WSJ. «Թրամփը մերժել է Զելենսկուն Tomahawk-ի հարցում եւ յայտարարել, որ իր համար կարեւոր չէ Ուկրաինայի տարածքների հարցը»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկուն, որ իր համար միեւնոյն է, թէ որտեղով կանցնեն Ուկրաինայի նոր սահմանները, միայն թէ երկիրը Ռուսաստանի հետ խաղաղութեան մասին պայմանաւորւի, գրում է The Wall Street Journal-ը։ Ամերիկացի պաշտօնեաների խօսքով՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ ինքը չի ձգտում որեւէ կոնկրետ տարածքային արդիւնքի. իր հիմնական առաջնահերթութիւնը պատերազմի աւարտն է։ Թրամփը նաեւ յայտնել է Զելենսկուն, որ Ուկրաինան մօտ ապագայում չպէտք է յոյս դնի Tomahawk տեսակի հեռահար հրթիռների վրայ։
Պարբերականի զրուցակիցների խօսքով՝ Մոսկւան եւ Կիեւը դեռ հեռու են պատերազմի աւարտից, իսկ տարածքային հարցերը դեռեւս մնում են բանակցութիւնների կենտրոնում։ Առաջին պլանում Դոնբասի ճակատագիրն է։ Թրամփի հետ վերջին հեռախօսազրոյցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին պահանջել է հրադադարի պայմանով իրեն յանձնել Դոնեցկի մարզի մնացած 22%-ը, մինչդեռ Ուկրաինան եւ եւրոպացի գործընկերները կտրականապէս մերժել են նման զիջումները։ Կիեւում նշել են, որ դա հակասում է Սահմանադրութեանը եւ որ Մոսկւան, ստանալով ամբողջ տարածաշրջանը, այն որպէս յենակէտ կօգտագործի նոր նւաճումների համար։
WSJ-ի աղբիւրները նշել են, որ ուրբաթ օրը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Թրամփը կտրուկ է եղել, հրաժարւել է նայել մարտական գործողութիւնների քարտէզներին եւ յայտարարել է, որ Դոնբասի վերադարձը Ուկրաինային առաջնահերթութիւն չէ՝ նշելով, որ Ռուսաստանն արդէն վերահսկում է տարածաշրջանի մեծ մասը կամ 78%-ը։ Պաշտօնեաների խօսքով՝ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ շահագրգռւած է պատերազմի շուտափոյթ կարգաւորմամբ եւ իրեն չի անհանգստացնում, թէ վերջնական արդիւնքում ում ինչ կը հասնի։ «Նրանք պէտք է պարզապէս կանգ առնեն այնտեղ, որտեղ գտնւում են։ Մնացածը շատ դժւար է համաձայնեցնել», – ասել է նա կիրակի օրը Fox News-ի եթերում։
Լրագրողների հետ զրուցելիս, Թրամփը խոստովանել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի աւարտը շատ աւելի բարդ է ստացւել, քան ինքն էր ակնկալում։ «Դա տհաճ է, քանի որ դուք ունէք երկու ղեկավար, որոնք իսկապէս ատում են միմեանց», – նշել է նա՝ նկատի ունենալով Զելենսկուն եւ Պուտինին։
Թրամփը զգուշացրել է, որ եթէ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղութեան հասնել չյաջողւի, ապա «շատերը մեծ գին կը վճարեն»։ Զելենսկին պաշտպանել է նրա կոչը՝ դադարեցնել կրակը ճակատային գծով եւ միայն դրանից յետոյ պայմանաւորւել վերջնական խաղաղութեան մասին։ Ի պատասխան՝ Կրեմլում յայտարարել են, որ Ռուսաստանը դեռեւս դէմ է մարտական գործողութիւնները սառեցնելուն, քանի որ իրեն «կարեւոր է հասնել իր նպատակներին, որոնք քաջ յայտնի են բոլորին»։



