«Օման»-ի հանդիպումը յետաձգւեց. Արտաքին ճնշումները խոչընդոտեցին Հորմոզի շուրջ հանդիպմանը

Իրանի եւ Օմանի միջեւ Հորմոզի նեղուցի վերաբերեալ համաձայնութեան շուրջ Պարսից ծոցի ափամերձ երկրների արտաքին գործերի նախարարների նախատեսւած հանդիպումը յետաձգւել է՝ առաջացնելով ենթադրութիւններ տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային դերակատարների ազդեցութեան մասին։
Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալ-Բուսաիդին կիրակի երեկոյեան յայտարարել է, որ հանդիպումը հետաձգւել է։ Իրանի արտաքին գործերի նախարարութեան Պարսից ծոցի հարցերով գլխաւոր տնօրէն Մոհամմադ Ալի-Բէկը յայտնել է, որ որոշ տարածաշրջանային երկրների միջամտութեամբ եւ Իրանի ու Օմանի համատեղ որոշմամբ՝ երկուշաբթի նախատեսւած նախարարական հանդիպումը կը կայանայ աւելի ուշ։
Նա նշել է, որ Իրանը Օմանի հետ խորհրդակցելով՝ կը համաձայնեցնի հանդիպման անցկացման յարմար ժամանակը։
Հանդիպման նախօրեակին քննարկւում էր մասնակիցների մակարդակի հարցը եւ արտատարածաշրջանային դերակատարների հնարաւոր ազդեցութիւնը։ Իսկ Բահրէյնը նախապէս յայտարարել էր, որ չի մասնակցելու հանդիպմանը։
«Թասնիմ»-ի հաղորդմամբ՝ իրազեկ աղբիւրը պնդել է, որ հանդիպման յետաձգման գործում դեր են ունեցել Սաուդական Արաբիայի առաջադրած պայմանները, իսկ Բահրէյնը ենթարկւել է ԱՄՆ-ի եւ Իսրայէլի ազդեցութեանը։ Նոյն աղբիւրը նշել է նաեւ Արաբական Միացեալ Էմիրութիւնների կուլիսային բացասական գործողութիւնների մասին՝ առանց այդ երկրի կողմից հանդիպման դէմ պաշտօնական դիրքորոշման։
Իրանն ու Օմանը, ըստ հրապարակման, կարող են երկկողմ համաձայնութիւնը վերջնականացնել նաեւ առանց տարածաշրջանի միւս երկրների մասնակցութեան։ Սակայն երկու երկրները նախընտրել են քննարկումներին ներգրաւել Պարսից ծոցի ափամերձ պետութիւններին՝ տարածաշրջանային վստահութեան եւ համագործակցութեան ամրապնդման նպատակով։



