Հայաստան - ԱրցախՔաղաքական

Իշխան Սաղաթէլեան. «Հարեւան ագրեսոր պետութիւնն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլեւս միայն դրօշի հարց չէ»

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը գրել է.

«Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պէտք է դատավճիռներ թելադրի։

Ադրբեջանի ԱԳՆ-ն իրեն թոյլ է տալիս բացայայտ միջամտել մեր երկրի ներքին գործերին եւ պահանջել պատասխանատւութեան ենթարկել ՀՀ քաղաքացիներին՝ Ջահերով երթի ժամանակ տեղի ունեցած ակցիայի համար։

Հասկանալի է, որ Բաքւի երազանքների կառավարիչն այժմ ՀՀ-ում իշխանութեան է եւ թշնամու հետ զուգահեռ դատապարտում է սեփական երկրում անցկացւող ազգային ակցիաները։ Բայց անգամ այս պայմաններում սանձարձակութիւնն ու լկտիութիւնը պէտք է չափ ունենան։

Միայն պատկերացնել կարելի է, թէ ինչ աղէտալի մակարդակում է գտնւում Հայաստանի ինքնիշխանութիւնը, երբ հարեւան ագրեսոր պետութիւնն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին։ Սա ուղղակի ապացոյցն է այն բանի, որ Բաքուն Հայաստանն այլեւս չի դիտարկում որպէս ինքնուրոյն սուբիեկտ։

Հասկանալի է, որ Ադրբեջանի համար Ցեղասպանութեան ցանկացած յիշատակում տրաւմատիկ է, քանի որ այն հայելու պէս յիշեցնում է իրենց իսկ նմանատիպ յանցանքները։ Սակայն Թուրքիայի հետ այն աստիճան նոյնանալը, որ ստանձնեն նաեւ Հայոց Ցեղասպանութեան պատասխանատւութիւնը՝ պահանջելով պատժել ոգեկոչման ակցիայի մասնակիցներին, չափազանց է անգամ Ադրբեջանի նման պետութեան համար։

Սա այլեւս միայն դրօշի հարց չէ։ Սա հարց է այն մասին, թէ ով է որոշում մեր երկրում՝ ինչն է թոյլատրելի եւ ինչը՝ ոչ։

Բայց Բաքւի եւ Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, ոչ երբեք մեր ժողովրդի եւ ազգային ուժերի»:

Related Articles

Back to top button