
«ԱԼԻՔ» – Փոխարտգործնախարար, ԱԳՆ քաղաքական եւ միջազգային ուսումնասիրութիւնների կենտրոնի ղեկավար Սայիդ Խաթիբզադէն, Մոսկւայում RT-ին տւած հարցազրոյցում յայտարարել է, որ ԱՄՆ-ը իր հեգեմոն քաղաքականութեամբ փորձում է սեփական կամքը պարտադրել այլ պետութիւններին եւ խաթարել բազմաբեւեռ համաշխարհային համակարգի ձեւաւորման գործընթացը։
Ինչպէս հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ նա նշել է, որ բազմաթիւ երկրներ ձգտում են ձեւաւորել արդար եւ հաւասար մասնակցութեամբ նոր համաշխարհային կարգ, սակայն Վաշինգտոնը եւ նրա դաշնակիցները գործում են հակառակ ուղղութեամբ։ «Ամերիկայի մօտեցումը հիմնւած է ուժի եւ ճնշման վրայ. նրանք հաւատում են, որ կարող են իրենց կամքը պարտադրել միւսներին»,- ասել է նա։
Խաթիբզադէն յիշեցրել է, որ ԱՄՆ-ը Իրանի դէմ առաջին տնտեսական պատժամիջոցները սահմանել է դեռեւս 1979 թւականի Իսլամական յեղափոխութիւնից յետոյ՝ բռնագրաւելով իրանական ակտիւները եւ սահմանափակելով առեւտուրը։ Հետագայում, այդ սահմանափակումները ընդլայնւել են՝ իբր «ահաբեկչութեան» եւ Իրանի միջուկային ծրագրի պատճառաբանութեամբ։
Նա նշել է, որ Վաշինգտոնի պատժամիջոցներն ապացուցում են դրա կամակոր բնոյթը եւ հակասում են միջազգային իրաւունքի սկզբունքներին։ «Ամերիկացիները խօսում են խաղաղութեան մասին, բայց իրականում հաստատում են իրենց գերիշխանութիւնը։ Ուժը խաղաղութիւն չի բերում․ այն ծնում է նոր ծայրայեղականութիւն ու պատերազմ»,- ընդգծել է դիւանագէտը։
Անդրադառնալով Մերձաւոր Արեւելքի լարւածութեանը՝ Խաթիբզադէն ասել է, որ Իսրայէլը վերջին երկու տարիներին յարձակւել է առնւազն 9 երկրների վրայ՝ առանց որեւէ իրաւական սահմանափակման, այդ թւում՝ իրականացրել է ահաբեկչական գործողութիւններ Իրանի դէմ։ «Թել Աւիւը փորձում է ուշադրութիւնը շեղել Պաղեստինի իրական հարցից։ Տարածաշրջանի բոլոր խնդիրների արմատը Իսրայէլի ագրեսիւ քաղաքականութիւնն է եւ միասնական պաղեստինեան պետութեան ձեւաւորման խոչընդոտումը»,- ասել է նա։
Խաթիբզադէն յաւելել է, որ Իրանը պաշտպանւելու իր իրաւունքը երբեք չի զիջի եւ պատասխան է տալիս որեւէ ոտնձգութեան։
Նա քննադատել է նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեանը՝ նշելով, որ այդ կառոյցը պէտք է գործի անաչառ ու տեխնիկական հիմքերով, սակայն յաճախ ենթարկւում է որոշ երկրների քաղաքական ազդեցութեանը։ «Գործակալութիւնը նոյնիսկ չդատապարտեց Իսրայէլի եւ ԱՄՆ-ի յարձակումները Իրանի միջուկային օբիեկտների վրայ, ինչը ցոյց է տալիս դրա քաղաքականացւած լինելը»,- ընդգծել է նա։
Անդրադառնալով Եւրոպայի դիրքորոշմանը՝ փոխնախարարը նշել է, որ եւրոպական երկրների՝ Snapback-ի ակտիւացմանն ուղղւած քայլերը իրաւական եւ ռազմավարական առումով սխալ են եղել, քանի որ խախտւել են Համատեղ գործողութիւնների համապարփակ ծրագրի ընթացակարգերը։ Նրա խօսքով՝ աւելի քան 100 երկիր՝ Ռուսաստանի, Չինաստանի եւ Չմիաւորւած պետութիւնների հետ միասին, հրաժարւել են ճանաչել Վաշինգտոնի եւ Բրիւսելի կողմից ընդունւած անօրինական պատժամիջոցները։
«Ամերիկեան եւ եւրոպական քաղաքականութիւնը ցոյց տւեց նրանց անկարողութիւնը հասկանալու իրական միջազգային իրադրութիւնը։ Իրանը, հակառակ դրան, գործում է իրաւական հիմքերով եւ հաւատարիմ է միջազգային պարտաւորութիւններին»,- եզրափակել է Խաթիբզադէն։



