Դատապարտում ենք այս լռութիւնը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին կոչ է արւում հրապարակայնօրէն վերահաստատել արցախահայութեան անվտանգ, արժանապատիւ եւ կամաւոր վերադարձի իրաւունքը։
Sputnik. ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշի յայտարարութիւնները խորը մտահոգութիւն եւ վրդովմունք են առաջացնում, նշւած է Արցախի Հանրապետութեան Հանրային խորհրդի յայտարարութեան մէջ։
Խօսելով բնիկ ժողովուրդների իրաւունքների, կենսաբազմազանութեան պահպանութեան եւ միջազգային հանրութեան պատասխանատւութեան մասին՝ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը որեւէ անդրադարձ չի կատարել Արցախի բնիկ հայ բնակչութեան բռնի տեղահանմանը եւ հայրենի հող վերադառնալու իրաւունքին։
«Մենք դատապարտում ենք այս լռութիւնը, յատկապէս այն պայմաններում, երբ 2023 թւականի սեպտեմբերին աւելի քան 100 հազար արցախահայեր Ադրբեջանի ռազմական գործողութիւնների եւ դրանց նախորդած երկարատեւ շրջափակման հետեւանքով հարկադրւած եղան լքել իրենց հայրենիքը։ Ինչպէ՞ս կարելի է խօսել բնիկ ժողովուրդների իրաւունքների պաշտպանութեան մասին՝ գտնւելով մի երկրում, որտեղ ապաստան են գտել իրենց հայրենիքից բռնի տեղահանւած տասնեակ հազարաւոր մարդիկ, եւ միաժամանակ անտեսել նրանց վերադարձի իրաւունքը»,-նշւած է յայտարարութեան մէջ։
Հանրային խորհուրդը յիշեցնում է, որ ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանը 2023 թւականի նոյեմբերի 17-ին Ադրբեջանին պարտաւորեցրել է ապահովել Արցախից հեռացած եւ վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ, անխոչընդոտ եւ արագ վերադարձը։
«Խաղաղութիւնը չի կարող նշանակել բռնի տեղահանման հետեւանքների լեգիտիմացում։ Խաղաղութիւնը չի կարող կառուցւել մի ամբողջ ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու իրաւունքի անտեսման գնով»,-նշում են յայտարարութեան հեղինակները։
ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին կոչ է արւում հրապարակայնօրէն վերահաստատել արցախահայութեան անվտանգ, արժանապատիւ եւ կամաւոր վերադարձի իրաւունքը, աջակցել Արդարադատութեան միջազգային դատարանի որոշման կատարմանը եւ ապահովել, որ Արցախի ժողովրդի իրաւունքները չանտեսւեն միջազգային խաղաղութեան եւ բնապահպանական գործընթացներում։
Յիշեցնենք, որ Գուտերեշը Հայաստան էր ժամանել հոկտեմբերի 15-ին՝ Երեւանում անցկացւող Կենսաբազմազանութեան մասին կոնւենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։



