Հայաստանի պաշտպանւելու բնական իրաւունքը ինչու է անհանգստացնում ոմանց
Պանթուրքիզմը շարունակում է շարիկ պոկել խճանկարից
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Օրերս ԻՌԱՍ տարածաշրջանային հարցերով զբաղւող գիտահետազօտական կենտրոնը դոկտ. Վալի Քալեջիի գրչին պատկանող յօդւածով անդրադարձել էր Ֆրանսիայից գնւած եւ Հայաստան տեղափոխւած սպառազինութեանը՝ այն համարելով Բաքւի, Անկարայի եւ Պակիստանի մտահոգութիւնների ու հնարաւոր կոշտ արձագանգի հիմնական շարժառիթ:
Նշենք, որ «Ֆրանսիայի անհաւասարակշիռ մօտեցումը Հարաւային Կովկասում» յօդւածով ԻՌԱՍ-ի գիտական խմբագրակազմի անդամը վերլուծելով Կովկասի զարգացումները 44-օրեայից ցայսօր կարծում է, որ Ֆրանսիայի, Յունաստանի եւ Հնդկաստանի հետ Հայաստանի պաշտպանական եւ ռազմական յարաբերութիւնների զարգացումը, Բաքւին ստիպել է Թուրքիայի, Իսրայէլի եւ Պակիստանի հետ ռազմական յարաբերութիւնները խորացնել՝ չնշելով այն փաստը, որ Հայաստանը շատ ուշ է կատարել իր գնումները Ֆրանսիայից, այդ էլ սահմանափակ քանակութեամբ զինամթերք, որի մեծ մասը դեռ չի մատակարարւել:
Այն մասին, թէ ի՞նչն է ԻՌԱՍ-ի փորձագիտական շրջանակին անհանգստացրել, այն, որ Հայաստանը փորձում է վերջապէս հաւասարակշռութիւն մտցնել իր մօտեցումների եւ տարածաշրջանային վտանգների համատեքստում, թէ այն, որ սիոնիստա-թուրքական առանցքի շուրջ երկրներին անհանգստութիւն պատճառող դրոյթներ են ի յայտ գալիս:
Յօդւածի հեղինակ՝ դոկտ. Վալի Քալեջիի մօտեցումներում եւս առկայ են մեծ փոփոխութիւններ: 44-օրեային յաջորդած օրերին սոցիալական ցանցերից մէկում, որտեղ հանրային քննարկում էր ծաւալւել Կովկասում Զարիֆի անարդիւնաւէտ քաղաքականութեան շուրջ, եւ չկար դեռ ԻԻՀ Գերագոյն առաջնորդի վերջնագրի պէս հաստատւած յայտարարութիւն կապւած արցախահայութեան անվտանգութիւնը երաշխաւորւած լինելուն, կամ որոշ բարձրաստիճան պատասխանատունների կողմից շնորհաւորանքներ էին ուղղւում Բաքւին, նա իմ տւած՝ «Եթէ այս հակամարտութիւնը բերի նրան, որ տարածաշրջանի բնիկ ժողովրդի ինքնորոշման իրաւունքը որոշիչ դառնայ, եւ կողմերի միջեւ համաձայնութիւն ձեռք բերւի այդ իրաւունքի շուրջ, ինչպէ՞ս է լինելու Իրանի Իսլամական Հանրապետութեան մօտեցումը» հարցին պատասխանելով՝ նշել էր, որ տեղեակ չէ Իրանի կողմից հակամարտութեան կողմերին ներկայացւած խաղաղութեան ծրագրի մասին, որը դոկտ. Արաղչիի միջոցով էր ներկայացւել տարածաշրջանի երկրների ղեկավարներին, եւ ընդգծել էր. «Բայց իմ ենթադրութիւնն այն է, որ բոլոր երկրները, այդ թւում՝ Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան, համաձայն են եօթ քաղաքների վերադարձին Ադրբեջանի ինքնիշխանութեանը, ապա՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման գործընթացի իրականացմանը։ Բայց այն իրականացնելը, ինչպէս նշել եմ իմ յօդւածներում, հեշտ չի լինելու։ Բացի այդ, եթէ այս եօթ քաղաքների վերադարձը տեղի ունենար խաղաղ գործընթացով, որը նախատեսւած էր Մինսկի եւ Ղազանի ծրագրով, ապա հայերին կը յաջողւէր աւելի արդիւնաւէտ աջակցել Լեռնային Ղարաբաղին եւ առնւազն Լաչինի միջանցքը շարունակելու էր գործել որպէս մուտք դէպի Հայաստան, որով էլ վերահսկւելու էր Ղարաբաղի հայերի անվտանգութիւնն ու ունեցւածքը, ինչպէս նաեւ այս տարածաշրջանում հայկական մշակոյթի, կրօնի եւ լեզւի պահպանումը։ Իմ կարծիքով՝ այն, ինչ արեց Փաշինեանը Ղարաբաղում, համեմատելի է 2008 թւականի օգոստոսին Սահակաշւիլիի արածի հետ՝ Աբխազիայում եւ Հարաւային Օսեթիայում։ Փաշինեանը անփորձ էր եւ առանց անհրաժեշտ ենթակառուցւածքների ղեկը դէպի Արեւմուտք ու Իսրայէլ թեքեց: Իսկ այսօր Հայաստանը միայնակ է մնացել Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջ, ինչպէս 20-րդ դարի սկզբին»։
