ՌԴ ԱԳՆ-ն յայտնել է Մոսկւայի եւ Թեհրանի միջեւ սպասւող «պատմական իրադարձութեան» մասին
«ԱԼԻՔ» – Ռուսաստանի եւ Իրանի ներկայացուցիչներն աւարտել են համապարփակ ռազմավարական գործընկերութեան համաձայնագրի նախապատրաստումը. «պատմական ստորագրումը» տեղի կունենայ շուտով։ Այս մասին, ինչպէս տեղեկացնում է Tert.am-ը՝ ռուսական iz.ru-ին յղումով՝ յուլիսի 23-ին յայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրէյ Ռուդենկոն։
«Երկու երկրի արտաքին գործերի նախարարութիւնների իրաւական եւ տարածքային գերատեսչութիւնների փորձագէտների շատ արդիւնաւէտ խորհրդակցութիւնների ընթացքում, որոնք տեղի են ունեցել Մոսկւայում յունիսի 21-ին, հնարաւոր եղաւ վերջնական տեսքի բերել համաձայնագրի տեքստը»,- ասել է դիւանագէտը։
Փոխնախարարը յաւելել է, որ խորհրդակցութիւններից յետոյ պայմանաւորւածութիւններ են ձեռք բերւել ամենաբարձր մակարդակով ամենասերտ երկկողմ շփումներից մէկի շրջանակում համաձայնագրի ստորագրումը նախապատրաստելու ներքին ընթացակարգեր սկսելու վերաբերեալ։
«Մենք յուսով ենք, որ մօտ ապագայում ականատես կը լինենք այս իսկապէս պատմական իրադարձութեանը», – եզրափակել է Ռուդենկոն:
Աւելի վաղ՝ յուլիսի 16-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը Իրանի ԱԳ նախարարի ժամանակաւոր պաշտօնակատար Ալի Բաղերի Քանի հետ հանդիպման ժամանակ քննարկել էր տնտեսական ու տարածաշրջանային հարցեր։ Հաստատւել էր երկու երկրների մտադրութիւնը՝ էլ աւելի ամրապնդել յարաբերութիւնների ողջ շրջանակը՝ հասնելով համապարփակ ռազմավարական գործընկերութեան որակապէս նոր մակարդակի։