ՄիջազգայինՔաղաքական

ՌԴ ԱԳՆ. «Եւրամիութիւնն ու ՆԱՏՕ-ն կարող են աշխարհը կանգնեցնել երրորդ համաշխարհային պատերազմի շեմին»

«ԱԼԻՔ» – Եւրամիութիւնն ու ՆԱՏՕ-ն վարում են արկածախնդրական կուրս, որը կարող է աշխարհը կանգնեցնել երրորդ համաշխարհային պատերազմի շեմին: Այս մասին ըստ News.am-ի՝ ռուսական ՏԱՍՍ-ին տւած հարցազրոյցում յայտարարել է ՌԴ ԱԳՆ երկրորդ եւրոպական վարչութեան տնօրէն Իւրի Պիլիպսոնը։

«Իրականում Ռումինիայի ազգային անվտանգութեանը սպառնում է ոչ թէ Ռուսաստանը, ինչպէս նշւում է յիշատակւած փաստաթղթում (2025-2030 թթ․ թարմացւած ազգային պաշտպանութեան ռազմավարութիւն), այլ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ագրեսիւ ու արկածախնդրական կուրսին Բուխարեստի հետեւումը։ Վերջիններիս ղեկավարութիւնը, իր հերթին, սեփական եսասիրական շահերի համար պատրաստ է աշխարհը կանգնեցնել երրորդ համաշխարհային պատերազմի շեմին»,- ասել է դիւանագէտը։ Նրա կարծիքով, «դժւար թէ այդ մարդիկ գիտակցում են նման մռայլ հեռանկարի իրական իմաստը»։

Պիլիպսոնը նոյեմբերին Ռումինիայում ընդունւած ազգային պաշտպանութեան ռազմավարութիւնը անւանել է «ներկայիս բուխարեստեան վերնախաւի հերթական կարճատես քաղաքականութեան օրինակ», որը, ըստ նրա, փաստացի ծրագրում է երկարաժամկէտ հակամարտութիւն Ռուսաստանի հետ։

Նրա գնահատմամբ, փաստաթուղթը «աւելի շուտ ներկայացնում է մտացածին պնդումների հաւաքածու, որի նպատակն է Ռուսաստանի վրայ բարդել Ռումինիայում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը, ինչպէս նաեւ սեփական քաղաքացիների աչքում արդարացնել ռազմական ծախսերի աճը։ Վերջիններս, իրենց հերթին, կասկածում են, որ «պաշտպանութեան» համար յատկացւող միջոցների զգալի մասը, ինչպէս յաճախ պատահում է, չի հասնում իր նպատակին»։

Աւելի վաղ Ռումինիայի խորհրդարանը հաստատել էր 2025-2030 թթ․ թարմացւած ազգային պաշտպանութեան ռազմավարութիւնը։ Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը փաստաթղթի մեկնաբանութեան մէջ նշել էր, որ Ռուսաստանը, իբր, «վարում է հիբրիդային պատերազմ Ռումինիայի եւ բազմաթիւ եւրոպական երկրների դէմ»։ Սպառնալիքների թւում նա նշել էր «հնարաւորութիւնը, որ Ուկրաինայի հակամարտութիւնը կարող է տարածւել Ռումինիային մօտ գտնւող գօտիներ» եւ լրտեսութիւնը։

Related Articles

Back to top button