Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բացայայտ հակաժողովրդավարութեան նորանոր դրսեւորումներն ու դրանց հեռահար «մեսիջները»

ԱՐՄԷՆ ՅԱԿՈԲԵԱՆ

 

Երէկ (հոկտեմբերի 20 – ԽՄԲ.) առաւօտւանից Գիւմրիում ծաւալւած իրադարձութիւնները հերթական անգամ եկան հաստատելու Փաշինեանի «ժողովրդավարական բաստիոնի» չգոյութիւնն ու Հայաստանում բացարձակ ոստիկանական, ռեպրեսիոն ռեժիմի անթաքոյց ամրապնդումը: Խնդիրն ինքնին բազմաշերտ է, ուստի այդպէս էլ այն դիտարկենք: Երեւոյթի քաղաքական շերտը միանգամայն պարզ տեսանելի է:

Այն, որ Նիկոլ Փաշինեանն ու ՔՊ-ն ոչ մի կերպ չեն կարողանում «մարսել» Գիւմրու ՏԻՄ ընտրութիւններում պարտւելու իրողութիւնը, աւելին՝ պատրաստւում են արդէն փորձւած տարբերակներից որեւէ մէկով «փոխել» ընտրութեան արդիւնքները, ակնյայտ էր: Աւելին, Փաշինեանն ինքը օրերս բացէիբաց յայտարարեց, որ ամէն գնով պիտի դա անեն, ասաց՝ թիւրիմացութիւն է, որ Վարդան Ղուկասեանն է Գիւմրու քաղաքապետ, ու պիտի այդ «սխալը» շտկեն:

Չոր փաստեր. Փաշինեանն ու ՔՊ-ն տեղական ընտրութիւններում պարտւել են մի շարք համայնքներում, իսկ այս տարւայ գարնանը պարտւեցին Փարաքարում եւ Գիւմրիում: Նախորդ դէպքերում, օրինակ՝ Վանաձորում, կալանաւորեցին ընտրւած քաղաքապետին, Ալավերդիում իշխանութիւնը ՔՊ-ն զաւթեց ոստիկանական զոռբայութեամբ, այլ տեղերում դիմեցին յետընտրական մանիպուլեացիաների եւ էլի՝ խեղաթիւրեցին քաղաքացիների ընտրութեան արդիւնքները: Գիւմրու ՏԻՄ ընտրութիւններից յետոյ ընդդիմադիր ուժերի փոխհամաձայնութեամբ քաղաքապետ ընտրւած Վարդան Ղուկասեանը երէկ ձերբակալւեց:

Հարկ է յատուկ ընդգծել, որ տեղական ինքնակառավարման մարմինները ժամանակակից ժողովրդավարական կառավարման համակարգերում համարւում են առաջնային օղակ: Եւ ահա, այդ առաջնային օղակի հետ կապւած՝ օրւայ գործող իշխանութիւնը, իրեն ենթակայ ռեպրեսիւ մարմինների միջոցով, գրեթէ բոլոր դէպքերում, ընտրութիւններից մի քանի ամիս անց, «վերանայում» է քւէարկութեան արդիւնքները: Եթէ իրերը կոչենք իրենց անուններով, ապա դա քաղաքացիների կատարած ընտրութիւնը ոտնահարել է նշանակում: Կարճ ասած՝ դա ժողովրդավարութեան վերջն է: Ի լրումն, հարիւրաւոր ոստիկաններով Գիւմրի լցւելը, խաղաղ բնակիչների դէմ բռնութիւններ գործադրելն ընդամէնը տպաւորութիւն է թողնում, որ նպատակը հանրութեան ահաբեկումն է, ոստիկանական տեռորի դարչնագոյն միջավայր ձեւաւորելը:

Ի դէպ, Նիկոլ Փաշինեանը, որ վերջերս շատ է սիրում մատներով «սրտիկներ» անել, ինչպէս երեւում է, Գիւմրու հանդէպ առանձնայատուկ չարացածութիւն ունի, երեւի նրան խիստ դուր չեկաւ, որ գիւմրեցիները ոչ միայն «մերժեցին Նիկոլին», այլեւ ճոխ ու տպաւորիչ նշեցին «Քաղաքի օրը», որի առթիւ իշխանութիւնն անգամ շնորհաւորանքի խօսք չասաց: Երեւի դրա համար էլ նման սադիստական ծեծուջարդ կազմակերպեց Գիւմրիում:

Գանք տեղի ունեցածի իրաւական շերտին: Այն, որ Գիւմրու քաղաքապետին մեկուսացնելուն ուղղւած ինչ-որ բան անելու էին Փաշինեանն ու ՔՊ-ն, կրկնենք, ոչ մէկի համար անսպասելի ու անկանխատեսելի չէր, առաւել եւս՝ Վարդան Ղուկասեանի համար դա չէր կարող անակնկալ լինել. նա վերջերս ինքն էր նախանշում տարբեր սցենարներ, որոնք փաշինեանական իշխանութիւնը կը փորձի կիրառել իր դէմ: Բայց այստեղ մի շարք հարցեր են ծագում, թէ ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ այդ «զանգւածային գրոհով» եւ ոչ միայն:

