Հայոց բանակը՝ իբրեւ մշտարթուն պաշտպան, թող շարունակի քաջաբար հսկել մեր պետութեան սահմանները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բանակի օրւայ առիթով յղած ուղերձում ընդգծել է․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական Մեր սէրը եւ Հայրապետական օրհնութիւնն ենք բերում Հայոց բանակի սպաներին ու զինւորներին եւ համայն մեր ժողովրդին՝ Բանակի օրւայ առիթով։ Նորանկախ մեր պետականութեան ձեւաւորման տարիներին ծնունդ առած մեր բանակը իր առաքելութեան մէջ յատկանշւել է արդարութեան ու ազատութեան համար անվեհեր պայքարով: Հայոց բանակը մեր պետականութեան հիմնասիւներից է՝ կոչւած ապահովելու խաղաղութիւնը մեր երկրի եւ անվտանգութիւնը մեր ժողովրդի։ Ադրբեջանի կողմից սանձազերծւած Արցախի բռնազաւթման պատերազմի ընթացքում մեր բանակի մարտիկները անվեհեր պայքար մղեցին, նահատակւեցին բազում հայորդիներ։
Նրանց հերոսական սխրագործութիւնները մշտապէս ոգեշնչելու են մեր զօրականներին իրենց նւիրեալ ծառայութեան մէջ։ Հայրապետիս մաղթանքն է, որ Հայոց բանակը՝ իբրեւ մշտարթուն պաշտպանը մեր երկրի, շարունակի քաջաբար հսկել մեր պետութեան սահմանները՝ իր արիութիւնն ու տոկունութիւնը շաղախելով առ Աստւած հաւատքով՝ ըստ առաքեալի խօսքի. «Զօրացէ՛ք Տիրոջով եւ Նրա զօրութեան կարողութեամբ. եւ Աստծու սպառազինութիւնը հագէք» (Եփ. 6.10)։ Աղօթքով առ Աստւած հայցում ենք, որ Տէրն Իր Սուրբ Աջով պահապան ու զօրակից լինի մեր բանակի սպաներին ու զինւորներին, խաղաղութիւն հաստատւի համայն աշխարհում ու մեր հայրենիքում, եւ հաւատաւոր մեր ժողովուրդը նորանոր ձեռքբերումներով յարատեւի ապահովութեան ու բարօրութեան մէջ. ամէն»։
Yerkir.am



