Տարածաշրջանը նոր պատերազմի շեմի՞ն
Անսարօլլահ. Արեւմտեան Եմէնում յաղթանակը վճռական պայքարի նախաբանն է

Եմէնի «Անսարօլլահ» շարժման քաղաքական գրասենեակի անդամ Զէյֆօլլահ Ալ-Շամին յայտարարել է, որ Եմէնի արեւմտեան ափամերձ շրջաններում իրականացւած ռազմական գործողութիւնների յաջողութիւնը վճռական պայքարի նախաբան է՝ երկրի ժողովրդի իրաւունքները վերականգնելու ճանապարհին,- գրում է Tasnim-ը:
Թասնիմ լրատւական գործակալութեան հաղորդմամբ՝ Ալ-Շամին նշել է, որ գործողութեան հիմնական նպատակը Եմէնի արեւմտեան ափամերձ շրջաններից Սաուդական Արաբիայի աջակցութեամբ գործող ահաբեկիչներին դուրս մղելն էր։ Նրա խօսքով՝ գործողութիւնը պատասխան էր Եմէնի ներքին հակամարտութիւնը բորբոքելու եւ երկրի զինւած ուժերին իրենց հիմնական ռազմավարական առաջնահերթութիւններից շեղելու փորձերին։
Անսարօլլահի պաշտօնեան ընդգծել է, որ գործողութեան յաջողութեան գործում կարեւոր դեր են ունեցել տեղի բնակչութիւնն ու ցեղային համայնքները, որոնք տեղեկատւական եւ թիկունքային աջակցութիւն են ցուցաբերել, իսկ որոշ ճակատներում նաեւ մասնակցել մարտերին։
Նա յայտարարել է, որ Եմէնի արեւմտեան ափին տեղի ունեցածը ցոյց տւեց՝ ռազմական եւ նիւթական գերազանցութիւնը ինքնին յաղթանակի երաշխիք չէ։ Նրա խօսքով՝ Եմէնը այլեւս այն թոյլ երկիրը չէ, որը կարող է մասնատւել արտաքին ուժերի շահերի համաձայն։
Ալ-Շամին նաեւ անդրադարձել է Սանայի իշխանութիւնների յայտարարած համընդհանուր համաներմանը՝ նշելով, որ այն նախատեսում է հակառակորդի կողմն անցած անձանց վերաինտեգրումը հասարակութեանը՝ պայմանով, որ նրանք դադարեցնեն համագործակցութիւնը թշնամու հետ։
Նա ընդգծել է, որ շարունակական դիմադրութիւնը, «սրման դիմաց սրում» ռազմավարութիւնը եւ «շրջափակման դիմաց շրջափակում» կիրառելու քաղաքականութիւնը ճանապարհ են հարթում նոր փուլի համար, որի նպատակն է Եմէնի ժողովրդի իրաւունքների լիարժէք վերականգնումը։



