնում շրջանառութեան մէջ, ինչը նշանակում է, որ կան նման ծրագրեր ինչ-ինչ զարգացումների դէպքում։ Յատկապէս Կալինինգրադի վերաբերեալ Արեւմուտքից արւել են մի քանի յայտարարութիւններ, որը չի կարող չմտահոգել՝ հաշւի առնելով հանգամանքը, որ հարեւանութեամբ Լեհաստանն է։ Ռուսաստանն էլ իր հերթին՝ քայլերի է դիմում, որոնք պէտք է զսպող դերակատարութիւն ունենան։
«Օրեշնիկ»-ի տեղակայումը Բելառուսում՝ Լեհաստանի հարեւանութեամբ, կարծում եմ՝ արդէն իսկ խօսուն քայլ է։ Պատերազմը կարող է հետագայ էսկալացիայի հանգել, թէեւ դա ՌԴ-ում չեն ցանկանում»,- նկատել է Ալեքսանդր Խրամչիխինը։
Ըստ նրա՝ «Օրեշնիկ»-ի արտադրութեան մասին յայտարարութիւնը նման քայլերից է, որն ուղղւած է սթափեցնելու ՆԱՏՕ-ին եւ ցոյց տալու, որ Ռուսաստանը պատրաստ է վճռական հարւածների։
«Բացի այդ, յայտարարութիւնն արւեց Ուիտքոֆի այցին ու ամերիկեան բանակցութիւններին ընդառաջ, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն փորձում է իր դիրքն ամրապնդած խօսել ԱՄՆ-ի հետ ամերիկեան կողմի վերջին մի շարք ոչ այնքան բարեացակամ յայտարարութիւններից յետոյ։ Այս ամէնը ցոյց է տալիս, որ հակամարտութիւնը, ցաւօք, մօտ չէ կարգաւորմանը, ՌԴ-ի ճնշման քաղաքականութիւնը յանգեցնելու է վճռական որոշումների, կարծում եմ, այս յայտարարութիւնները նախազգուշացնող, զսպող նպատակ ունեն»,- ասել է Ալեքսանդր Խրամչիխինը։
Զրոյցը՝ ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