Թրամփ. Իրանի հետ 60 օրւայ մէջ պէտք է համաձայնութեան հասնենք

Թրամփն ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ հանդիպման եւ նախագահի նոր ինքնաթիռի ներկայացման ժամանակ յայտարարել է․ «60 օրւայ ընթացքում Իրանը պէտք է համաձայնութեան գայ, հակառակ դէպքում այնպիսի քայլերի կը դիմենք, որոնք նրանց չեն գոհացնի»։
Թրամփը նշել է, որ եթէ այդ ժամկէտում համաձայնութիւն չկայանայ, Վաշինգտոնը կը դիմի քայլերի, որոնք, իր խօսքով, «Իրանին չեն գոհացնի»։ Միաժամանակ նա յոյս է յայտնել, որ հարցը լուծւի բանակցութիւնների միջոցով։
Անդրադառնալով Հորմոզի նեղուցին՝ Թրամփը զգուշացրել է, որ ռազմական սրման դէպքում նաւթափոխադրումները կարող են խափանւել, ինչը լուրջ ազդեցութիւն կունենայ համաշխարհային նաւթի շուկայի վրայ։ Նրա պնդմամբ փոխըմբռնման յուշագրից յետոյ հարիւրաւոր նաւթատարներ արդէն անցնում են նեղուցով, եւ նաւթի գների անկում է ակնկալւում։
Ապա Թրամփն անմիջապէս կրկնել է իր պնդումներն Իրանի դէմ ռազմական գործողութիւնների մասին՝ յայտարարելով, որ ԱՄՆ-ը «լուրջ հարւածներ» է հասցրել Իրանի ռազմական ենթակառուցւածքներին։
Խօսելով Մերձաւոր Արեւելքի իրավիճակի մասին՝ ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ Վաշինգտոնը շարունակում է սերտ համագործակցութիւնը Իսրայէլի հետ եւ բարձր է գնահատում Բենիամին Նեթանիահուի դերակատարութիւնը։
Թրամփը նաեւ յայտնել է, որ անձամբ դիմել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ կոչ անելով չմիջամտել հակամարտութեանը, եւ յաւելել, որ Պեկինը համաձայնել է պահպանել չէզոքութիւն։



