Քաղաքական

Թաքէր Կարլսոնը բացայայտում է Փաշինեանի յարձակումը Հայոց Եկեղեցու վրայ՝ միլիոնաւոր ամերիկացիների առաջ

Եօթ տարի շարունակ Արեւմուտքը լիովին հանդուրժել է վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ թոյլ տալով նրան խուսափել ամէն տեսակ հակաժողովրդավարական քայլերի համար պատասխանատւութիւնից՝ առանց որեւէ բողոքի այսպէս կոչւած Ազատ աշխարհի կողմից։

Փաշինեանը յայտարարում է, թէ Արեւմուտքը աջակցում է իր կառավարութեանը, քանի որ ինքը ժողովրդավարութիւն է բերել Հայաստան, մինչդեռ իրականում նա հաստատել է միանձնեայ իշխանութիւն, որը համանման է բռնատիրական վարչակարգի։

Արեւմտեան երկրներն առանց որեւէ քննադատութեան աջակցում են Փաշինեանին ոչ թէ նրա համար, որ նշանակալի ներդրում է ունեցել ի նպաստ Հայաստանի, այլ որովհետեւ նա սպասարկում է իրենց շահերը։ Ամբողջ աշխարհը, այդ թւում՝ Ադրբեջանն ու Թուրքիան, մեծ ուրախութեամբ ընդունում են Փաշինեանի մշտական զիջումները, որոնք հնարաւորութիւն են տալիս նրանց պարտադրել իրենց կամքը Հայաստանին։

Անցեալ շաբաթ ամերիկացի պահպանողական քաղաքական մեկնաբան Թաքէր Կարլսոնը բացայայտեց Փաշինեանի կեղծ ժողովրդավարական դիմակը՝ միլիոնաւոր ամերիկացիների առաջ։ Fox News-ի նախկին յայտնի լրագրող Կարլսոնը ներկայում վարում է Tucker Carlson Show-ն, որն ունի շուրջ հինգ միլիոն դիտորդ YouTube-ում եւ երեք միլիոն՝ Facebook-ում։

80 րոպէանոց հարցազրոյցի ընթացքում Կարլսոնը զրուցեց Նարեկ Կարապետեանի՝ գործարար Սամուէլ Կարապետեանի եղբօրորդու հետ, որը Փաշինեանի կողմից բանտարկւել է Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանութեան համար, ինչպէս նաեւ նրա փաստաբան Բոբ Ամստերդամի հետ։ Փաշինեանի կողմնակիցները փորձեցին վարկաբեկել հարցազրոյցը՝ կեղծօրէն պնդելով, թէ Կարապետեանը Կարլսոնին վճարել է 400 հազար դոլար։

Հեռարձակման առաջին 48 ժամում հարցազրոյցը X-ում (Twitter) դիտել է շուրջ 3 միլիոն մարդ՝ 15 հազար հաւանումով, 5 հազար վերահրապարակմամբ եւ 2500 մեկնաբանութեամբ։ YouTube-ում այն դիտել է մօտ 330 հազար մարդ, որը մինչ օրս հաւաքել է 15 հազար հաւանում եւ 4 հազար մեկնաբանութիւն։ Facebook-ում հարցազրոյցը ստացել է 75 հազար դիտում, 1800 հաւանում եւ 400 մեկնաբանութիւն։ Բացի այդ, հազարաւոր մարդիկ դիտել են այն նաեւ կիսւած Facebook-ի եւ Instagram-ի էջերում։

Զրոյցը մեկնարկեց Հայոց Ցեղասպանութեան փաստերի քննարկմամբ, որի ընթացքում Կարլսոնն սպանւած հայերին նկարագրեց որպէս «քրիստոնեայ նահատակներ»։

