
ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ալի Աբդօլլահին յայտարարել է, որ Թեհրանը ոչ մի դէպքում թոյլ չի տայ ամերիկեան ռազմական նաւերի մուտքը Պարսից ծոց։
Ըստ «Թասնիմ» լրատւական գործակալութեան հրամանատարը պնդել է, որ Իրանի զինւած ուժերին յաջողւել է չէզոքացնել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կարողութիւնները, դրանց զրկելով Պարսից ծոցին յարակից ծովային տարածքներին եւ Իրանի տարածքային ջրերին մօտենալու հնարաւորութիւնից։
«ԱՄՆ-ի նախագահը կարող է միայն երազում տեսնել, թէ իր զօրքը կրկին մուտք գործի Պարսից ծոց»,- ասել է նա, յաւելելով, որ Վաշինգտոնի համար այդ հեռանկարը երբեք իրականութիւն չի դառնայ։
Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի յայտարարութիւններին Աբդոլլահին դրանք հակասական է որակել։ Նրա խօսքով, եթէ Վաշինգտոնը պնդում է, թէ ոչնչացրել է Իրանի միջուկային ենթակառուցւածքներն ու ռազմական կարողութիւնները, ապա անհասկանալի է, թէ ինչու է շարունակում պահանջել, որ Իրանը հրաժարւի իր միջուկային ծրագրից կամ ինչպէս սիրում է ասել՝ միջուկային զէնք չունենայ։
Իրանի զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետը նաեւ յայտարարել է, որ Թեհրանի ռազմավարութիւնն է երկարատեւ դիմակայութեան պայմաններում շարունակել ճնշում գործադրել ԱՄՆ-ի եւ Իսրայէլի վրայ, նրանց սեփական ձեռքերով ստեղծած ճգնաժամի մէջ ներքաշելու նպատակով։



