ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Նախագահ Փեզեշքիանը՝ Հայաստանի իրանագէտների հետ հանդիպմանը. «Հայերը լաւ համբաւ ունեցող եւ շատ սիրւած ժողովուրդ  են իրանական հասարակութեան մօտ»

«ԱԼԻՔ» – Երէկ՝ օգոստոսի 18-ին, Հայաստան կատարած իր այցի շրջանակում Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստանի իրանագէտների հետ հանդիպման ժամանակ, երկու երկրների միջեւ մշակութային մերձեցման եւ քաղաքակրթական ընդհանրութիւնների մասին ներկաների ելոյթները լսելուց յետոյ, իր ուրախութիւնն է յայտնել հաւաքին ներկայ գտնւելու համար, եւ մէջբերելով «Մարդիկ սերում են միեւնոյն մարմնից…/ Եթէ մէկ անդամ ցաւի աշխարհից/ Հանգիստ չի մնայ եւ ոչ մի անդամ…» իրանցի անւանի բանաստեղծ Սաադիի յայտնի բանաստեղծութիւնից, նշել է. «Եթէ այս բանաստեղծութիւնը դարձնենք մեր մտածողութեան եւ գործողութիւնների բնաբանը, ապա շատ խնդիրներ են լուծւելու»: 

Իր ելոյթի մէկ այլ հատւածում Փեզեշքիանը կրկին անդրադարձել է Իրանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ հազարամեակների բարիդրացիութեան փաստին եւ նշել. «Կարող է մոռացւել հեռաւոր տարիներին հանդիպած մարդը, բայց երբեք չի մոռացւում նա, ումից բարութիւն ու սէր ես ստացել։ Իրանի եւ Հայաստանի ժողովուրդները երբեք միմեանցից վատ չեն տարել, բարութիւնից, սիրուց ու բարեկամութիւնից բացի»։

Նա յաւելել է. «Մենք այստեղ ենք եկել երկու երկրների միջեւ փոխգործակցութիւնը խորացնելու եւ ամրապնդելու համար: Երջանիկ պահեր էին, երբ դուք արտայայտւում էիք Իրանի մասին՝ ձեր քաղցր պարսկերէնով: Վստահ եմ, որ այս գեղեցիկ եւ բարեկամական հայեացքը կարող է նպաստել յարաբերութիւնների հետագայ ընդլայնմանը, որպէսզի միասին աշխատենք երկու ժողովուրդներին խաղաղութիւն, հանգստութիւն, կայունութիւն, բարեկամութիւն եւ առաջընթաց բերելու համար»:

Անդրադառնալով իրանահայութեան վայելած ժողովրդականութեանը իրանական հասարակութիւնում, Փեզեշքիանը նշել է. «Մեծ պարսիկ բանաստեղծների ստեղծագործութիւններում միշտ յիշատակւել եւ գովաբանւել են հայերի ազնւութիւնը: Եւ այսօր եւս իրանահայերը համարւում են իրանական հասարակութեան արժէքաւոր մասնիկներից»:

Նախագահը անդրադարձել է նաեւ Գազայի հատւածում տեղի ունեցող ցեղասպանութեանը, եւ նշել. «Այսօր մենք ականատես ենք լինում, թէ սիոնիստներն ինչպէս են խոչընդոտում Գազայի անմեղ ու անպաշտպան ժողովրդին ջրի, դեղորայքի եւ սննդի մատակարարման ճանապարհը եւ շուրջօրեայ ռեժիմով ռումբեր նետում նրանց վրայ, մինչդեռ որոշները նոյնիսկ աջակցելով դահիճներին՝ զէնք ու սպառազինութիւն են ուղարկում, հետն էլ պնդում, որ աջակցում են ժողովրդավարութեանը, մարդու իրաւունքներին եւ ազատութեանը»։

Related Articles

Back to top button