Թեհրանի նոր մարտահրաւէրը՝ ՄԱԿ-ին. ԱՄՆ-ն արհեստական բանականութիւնն օգտագործել է Իրանի դէմ յարձակումները կազմակերպելու համար

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ եւ դեսպան Ղոլամհոսէյն Դարզին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստում զգուշացրել է ռազմական գործողութիւններում արհեստական բանականութեան կիրառման վտանգների մասին, յայտարարելով, որ ԱՄՆ-ն Իրանի դէմ 2026 թւականի ռազմական յարձակման ընթացքում օգտագործել է զարգացած արհեստական բանականութեան համակարգեր, հետախուզական տւեալների վերլուծութեան, թիրախների բացայայտման եւ յարձակումների ուղղորդման նպատակով։
Դարզիի խօսքով ԱՄՆ-ն կիրառել է մասնաւորապէս «Palantir» ընկերութեան Maven համակարգը եւ «Anthropic»-ի Claude արհեստական բանականութեան գործիքը։ Նա նաեւ վկայակոչել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարութեան (CENTCOM) մարտի 11-ի յայտարարութիւնն ու Պենտագոնի յունիսի 15-ին դատարան ներկայացրած փաստաթուղթը, որտեղ արձանագրւած է արհեստական բանականութեան կիրառումը Իրանի դէմ ռազմական գործողութիւններում։
Իրանի ներկայացուցիչը նշել է, որ այդ տեխնոլոգիաների միջոցով ամերիկեան կողմին 96 ժամերի ընթացքում յաջողւել է աւելի քանի 2 հազար ռումբ ու հրթիռ կիրառել 2 հազար առանձին թիրախների դէմ։ Նա ընդգծել է, որ տեխնոլոգիական առաջընթացը չի կարող ռազմական յանցագործութիւնների համար պատասխանատւութիւնից ազատել ո՛չ պետութիւններին, ո՛չ էլ մասնաւոր ընկերութիւններին։
Դարզին նաեւ պահանջել է միջազգային իրաւունքի խախտումների համար պատասխանատւութեան ենթարկել մեղաւորներին եւ փոխհատուցել Իրանի կրած վնասները։ Նա կոչ է արել արհեստական բանականութեան ռազմական կիրառման հարցը կարգաւորել ՄԱԿ-ի հովանու ներքոյ, բոլոր պետութիւնների, յատկապէս զարգացող երկրների հաւասար մասնակցութեամբ։