Անդրադառնալով Փաշինեանի դերին Հայաստանում՝ Կարլսոնը նշեց. «Հայաստանի վարչապետը, կարծես, նպատակ ունի ոչնչացնել աւանդական քրիստոնէութիւնը կամ Եկեղեցին»։ Նարեկ Կարապետեանը պատասխանեց. «Վեց ամիս առաջ մեր վարչապետը սկսեց յարձակւել Հայոց Եկեղեցու եւ նրա առաջնորդի վրայ։ Նա ցանկանում է գահընկեց անել նրան եւ արդէն բանտարկել է երեք արքեպիսկոպոսների»։

Նարեկը պարզաբանեց, որ բարերար Սամուէլ Կարապետեանը ձերբակալւել է Փաշինեանի հրամանով այն բանից յետոյ, երբ լրագրողներին յայտարարել է. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայ ժողովրդի եւ Հայոց Եկեղեցու հազարաւոր տարիների պատմութիւնը, յարձակւել է Եկեղեցու եւ ժողովրդի վրայ։ Եթէ քաղաքական գործիչները չկարողանան լուծել այս հարցը, մենք մեր ձեւով կը մասնակցենք դրա կարգաւորմանը»։ Փաշինեանը նաեւ հրամայել է բռնագրաւել Կարապետեանի ընկերութիւնը, որի արժէքը գնահատւում է աւելի քան կէս միլիարդ դոլար»։

Կարլսոնը յայտարարեց. «Այս վարչապետը, որն ըստ սահմանման ակնյայտօրէն բռնապետ է, հակադրւում է Եկեղեցուն։ Այսպիսով, նրա նպատակը Հայաստանում ուղղափառ եւ աւանդական քրիստոնէութեան ողնաշարը կոտրելն է՝ դրա համար օգտագործելով ոստիկանութեանը»։

Նարեկը պատասխանեց. Փաշինեանն այս քայլերը ձեռնարկում է, քանի որ նա «Թուրքիայից եւ Ադրբեջանից ստանում է ուղերձներ, թէ պէտք է փոխել Եկեղեցու պատմութիւնը, մոռանալ ցեղասպանութիւնը եւ ունենալ նոր եկեղեցական առաջնորդ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան համաձայնագիր կնքելու համար»։

Այնուհետեւ Կարլսոնը զրուցեց Սամուէլ Կարապետեանի փաստաբան Բոբ Ամստերդամի հետ, որն ասաց. «Նոյեմբերի 14-15-ին Հայաստանում աղօթքի նախաճաշ է լինելու… մինչդեռ իմ պաշտպանեալը՝ Սամուէլ Կարապետեանը, բանտում է։ Արքեպիսկոպոսներ են բանտարկւել, հոգեւորականներ են բանտարկւել։ Երկրի ղեկավարը փորձում է պառակտել Եկեղեցին՝ մասնակցելով այն կարգալոյծ քահանայի «պատարագին», որը յայտարարել է, թէ պատրաստւում է հեռացնել Եկեղեցու առաջնորդին։ Այս մարդուն մեծարում են ամերիկացի քրիստոնեաները Երեւանում, Հայաստանում։ Մի մարդու, որը հոգեւորականներին անւանում է մարմնավաճառներ, մի մարդու, որը օգտագործում է այնպիսի խօսքեր, որոնք իմ պատկառելի տարիքում երբեք չեմ լսել, որ որեւէ ղեկավար օգտագործած լինի եկեղեցու առաջնորդների հասցէին։ Եւ շատ զարմանալիօրէն, այս աղօթքի նախաճաշը շարունակւելու է։ Ես դա անւանում եմ հեղինակութեան լւացման նախաճաշ։ ԱՄՆ կառավարութիւնը թոյլ է տալիս, որ սա տեղի ունենայ»։