Ընդամէնը չորս տարւայ ընթացքում այս երկու իրարամերժ մօտեցումներով դրսեւորւելը, բոլոր հնարաւոր ենթադրութիւնները մի կողմ թողնելով, առնւազն խօսում է որոշ մտքի կենտրոններում տեղի ունեցած շրջադարձերի մասին, ինչի մասին բազմիցս են զգուշացրել իրանցի փորձագէտները, յատկապէս, Բաքւից ուղղորդւած ներթափանցումների վտանգների համատեքստում:
Վալի Քալեջիի յօդւածն անարձագանգ չի մնացել նաեւ իրանցի այլ փորձագէտների կողմից:
Դոկտ. Էհսան Մովահեդիանն իր տելեգրամեան ալիքում գրառում տեղադրելով անդրադարձել է Քալեջիի յօդւածում տեղ գտած օրիանկներին, որոնցից մէկում հեղինակը նշել է Բաքւից Փարիզի դժգոհանքի մասին, որով Ֆրանսիան Բաքւին է մեղադրել իր տիրապետութեան տակ գտնւող Նոր Կալեդոնիայում անկարգութիւններ հրահրելու հարցում: Մովահեդիանը նշում է, որ Քալեջին անհիմն է համարել Ֆրանսիայի յայտարարութիւնը, սակայն նա մոռացել է, որ այդ խռովարարներն իրենց հետ կրում էին Բաքւի դրօշները, եւ գործում Բաքւի ներգրաււածութեան վերաբերեալ Ֆրանսիայի փաստերը պատրանքներ չէին:
Փորձագէտը նշել է նաեւ, որ Քալեջիին չեն հետաքրքրել այն հակասութիւնները, որ Բաքւի ռեժիմը, որը պարբերաբար բանտարկում է քաղաքական հակառակորդներին թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան կեղծ մեղադրանքով, իր երկրի բոլոր դռները բացել է Իսրայէլի, Անգլիային եւ Թուրքիայի առաջ, եւ ճնշում ու խոշատնգումներ է գործադրում շիաների նկատմամբ՝ սուգը որպէս յանցագործիութիւն ներկայացնելով:
«Քալեջին մոռացաւ յիշել նաեւ սիոնիստների կողքին վահաբիներին Իրանի սահմանամերձ գօտիներում բազա տրամադրելու փաստերի մասին յիշատակել, որպէս տարածաշրջանում միջամտութիւնների օրինակ:
Պէտք է հարց տալ, թէ ինչո՞ւ, քանի դեռ Հայաստանը յենւում էր միայն հին ու արդիւնաւէտութիւնը կորցնող ռուսական զէնքի վրայ նա (Քալեջին) չխօսեց տարածաշրջանում հաւասարակշռութիւնների խախտման մասին, յատկապէս, երբ օրը ցերեկով յայտարարում էին, որ Բաքուն Իսրայէլից, Թուրքիայից եւ Արեւմուտքից զանգւածային գնումներ է կատարում եւ սպառազինում բանակը: Պարզ չէր արդեօք փորձագէտին, որ զէնքի զանգւածային գնման դիմաց տարածաշրջանը ենթակայ էր տարածքային փլուզման»,-յիշեցրել է Մովահեդիանը:
Իսկ հիմա, երբ Հայաստանը միայն ձգտում է գոյատեւել եւ պաշտպանւել թուրքական աշխարհից՝ գնելով Ֆրանսիայից փոքր քանակութեամբ զէնք, բարձրաձայնում են Կովկասում անհաւասարակշռութեան մասին մտահոգութիւնների մասին»,- ընդգծել է դոկտ. Մովահեդիանը:
Մովահեդիանը վերջում նշել է, որ Հայաստանի նկատմամբ թուրք-եբրայա-արեւմտեան գերակայութիւնը ՆԱՏՕ-ի կողմից Իրանի շրջափակման ծրագրի կարեւոր մասն է. «Իրանի տարանցիկ միջանցքների չէզոքացման եւ երկրի համար տարեկան միլիարդաւոր դոլարների տնտեսական վնասների, սիոնիստների հետ լիակատար հարեւանութեան հետեւանքով առաջացած անվտանգային սպառնալիքների, ահաբեկչական վահաբիների, երկրի հիւսիսային եւ հիւսիս-արեւմտեան սահմաններում անջատողականներին սնելու եւ Թուրքիայի եւ Բաքւի կողմից երկրի այդ շրջաններում մշակութային վերակողմնորոշում իրականացման փորձերը, ինքնութիւնը, կրօնը եւ քաղաքակրթութիւնը շահարկելու եւ այլ համերկրացիների նկատմամբ օտարութեան զգացում ստեղծելն են, որ հաւասարումներն են խախտում»:
Նա եզրակացրել է. «Ուստի անթոյլատրելի է լռել այնպիսի մօտեցումների ու անճիշտ արձանագրութիւնների առջեւ, որոնք ճիշտ չեն ներկայացնում կովկասեան տարածաշրջանի զարգացումների ընթացքը»։