Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արգիշտի Կիւիրեան. «Բաքւի իշխանութիւններից է կախւած Նիկոլ Փաշինեանի քաղաքական ճակատագիրը»

«ԱԼԻՔ» – «Փաշինեանը երկար ժամանակ մոլորեցնում էր հայ հասարակութեանը, թէ այս բոլոր հարցերը փակւած են, այսօր ուշքի է եկե՞լ»։ Այս մասին սեպտեմբերի 30-ին, News.am-ի հետ զրոյցում ասել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիւիրեանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Նիկոլ Փաշինեանի ելոյթին, որտեղ նա, կոչով դիմել էր Արդբեջանի նախագահին։

Փաշինեանը մասնաւորապէս ասել էր. «Ես ակնկալում եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերները քարտէզի վրայ ցոյց կը տան, թէ ինչ հատւած են նկատի ունենում՝ այն անւանելով «Զանգեզուրի միջանցք» եւ եթէ դա որեւէ կերպ վերաբերում է Հայաստանի ինքնիշխան տարածքին, ապա դա նշանակում է Հայաստանի ինքնիշխանութեան խախտում, ինչի մասին բարձրագոյն մակարդակով հրապարակայնօրէն պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել»։

Քաղաքագէտ Արգիշտի Կիւիրեանը, խօսելով Փաշինեանի՝ Ալիեւին ուղղւած կոչի մասին, ասել է.

«Եթէ կայ իրական խաղաղութիւն, եւ այս կամ այն երկրի քաղաքացիները հարեւան պետութեան տարածքով իրենց նախընտրած ճանապարհով տեղաշարժւում են, դա է ճանապարհը։ Իսկ եթէ կայ մի ուղի, որից միայն անխափան օգտւում է մի երկիր, ուրեմն դա որպէս այդպիսին աւելին է, քան ճանապարհը։ Հիմա հայը կարո՞ղ է Ադրբեջանի տարածքով ինչ-որ տեղ գնալ, նման բան այս պահին պատկերացնո՞ւմ էք։ Ուրեմն չկայ խաղաղութիւն։ Այն ինչ Փաշինեանը փորձում է հրամցնել հայ հասարակութեանը, ընդամէնը հասարակութեանը մոլորեցնելու փորձ է, որպէսզի 2026 թւականին կարողանան վերարտադրւել։ Այն, ինչ անցնելու է Մեղրիով, աւելին է քան ճանապարհը։ Ադրբեջանցիները դրա անունը դրել են «միջանցք»»։

Լրագրողի հարցին, եթէ իշխանութիւնների համար խաղաղութիւնն ընդամէնը խաղաթուղթ է առաջիկայ ընտրութիւններում վերընտրւելու համար, եւ եթէ Ադրբեջանին դա ձեռնտու է, ապա ինչո՞ւ է օգտագործում խօսոյթ, որը կարող է կասկածներ առաջանցել հայ հասարակութեան շրջանում, քաղաքագէտը պատասխանել է.

«Ադրբեջանն իրականում հէնց այդպէս էլ անում է, գլոբալ առումով կտրուկ քայլերի չի գնում, ուղղակի ժամանակ առ ժամանակ Նիկոլ Փաշինեանին յիշեցնում է, որ իր տէրը Ադրբեջանն է։ Բաքւի իշխանութիւններից է կախւած Նիկոլ Փաշինեանի քաղաքական ճակատագիրը։ Եթէ հիմա Ադրբեջանի իշխանութիւնները շատ աւելի կտրուկ քայլեր անեն, հասարակութեան աչքերը կը բացւեն, մարդիկ կը հասկանան, որ Փաշինեանը ոչ թէ խաղաղութիւն է բերում, այլ աղէտ»։

Related Articles

Back to top button