Ռուբիօն՝ խաղաղութեան ծրագրի մասին. «Խօսքն առաջընթացի ուղու ստեղծման մասին է, որը Ուկրաինան կը դարձնի ինքնիշխան»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիօն կիրակի յայտարարել է, որ ակնկալում է, որ ուկրաինացի պաշտօնեաների հետ բանակցութիւնները կը յանգեցնեն «աւելի մեծ առաջընթացի» Ուկրաինայում պատերազմի դադարեցման համաձայնագրի ձեռքբերման հարցում։ Այս մասին ըստ News.am-ի` հաղորդում է Reuters-ը։
«Խօսքը միայն խաղաղութեան համաձայնագրի մասին չէ։ Խօսքը առաջընթացի այնպիսի ուղու ստեղծման մասին է, որը Ուկրաինան կը դարձնի ինքնիշխան, անկախ եւ բարգաւաճող, եւ այդ պատճառով մենք ակնկալում ենք, որ այսօր աւելի մեծ առաջընթաց կը գրանցենք»,- ասել է Ռուբիօն Ֆլորիդա նահանգի Հալանդէյլ Բիչում, որտեղ ընթանում էին բանակցութիւնները։
Ուկրաինայի պատւիրակութիւնը գլխաւորել է նոր գլխաւոր բանակցող, Ազգային անվտանգութեան եւ պաշտպանութեան խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը՝ թիմի նախորդ ղեկավար, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրէյ Երմակի՝ ուրբաթ օրը ներկայացրած հրաժարականից յետոյ, որը տեղի է ունեցել երկրում կոռուպցիոն սկանդալի ֆոնին։
Հանդիպմանը ներկայ են եղել նաեւ ամերիկեան կողմը ներկայացնող յատուկ բանագնաց Սթիւ Ուիթքոֆը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան։ Բանակցութիւններն անցկացւել են Մայամիից ոչ հեռու գտնէող «Շէլ Բէյ» (Shell Bay) մասնաւոր ակումբում, որը կառուցել է Ուիթքոֆի անշարժ գոյքի ընկերութիւնը։
Զելենսկին յայտարարել է, որ ակնկալում է, որ Ժնեւում կայացած նախորդ հանդիպումների արդիւնքները կը համաձայնեցւեն կիրակի։
Ժնեւում Ուկրաինան ներկայացրել էր հակառաջարկ այն առաջարկներին, որոնք մօտ երկու շաբաթ առաջ Կիեւում ներկայացրել էր ԱՄՆ պաշտպանութեան նախարար Դէն Դրիսկոլը։
«Ինչպէս կասէր օդերեւութաբանը, կանխատեսելը դժւար է, քանի որ մթնոլորտը քաոսային համակարգ է, որտեղ փոքր փոփոխութիւնները կարող են յանգեցնել մեծ արդիւնքների»,- կիրակի X սոցցանցում Մայամիից գրել է ԱԳ նախարարի առաջին տեղակալ Սերգէյ Կիսլիցան, որը նոյնպէս ուկրաինական պատւիրակութեան կազմում է։



