Թրամփը հրաժարւել է յստակ յայտարարել, որ երրորդ ժամկէտով չի առաջադրւի

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է 2028 թւականի ընտրութիւններում փոխնախագահի պաշտօնում առաջադրւելը, սակայն հրաժարւել է յստակ յայտարարել, որ չի առաջադրւի երրորդ ժամկէտով, հաղորդում է Reuters-ը։
Թրամփը բազմիցս խօսել է սահմանադրութեամբ թոյլատրւած երկու ժամկէտից աւելի պաշտօնավարելու մտքի մասին՝ հանրահաւաքների ժամանակ կատակելով այդ թեմայով։ Նրա որոշ դաշնակիցներ լուրջ են ընդունել այս ազդանշանները՝ ակնարկելով, որ իրենք ուսումնասիրում են դա իրականութիւն դարձնելու իրաւական կամ քաղաքական ուղիները։
ԱՄՆ Սահմանադրութեան 22-րդ փոփոխութիւնը արգելում է նախագահի պաշտօնում երրորդ ժամկէտով առաջադրւելը։
Որոշ կողմնակիցներ ենթադրել են, որ այս արգելքը շրջանցելու միջոցներից մէկը կը լինի այն, որ Թրամփը առաջադրւի փոխնախագահի պաշտօնում, մինչդեռ մէկ այլ թեկնածու առաջադրւի նախագահի պաշտօնում եւ հրաժարական տայ, ինչը Թրամփին թոյլ կը տայ կրկին ստանձնել նախագահի պաշտօնը։
«Ես դա թոյլ կը տայի։ Բայց չէի անի։ Չեմ կարծում, որ մարդկանց դա դուր կը գայ։ Դա ճիշտ չէր լինի»,- շեշտել է Թրամփը երկուշաբթի՝ Մալայզիայից Տոկիօ թռիչքի ժամանակ նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ շփւելիս։
Խօսելով երրորդ ժամկէտի հնարաւորութեան մասին՝ Թրամփն ասել է. «Շատ կը ցանկանայի դա անել։ Ես ունեմ լաւագոյն ցուցանիշը, որը երբեւէ ունեցել եմ»։
Թրամփը նաեւ յայտարարել է, որ փոխնախագահ Ջէյմս Դէյւիդ Վենսը եւ պետքարտուղար Մարկօ Ռուբիօն հրաշալի մարդիկ են, որոնք 2028 թւականին կարող են առաջադրւել նախագահի պաշտօնում։
«Կարծում եմ, որ եթէ նրանք երբեւէ միաւորւեն, նրանց դէմն առնել չի լինի։ Ես իրօք այդպէս եմ կարծում։ Ես հաւատում եմ դրան»,- ասել է ԱՄՆ նախագահը։



