ՄիջազգայինՔաղաքական

ՌԴ ԱԳՆ-ն կատարում է հնարաւոր միջուկային փորձարկման հետ կապւած իրադրութիւնը վերլուծելու Պուտինի յանձնարարութիւնը

«ԱԼԻՔ» – ՌԴ նախագահի յանձնարարութիւնը՝ վերլուծելու հնարաւոր միջուկային փորձարկման հետ կապւած իրադրութիւնը, կատարւում է: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգէյ Ռիաբկովը «Ինտերֆաքս»-ին տւած հարցազրոյցում։

«Մենք գործում ենք նախագահի ցուցումներին համապատասխան, ով, ինչպէս յայտնի է, ԱԳ նախարարութեանը յանձնարարել է վերլուծել իրադրութիւնը եւ յանձնարարականներ տալ հնարաւոր հետագայ քայլերի վերաբերեալ. դա կատարւում է»,- ասել է նա։

Փոխնախարարն ընդգծել է, որ «այստեղ ոչ մի «արտակարգ բան» չկայ. այստեղ չկայ որեւէ բան, որը կը պահանջի քաղաքական ջերմաստիճանի բարձրացում»։

«Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Եթէ ամերիկացիները գնան իրական միջուկային զէնքի փորձարկումներ անցկացնելու ուղիով, մենք կը պատասխանենք հայելային ձեւով: Այդ մասին բազմիցս ասւել է։ Ես կարծում եմ, որ մեր այս տրամաբանական եւ ոչ հակասական դիրքորոշումը լաւ ընկալել են ե՛ւ Վաշինգտոնում, ե՛ւ միւս մայրաքաղաքներում»,- նշել է Ռիաբկովը՝ յաւելելով. «Մենք Վաշինգտոնին տւել ենք համապատասխան հարցեր, երբ թեման նոր յայտնւեց տեսադաշտում, երբ դրա մասին սկսեցին խօսել»:

Նա յաւելել է, որ իրենց պատասխանել են՝ վերաշարադրելով ԱՄՆ նախագահի յայտարարութիւնը։ Ռուսական կողմը նաեւ վերլուծել է բարձրաստիճան պաշտօնեաների յայտարարութիւնները, որոնցում, Ռիաբկովի խօսքով, կան «որոշակի անհամաձայնութիւններ»։

«Մենք հակւած ենք կարծելու, որ սա այս հարցում նման անորոշութիւն ստեղծելու միտումնաւոր փորձ է։ Մեր դիրքորոշումն առաւելագոյնս պարզ է. մենք յանձնառու ենք իրական միջուկային փորձարկումների վաղուց յայտարարւած եւ պահպանւող մորատորիումին»,- ընդգծել է Ռիաբկովը։

Նշենք, որ աւելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել էր, որ Միացեալ Նահանգները միջուկային զէնքի փորձարկումներ կանցկացնի միւս երկրների նման, սակայն հրաժարւել էր մանրամասնել՝ արդեօք համապատասխան ծրագրերը ներառում են միջուկային մարտագլխիկների պայթեցում։

Related Articles

Back to top button