ԱՄՆ-ը 55 երկիր է հանում Իրանի դէմ ՄԱԿ-ում

Վաշինգտոնը փորձում է միջազգային ճնշումներն ուժեղացնել Թեհրանի դէմ միջուկային ծրագրի եւ պատժամիջոցների շուրջ իր դիրքորոշմանը համախոհներ ապահովելով։ Փոխարէնը Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը վիճարկում են ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման իրաւական հիմքերը։
Իրանի դէմ ռազմական ճնշման ձախողումից յետոյ ԱՄՆ-ը փորձում է միջազգային հարթակում ընդլայնել Թեհրանի դէմ իր քաղաքական թիկունքը։ Իրանի պետական ԻՌՆԱ գործակալութեան հաղորդմամբ ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարութիւնը հրապարակել է յայտարարութիւն, որին միացել են 55 երկիր կոչ անելով ՄԱԿ-ի անդամ պետութիւններին կիրառել Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ Վաշինգտոնի կողմից վկայակոչւող Անվտանգութեան խորհրդի պատժամիջոցները։
Յայտարարութեան հեղինակները պնդում են, որ պատժամիջոցները վերականգնւել են 2025 թւականի սեպտեմբերին «սնափ-բաք»-ի գործարկմամբ։ Սակայն Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը չեն ընդունում այդ գործընթացի իրաւական վաւերականութիւնը նշելով, որ Իրանի միջուկային համաձայնագրի եւ 2231 բանաձեւի գործողութիւնն աւարտւել է 2025 թւականի հոկտեմբերի 18-ին։
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ղոլամհոսէյն Դարզին յայտարարել է, որ Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան իրաւական հիմք չեն ունեցել պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը գործարկելու համար։ Նրա խօսքով Անվտանգութեան խորհրդում այդ գործընթացի իրաւական հետեւանքների շուրջ համաձայնութեան բացակայութիւնը չի կարող անօրինական գործընթացը դարձնել օրինական։
Դարզին նաեւ մերժել է Իրանի միջուկային ծրագրի ռազմական բնոյթի վերաբերեալ արեւմտեան մեղադրանքները, դրանք որակելով քաղաքական ճնշման գործիք, մատնանշելով Իսրայէլի միջուկային կարողութիւնների նկատմամբ միջազգային վերահսկողութեան բացակայութիւնը։



