Վահէ Յովհաննիսեան. «Եթէ ԲՀԿ-ն չանցնի, որեւէ մէկը ԱԺ-ն չի համարելու հանրայնօրէն լեգիտիմ»

Sputnik. «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան շուրջ զարգացումները վաղուց դադարել են ԲՀԿ-ի խնդիրը լինելուց։ «Ֆէյսբուք»-ի իր էջում նման գրառում է կատարել ԲՀԿ պատգամաւորի թեկնածու, քաղաքագէտ Վահէ Յովհաննիսեանը՝ նշելով, որ ՀՀ-ում յետընտրական անոմալ զարգացումներ են տեղի ոււնենում։
Աւելի վաղ յայտնել էինք, որ յունիսի 7-ի ԱԺ ընտրութիւններից յետոյ ԲՀԿ-ն ստացել է քւէների 3,996%-ը, ինչը նրան թոյլ չի տալիս մտնել ԱԺ։ Յունիսի 12-ի վերահաշւարկի արդիւնքներով՝ ԲՀԿ ստացած 58378 քւէն աւելացել է 147-ով, սակայն մինչ այդ՝ 3 ընտրատեղամասերում արդիւնքներն անվաւէր ճանաչելու արդիւնքում, ԲՀԿ-ն կորցրել էր 213 ձայն։
«ԿԸՅ-ում 4%-3.996% քաղաքական–տեխնիկական աճպարարութիւնը փոխեց ամբողջ ընտրութիւնների էութիւնը։ Միշտ այդպէս է լինում՝ չնչին թւացող մանրուքը կարող է փոխել մեծ պրոցեսի էութիւնը։ ԲՀԿ-ի 0.004-ը հէնց այդ չնչին-ամենամեծ գործօնն է։ Հիմա եթէ ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթէ իշխանութիւնը գնայ կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որեւէ մէկը չի համարելու հանրայնօրէն լեգիտիմ։ Նոյնիսկ ՔՊ-ում, պետական համակարգում, նոյնիսկ Արեւմուտքում, ցանկացած պահի այս հարցը շահարկւելու է ի վնաս Հայաստանի»,- գրել է Յովհաննիսեանը։
Նա նաեւ մի շարք կէտերով անդրադարձել է ներքաղաքական եւ արտաքին այլ զարգացումների։
Յովհաննիսեանի գնահատմամբ՝ Հայաստանի ներսում հասարակութիւնը պառակտւած է, գրեթէ թշնամացած, թէեւ ցանկացած իշխանութիւն ընտրութիւններից յետոյ գնում է ներքին լարւածութեան թուլացման եւ հանդարտացման՝ իր իսկ շահերից ելնելով։
Բացի այդ, ցանկացած իշխանութիւն պէտք է ունենայ իր քաղաքական մրցակիցների հետ որոշակի աշխատանքային նւազագոյն հաղորդակցութեան խողովակներ մինչդեռ ՀՀ իշխանութիւնը քաղաքական մրցակիցների հետ խօսում է իրաւապահների միջոցով՝ բռնել, դատել եւ այլն։
ԿԸՅ-ն ԲԿՀ-ի պահանջին յստակ պատասխան չի տւել. Յովակիմեանին ջրաներկ ու ստւարաթուղթ նւիրեցին:
«Իշխանութիւնն անում է այնպէս, որ 600 հազար եւ աւելի մարդ օտարանում է երկրի կեանքից։ Սա աննորմալ վիճակ է, որը չի կարող նման փոքր երկրում երկար շարունակւել»,- գրել է քաղաքագէտը։
Ըստ նրա՝ նորմալ չէ նաեւ այն, որ գործող վարչապետը յայտարարում է՝ շատ աւելի լաւ, եթէ ԱԺ-ն աշխատի միայն ՔՊ-ական պատգամաւորներով։
«Սա ուղիղ ճանապարհ է իշխանութեան հանրային ոչ լեգիտիմութեան ընկալման համար։ Եւ արտաքին աշխարհի համար նոյնպէս սա կը դառնայ կիսաիշխանութիւն։ Իշխանութիւնը սա լաւ է հասկանում, բայց առ այս պահն անում է ամէն ինչ՝ լրիւ հակառակ, իր համար վատ ընթացք ունենալու համար»,- ընդգծել է Յովհաննիսեանը։
Ինչ վերաբերում է տնտեսական հատւածին, ապա իշխանութիւնը, ըստ Յովհաննիսեանի, բոլորից լաւ է հասկանում, որ ռուսական սահմանափակումներն ամիսների ընթացքում լրջագոյն ազդեցութիւն են ունենալու Հայաստանի տնտեսութեան վրայ, եւ որ սուբսիդիաները եւ եւրոպական այլընտրանքային շուկաները իրավիճակային PR-են եւ որեւէ կապ չունեն տնտեսական իրականութեան հետ։
«Ցանկացած իշխանութիւն պէտք է փորձի լուծել Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի խնդիրը։ Դրա առաջին պայմանը Հայաստանում իշխանութեան կողմից գեներացւող հակառուսական հիստերիայի վերացումն է։ Ես վստահ եմ, որ իշխանութիւնը շատ լաւ հասկանում է տնտեսական ռիսկերը, բայց թէ ինչո՞ւ չի գնում անհրաժեշտ պարզ քայլերի, չեմ հասկանում»,- գրել է քաղաքագէտը։



