ՄիջազգայինՔաղաքական

ԱՄՆ-ն Փարիզում կայացած հանդիպումից յետոյ չի ստորագրել վերջնական հռչակագիրը

«ԱԼԻՔ» – Եւրոպան եւ Միացեալ Նահանգները Փարիզում միասնական ճակատով աջակցել են Ուկրաինային՝ ողջունելով ամերիկեան աջակցութեամբ անվտանգութեան երաշխիքները եւ ուրւագծելով Կիեւին երկարաժամկէտ աջակցութեան մանրամասն ծրագիրը, ներառեալ հրադադարից յետոյ բրիտանական եւ ֆրանսիական զօրքերի տեղակայումը:  Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է Politico-ն:

Որպէս աջակցութեան ակնառու դրսեւորում՝ ԱՄՆ դեսպան Սթիւ Ուիթքոֆը եւ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, բարձր են գնահատել Եւրոպայի աշխատանքը պլանի մշակման գործում, որը անվտանգութեան երաշխիքներ կապահովէր Ռուսաստանի հետ ընթացող խաղաղ բանակցութիւններում։

«Մենք հիմնականում աւարտել ենք անվտանգութեան արձանագրութիւնների մշակումը»,- երեքշաբթի օրը «Էլիզէ» պալատում, կանգնած Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի առաջնորդների կողքին, ասել է Ուիթքոֆը։ – «Սա կարեւոր է նրա համար, որ երբ այս պատերազմն աւարտւի, այն աւարտւի ընդմիշտ»։

ԱՄՆ յատուկ բանագնացը նաեւ գովեստի խօսքեր է ուղղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն եւ նրա «ակնառու թիմին»։

Եւրոպացիները, ամերիկացիները եւ ուկրաինացիները պայմանաւորւել են Ուկրաինայի համար «յուսալի» անվտանգութեան երաշխիքների շուրջ, յայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը։ Այս երաշխիքները ներառում են ԱՄՆ-ի գլխաւորութեամբ հրադադարի ռեժիմի մոնիթորինգ եւ բազմազգ ուժերի տեղակայում Ուկրաինայում՝ Ռուսաստանի հետ խաղաղութեան համաձայնագրի կնքման դէպքում։ Այս մասին ասւած է այսպէս կոչւած «Ցանկացողների կոալիցիայի» (Ուկրաինայի դաշնակիցների առանձին խումբ, որի մէջ չի մտնում Վաշինգտոնը) հրապարակած համատեղ յայտարարութեան մէջ։ «Անվտանգութեան երաշխիքներն առանցքային են նրա համար, որ խաղաղութեան համաձայնագիրը երբեք չնշանակի Ուկրաինայի կապիտուլիացիա եւ որ խաղաղութեան համաձայնագիրը երբեք նոր սպառնալիք չդառնայ Ուկրաինայի համար», – ասել է Մակրոնը։

Միեւնոյն ժամանակ, լրատւամիջոցներն ընդգծում են, որ Փարիզում արւած լաւատեսական յայտարարութիւնները չեն փարատի կասկածները՝ կապւած Ուկրաինային եւ եւրոպական մայրցամաքին աջակցելու հարցում ԱՄՆ-ի յանձնառութեան հետ։

Թէեւ ի սկզբանէ յոյս կար, որ Վաշինգտոնը կընդունի անվտանգութեան երաշխիքների մասին համատեղ յայտարարութիւնը, վերջնական հռչակագիրը, ի վերջոյ, ստորագրւեց միայն «Ցանկացողների կոալիցիայի» կողմից։ Ուկրաինայում բազմազգ ուժերին ամերիկեան մասնակցութեան մանրամասները հեռացւել են նախագծի աւելի վաղ տարբերակից, որին ծանօթացել էր Politico-ն։

Այս տարբերակով նախատեսւում էր, որ ԱՄՆ-ն պարտաւորւում է «աջակցել ուժերին յարձակման դէպքում» եւ օգնութիւն ցուցաբերել հետախուզութեան ու նիւթատեխնիկական ապահովման հարցերում:

Առաջնորդները նաեւ չէին ցանկանում, որ ԱՄՆ պարտաւորութիւնները կասկածի տակ դրւեն ԱՄՆ ուժերի կողմից Վենեզուէլլայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումից եւ Գրենլանդիան բռնագրաւելու նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքից յետոյ։

Ուիթքոֆը հրաժարւել է մեկնաբանել Գրենլանդիայի իրավիճակը՝ փոխարէնն իր ուշադրութիւնը կենտրոնացնելով Կիեւի վրայ եւ պնդելով, որ Թրամփը «վճռականօրէն աջակցում է անվտանգութեան արձանագրութիւններին»:

Related Articles

Back to top button