ՄիջազգայինՔաղաքական

Վանի լքւած հայկական եկեղեցին՝ Թուրքիայի խորհրդարանի օրակարգում

«ԱԼԻՔ» – Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների հաւասարութեան եւ ժողովրդավարութեան» (DEM) կուսակցութեան պատգամաւոր տկն. Գիւլջան Քաչմազը Վանի հայկական Վարագայ Սուրբ Խաչ եկեղեցու հարցով դիմել է Թուրքիայի խորհրդարան: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Պատգամաւորը ահազանգում է, որ եկեղեցու գմբէթը փլուզւած է, իսկ պատերի որմնանկարներն ու արձանագրութիւնները՝ վնասւած։

Պատգամաւորը մասնաւորապէս նշել է, որ Վանը ծառայել է բազմաթիւ քաղաքակրթութիւնների մայրաքաղաք՝ Ուրարտուից մինչեւ մեր օրեր։ Դամբարանները, եկեղեցիներն ու բազմաթիւ պատմական կառոյցները քաղաքի մշակությաին ժառանգութեան մասն են կազմում ու կարեւոր են նաեւ հաւատքի ու մշակութային զբօսաշրջութեան տեսանկիւնից։

Ըստ պատգամաւորի՝ անհրաժեշտ է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպէսզի դրանք չքանդւեն։

«Տեղեա՞կ էք Վանի նահանգի Իփեքէոլու շրջանում գտնւող հայկական Վարագայ Սուրբ Խաչ եկեղեցու կրած վնասների մասին: Ինչո՞ւ չի կանխւում վանքի հետագայ փլուզումը: Կա՞ն արդեօք որեւէ կարգադրութիւն հայկական եկեղեցու պահպանութեան մասով։ Եթէ այո, ապա այդ դէպքում ինչո՞ւ չեն ձեռնարկւում անհրաժեշտ միջոցները»,- հարցադրում է արել պատգամաւոր Քաչմազը՝ ակնկալելով պատասխան ստանալ Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյից։

Նշենք, որ հայկական Վարագայ Սուրբ Խաչ եկեղեցին կառուցւել է 8-րդ դարում։ Տեղացիների շրջանում յայտնի է Yedi kilise (Եօթ եկեղեցի) անւամբ։

Related Articles

Back to top button