Նախ՝ մի՞թէ Վարդան Ղուկասեանին կամ այլ կասկածեալների հրաւիրել էին քննիչի մօտ, իսկ նա չէր գնացել: Ո՛չ, իհարկէ: Սակայն այդպէս Փաշինեանի ու ՔՊ-ի համար հետաքրքիր չէ: Նրանց պէտք է, որ անպայման «մասկի շոու»-ներ լինեն, «կարմիր» բերետաւորներ, «պառկեցնեն գետնին», բռնի ուժով քարշ տան: Օրինակ՝ ինչպէս յարձակւեցին փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի վրայ… ֆէյսբուքեան գրառման համար:

Միաժամանակ, յիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ, երբ ոչ մի կոչ չպարունակող արտայայտութեան համար նոյն ռեպրեսիւ մարմինները շրջապատեցին Սամուէլ Կարապետեանի տունը, իսկ նա, ի վերջոյ, քայլելով եկաւ, նստեց մեքենան, դա չներւեց ռեժիմին հաւատարիմ ԱԱԾ տնօրէնին, ու վերջինս պաշտօնից անմիջապէս հեռացւեց…

Միւս կողմից՝ քիչ հաւանական է, որ մարդն իմանայ, որ իշխանութիւնները իրեն բանտարկելու առիթ են փնտրում, եւ… նման առիթ տայ: Վարդան Ղուկասեանի մասին տարբեր կարծիքներ կարող են լինել ու կան, բայց հազիւ թէ նրան կարելի է, այսպէս ասենք, միամիտ համարել: Այդ համատեքստում իշխանութեան հնչեցրած «կաշառքի» մեղադրանքն էլ խիստ կասկածելի է թւում, բայց դա արդէն երեւի ոչ մէկին չի էլ հետաքրքրում: Ընդ որում, նկատենք՝ տարածւած համոզմունք կայ, որ եթէ «առձեռն» չեն բռնում, ապա «կաշառքի գործը» (որեւէ գործ) ամենաբարդ ապացուցելիներից է համարւում:

Յատկանշական է, որ իշխանութեան ներկայացուցիչներն անմիջապէս սկսեցին խօսել այնպիսի տոնայնութեամբ, կարծես արդէն ոչ միայն ձերբակալել են, այլեւ կալանքի որոշումն են տւել, նոյնիսկ՝ դատավճիռը կարդացել: Չէ, ինչ անմեղութեան կանխավարկած, ինչ բան, նման երեւոյթները ՔՊ-ի համար զրոյական արժէք ունեն, ինչպէս, ընդհանրապէս, օրէնքն ու օրինականութիւնը:

Սակայն այս ամէնի հետ կապւած կան նաեւ այլ՝ ապագային միտւած շերտեր: Տեսէք. շուտով, մէկ ամսից էլ քիչ անց՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացւած համայնքի ղեկավարի ընտրութիւններն են: Գիւմրիում կատարւածը, կարծում ենք, ուղիղ գծով կապւած է սպասւող այդ ՏԻՄ ընտրութեան հետ: Ըստ էութեան, չունենալով առաջարկելու եւ ոչ մի բան, գործող իշխանութիւնը, Փաշինեանի գլխաւորութեամբ եւ նրա ենթակայութեան տակ դրւած մարմիններով, ջանում է հոգեբանօրէն ճնշել, ահաբեկել ու տեռորի ենթարկել հանրութեանը: Ուզում են ասել, որ կապ չունի, թէ դուք ում օգտին կը քւէարկէք, կարեւորն այն է, թէ ինչ կորոշի Նիկոլ Փաշինեանը:

Թէպէտ, ինչո՞ւ միայն Վաղարշապատ համայնքի ընտրութիւնները:

Առջեւում սպասւում են համապետական ընտրութիւններ: Եւ ի՞նչ է անում ամէն գնով վերարտադրւելու նպատակ հետապնդող իշխանութիւնը՝ Փաշինեանի գլխաւորութեամբ:

Ըստ էութեան, երէկ Գիւմրիում արձանագրւած ու դրան համահունչ քայլերով Փաշինեանն ու ՔՊ-ն ոչ թէ սոսկ արժէզրկում, այլ նոյնիսկ իմաստազրկում են ընտրութիւն ասւածը:

Բայց դա ակնյայտօրէն լաւ տեղ չի տանում: Եւ, վերջապէս, հօ ամէն մի քւէատուփի մօտ «կարմիր» բերետաւորների ստորաբաժանումնե՞ր չեն զետեղելու, թէ՞ միայն 1 քւէաթերթիկ են դնելու…

Կարող են, իհարկէ, դրան էլ դիմել: Բայց դա չի փրկելու: Ի վերջոյ, մարդիկ ունեն ոչ միայն ընտրելու իրաւունք: Իսկ ընդդիմադիր ուժերը այս ամենից պէտք է իրենց համարժէք հետեւութիւններն անեն: Մանաւանդ, որ Փաշինեանն այլեւս ոչինչ չունի առաջարկելու՝ ոստիկանական «բերետներից», ձերբակալութիւններից, բռնութիւններից բացի:

Յ. Գ. – Հետաքրքիր է՝ դեսպանները, միջազգային կառոյցները, իրաւապաշտպանները, ընդհանրապէս՝ ժողովրդավարութիւնն իրենց համար «ուղենիշ» յայտարարածները էլի բան չունե՞ն ասելու…

«Փաստ»

Related Articles

Back to top button