Իրանի ԱԳՆ. ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկայ օրերին

Իրանի արտաքին գործերի նախարարութեան տւեալներով՝ Միացեալ Նահանգների հետ հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ յուշագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ եթէ ԱՄՆ-ը չշարունակի սադրանքների լեզւով խօսոյթը։
Այնուամենայնիւ, նախարարութիւնը շեշտել է, որ դա գուցէ տեղի չունենայ կիրակի օրը։
Աւելի վաղ Թրամփը յայտարարել էր, որ Թեհրանի հետ համաձայնագիրը կարող է ստորագրւել այս շաբաթավերջին Եւրոպայում։
Շարիֆ. «Մենք աւելի մօտ ենք խաղաղութեան համաձայնագրին, քան երբեւէ. աւարտը սպասւում է առաջիկայ 24 ժամւայ ընթացքում»
Մենք աւելի մօտ ենք խաղաղութեան համաձայնագրին, քան երբեւէ, գրել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը՝ անդրադառնալով Իրան-ԱՄՆ համաձայնագրին։
«Հաւանաբար, աւարտը սպասւում է առաջիկայ 24 ժամւայ ընթացքում, եւ Պակիստանը պատրաստւում է անմիջապէս դրանից յետոյ խաղաղութեան համաձայնագրի էլեկտրոնային ստորագրմանը, որին կը յաջորդեն տեխնիկական մակարդակի բանակցութիւնները յաջորդ շաբաթ»,-նշել է նա։
Սաուդեան Արաբիայի արտգործնախարարը հաստատել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ համաձայնագրի ստորագրման արարողութիւնը տեղի կունենայ այսօր / Իրանի ԱԳՆ-ն հերքում է
Սաուդեան Արաբիայի արտգործնախարարը հաստատել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ համաձայնագրի ստորագրման արարողութիւնը տեղի կունենայ յունիսի 14-ին։
«Մեր բանակցային թիմը առաջիկայ երկու օրերի ընթացքում Ժնեւ կամ որեւէ այլ վայր մեկնելու ծրագրեր չունի»,-յայտնել են Իրանի ԱԳՆ-ից՝ հերքելով տեղեկութիւնները, որ այսօր ստորագրւելու է Իրան-ԱՄՆ համաձայնագիրը։
Axios. ԱՄՆ-ը եւ Իրանը այսօր վիրտուալ ձեւաչափով յուշագիր կը ստորագրեն
ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ յուշագրի ստորագրումը տեղի կունենայ այսօր՝ յունիսի 14-ին՝ վիրտուալ ձեւաչափով։ Այն ենթադրելու է զինադադարի երկարաձգում եւս 60 օրով։ Այս մասին, յղում անելով սեփական աղբիւրներին, յայտնել է Axios պորտալը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Դրա տւեալներով՝ վիրտուալ հանդիպմանը որպէս միջնորդներ կը միանան նաեւ Պակիստանն ու Կատարը։ Փաստաթուղթը նախատեսում է Հորմոզի նեղուցի բացում եւ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցութիւնների մեկնարկ։
Ինչպէս նշել են պորտալի զրուցակիցները, ստորագրումը վիրտուալ ձեւաչափով անցկացնելու որոշումը կայացւել է լոգիստիկ պատճառներով։ Առանցքային է դարձել այն, որ առերես հանդիպման դէպքում ամերիկեան բանակցային խումբը գլխաւորող ԱՄՆ փոխնախագահ Ջէյ Դի Վենսը չէր հասցնի վերադառնալ հայրենիք նախքան պետութեան ղեկավար Դոնալդ Թրամփի մեկնումը Ֆրանսիա՝ Մեծ եօթնեակի գագաթնաժողովին, ուր նա նախատեսում էր ուղեւորւել երկուշաբթի առաւօտեան։
Յիշեցնենք, որ աւելի վաղ Թրամփը յայտարարել էր, որ գործարքը կը ստորագրւի յունիսի 14-ին։ Միեւնոյն ժամանակ, Իրանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային յայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ հակամարտութեան կարգաւորման յուշագրի ստորագրումը յունիսի 14-ին տեղի չի ունենայ, սակայն չէր բացառել, որ այդ իրադարձութիւնը կը կայանայ առաջիկայ օրերին։