Անդրադառնալով աղօթքի նախաճաշին՝ Ամստերդամը յաւելեց. «Կարծում եմ՝ Թրամփի երեխաներից մէկը պատրաստւում է մեկնել Հայաստան։ Վստահ եմ, որ Դոնալդ Թրամփ կրտսերը եւս գաղափար չունի, թէ իրականում ինչ է տեղի ունենում այնտեղ։ Սա սարսափելի իրավիճակ է, քանի որ հնարաւոր չէ հասնել լրատւամիջոցներին եւ ասել ճշմարտութիւնը։ ԱՄՆ-ում շատ բարձր պաշտօններ զբաղեցնող մարդիկ գործում են անտեղեակութեան պայմաններում եւ փորձում են մաքրել այնպիսի մարդկանց հեղինակութիւնը, ինչպիսին Փաշինեանն է։ Հայաստանում նրանք ոչ միայն եպիսկոպոսների են ձերբակալել, այլ նաեւ երեք քաղաքապետի, որոնք բարձրաձայնել են իրենց դիրքորոշումը եւ համարւել ոչ ցանկալի, ինչպէս նաեւ ձերբակալել են Կաթողիկոսի ընտանիքի անդամներին՝ եղբօրը եւ մէկ այլ հարազատի, կրկին՝ ամբողջովին կեղծ մեղադրանքներով»։

Ամստերդամն ապա դժգոհեց, որ Փաշինեանի վրայ ճնշում է գործադրւում՝ Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիր ստորագրելու համար՝ «Հայաստանի ժողովրդի ահռելի կորուստների հաշւին։ Կորսւում եւ պղծւում են մշակութային եւ եկեղեցական արժէքներ։ Ադրբեջանից վտարւել են 120 հազար [արցախցիներ], եւ ոչ ոք չի մտածում նրանց մասին։ Բաքւում ունենք 23 քրիստոնեայ [հայ] պատանդներ, իսկ Հայաստանի վարչապետը նոյնիսկ չի յիշատակել նրանց Թրամփի հետ հանդիպման ժամանակ։ Թրամփն է բարձրացրել այդ  հարցը։ Ապշեցուցիչ է, որ Հայաստանի վարչապետը կարծես մերժում է իր սեփական հայոց պատմութիւնը։ Նրանք Արարատ լեռը հանել են անձնագրային դրոշմներից։ Չեն խօսում ցեղասպանութեան մասին։ Յարձակւում են Եկեղեցու վրայ։ Երկրի ղեկավարը ցանկանում է հեռացնել եւ նշանակել Կաթողիկոս։ Իհարկէ, նա չի հասկանում՝ ինչ է Առաքելական Եկեղեցին։ Առաքելական Եկեղեցի լինելու համար անհրաժեշտ է կենդանի կապ ունենալ առաջին առաքեալների հետ. դա նշանակում է, որ ընտրութիւնը պէտք է սրբագործւի եպիսկոպոսների ու Եկեղեցու առաջնորդների կողմից, այլ ոչ թէ քաղաքական գործչի կամ աշխարհիկ իշխանութեան։ Զարհուրելի է, որ նա այսքան անտեղեակ է իր իսկ հաւատից»։

Կարլսոնը արձագանքեց․ «Թւում է, թէ դա նրա կրօնը չէ։ Այսինքն՝ նա, կարծես, հաւատացեալ չէ»։

Ամստերդամը յաւելեց․ «Սամուէլ Կարապետեանը միանգամայն սկզբունքային քրիստոնեայ է, որն արդէն հինգերորդ ամիսն է, ինչ գտնւում է բանտում՝ առանց որեւէ մեղքի, բացի Աստծուն փառաբանելուց։ Եւ հէնց դրա համար էլ նա բանտում է»։

Այնուհետեւ Ամստերդամը քննադատեց ԱՄՆ կառավարութեանը եւ Եւրամիութեանը՝ Փաշինեանին աջակցելու համար․ «Մեր կառավարութիւնը, ինչպէս նաեւ, անկեղծ ասած, ԵՄ-ն, որոշել են գործել այն սրիկա մարդու [Փաշինեանի] հետ, ում արդէն ճանաչում են»։

Հարցազրոյցի աւարտին Ամստերդամը կոչ արեց հանրութեանը ծանօթանալ «Նիկոլ Փաշինեանը եւ Սամուէլ Կարապետեանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հալածանքները» վերնագրով 61 էջանոց Սպիտակ գրքին, որը հասանելի է առցանց՝ freekarapetyan.com կայքում։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button