Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տաթեւիկ Հայրապետեան. «Արման Թաթոյեանի նշած խնդիրները իրապէս ակտուալ են․որերորդ անգամն է՝ ադրբեջանական պետական հեռուստաընկերութիւնը ՀՀ տարածքը կոչում է «Արեւմտեան Ադրբեջան»»

«ԱԼԻՔ» – «Արման Թաթոյեանի նշած խնդիրները իրապէս ակտուալ են․որերորդ անգամն է՝ ադրբեջանական պետական հեռուստաընկերութիւնը ՀՀ տարածքը կոչում է «Արեւմտեան Ադրբեջան»»։ Այս մասին իր թելեգրամեան ալիքում գրել է ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանը։

«Օրեր առաջ Արման Թաթոյեանի գրառումը «Արեւմտեան Ադրբեջան» զաւթողական հայեցակարգի եւ դրանով պայմանաւորւած որոշ քայլերի մասին բուռն քննարկումների առիթ դարձաւ, որի հետեւանքով իշխանական որոշ ներկայացուցիչներ ամենատգեղ բառապաշարով սկսեցին թիրախաւորել Թաթոյեանին։ Թաթոյեանի բարձրացրած թեմային անդրադարձել է նաեւ ադրբեջանական պետական AZ TV հեռուստաընկերութիւնը՝ կադրեր ցուցադրելով եւ եւս մէկ անգամ ապացուցելով, որ նախկին ՄԻՊ-ի նշած խնդիրները իրապէս ակտուալ են։ Նրանք ինչ-որ թղթեր են շրջանառում, ինչ-որ «վերադարձի» հայեցակարգեր մշակում՝ այդ ամէնը իրականացնելով պետական հովանաւորութեամբ։ Այս թեման ինձ եւս քաջածանօթ է. ինքս մանրամասն հետազօտութիւն եմ իրականացրել՝ ցոյց տալով, որ ՀՀ տարածքը «Արեւմտեան Ադրբեջան» անունով կոչելը յստակ զաւթողական կոնցեպտ է եւ արդէն ներառւել է կրթական համակարգում։

Սա զրոյից ստեղծւած, առանց որեւէ պատմական հիմքի տերմին է, որը Իլհամ Ալիեւը շրջանառութեան մէջ է դրել 2022 թւականի դեկտեմբերի 24-ից ի վեր՝ յայտարարելով.

«Ներկայիս Հայաստանը մեր հողն է… Ե՞րբ է հայ ժողովուրդը տեղափոխւել մեր հողեր։ Սա բոլորս հիանալի գիտենք։ Ե՞րբ են նրանք տեղափոխւել Ղարաբաղ։ Ե՞րբ են տեղափոխւել Զանգեզուր։ Ո՞ւմ կողմից են դրանք փոխանցւել. ինչպէս եւ ինչ նպատակով։ Այս ամէնը մենք շատ լաւ գիտենք։ Նրանք երբեք պետութիւն չեն ունեցել այս տարածքում՝ Հարաւային Կովկասում… Ուստի մենք պէտք է այս փաստերը ներկայացնենք կենտրոնացւած ե կազմակերպւած, ճիշտ ձեւով։ Եւ ես վստահ եմ, որ մենք դրան հասնելու ենք»։

Հիմա՝ սրա դէմ կազմակերպւած պայքարելու եւ սրա վերաբերեալ յստակ ու աներկբայ քաղաքական գնահատականներ հնչեցնելու փոխարէն, ՀՀ իշխանութիւնները ոչ միայն կոծկում ու թաքցնում են այս վտանգաւոր զաւթողական հայեցակարգը, այլ՝ աւելին՝ թիրախաւորում են բոլոր այն մարդկանց ու մասնագէտներին, որոնք փաստերով ցոյց են տալիս ռիսկերը։ Այստեղ ոչ տագնապ սերմանելու խնդիր կայ, ոչ էլ եղածը ուռճացնելու։ Կայ պարզ բան՝ զուգահեռ իրականութեան մէջ մշակւում է ՀՀ-ի դէմ ուղղւած զաւթողական ծրագիր։ Դա արւում է բաց, անթաքոյց, եւ դրա դէմ կարելի է պայքարել, աւելին՝ պէտք է ուղղել հէնց Ադրբեջանի դէմ։ Բայց դրա փոխարէն այդ ամէնը կամ կոծկւում է, կամ անհարկի ու տգէտ համեմատութեան մէջ է դրւում Արցախի թեմայի հետ՝ դրանով իսկ միս ու արիւն տալով զրոյից ստեղծւած այս զաւթողական հայեցակարգին։ Սա է խորքային խնդիրը՝ պատշաճ ու կազմակերպւած աշխատանք չի իրականացւում այս ամէնը կանխելու համար։ Իսկ սա արդէն որերորդ անգամն է, որ ադրբեջանական պետական հեռուստաընկերութիւնը ՀՀ տարածքը կոչում է «Արեւմտեան Ադրբեջան», իսկ Հ1-ի եթերում դեռ որոշ «փորձագէտներ» քարոզում են, թէ այդ թեման փակւել է օգոստոսի 8-ի վաշինգտոնեան հանդիպումից յետոյ։ Լաւ, ո՞րքան կարելի է կեղծիքի մէջ ապրել ու համոզել, որ դա իրականութիւն է։ Եթէ իրողութիւնը տեսնես ու ընկալես, դրա դէմ պայքարը շատ աւելի դիւրին ու արդիւնաւէտ կը լինի։ Ինքնախաբէութիւնը այս հարցի ամենաւատ լուծումն է»,- գրել է նա։

Related Articles

Back to top button