Սրապիոնեան. «Զիաբունիաթովների ճտերն են այսօր վխտում Հայաստանում եւ չկայ մի Սեւակ, որ դրանց իրենց տեղը ցոյց տայ»
Մեծանուն բանաստեղծ Պ. Սեւակի ծննդեան 100-ամեակի առիթով Yerkir.am-ը զրուցել է գրականագէտ Սերժ Սրապիոնեանի հետ։ Նա վստահ է՝ Սեւակի մեծութիւնն ամէն անցնող տարու հետ աւելի ենք զգալու, զգալու ենք նրա բացակայութիւնը, որովհետեւ նրա գոյութիւնը, նրա շնչառութիւնը համահունչ էր հայ ժողովրդի շնչառութեանը։
«1965 թւականին, երբ տեղի էր ունենում Հայոց Ցեղասպանութեան 50-րդ տարելիցի ոգեկոչման պատմա-քաղաքական գործընթացը եւ որը չտեսնւած ու չլսւած երեւոյթ էր Խորհրդային Միութիւնում, 41-ամեայ Սեւակը, ով բանաստեղծութեան մէջ ձեռք էր բերել լիդերի աստիճան եւ առաջնորդող դէմք էր հանդիսանում, դարձաւ այդ շարժման կենտրոնական դէմքերից։ Այն նւիրւածութիւնը, որ նա ունէր իր երկրի ու ժողովրդի հանդէպ, այն հաւատը, որ ունէր իր ժողովրդի բարոյական, բանական ու նաեւ պատմական արժէքի վերաբերեալ, բացառիկ մօտեցում էր, խորքային ու մտածւած։ Նա մեր բոլոր ժամանակների ամենաշատ ընթերցւած բանաստեղծներից էր»։
Սրապիոնեանը յիշեց Սեւակի ուսուցիչներից Յովհաննէս Բարսեղեանի խօսքերը. «երբ լոյս տեսաւ Սեւակի առաջին ժողովածուն՝ «Անմահները հրամայում են», մենք ասացինք՝ հայ գրականագիտութիւնը կորցրեց մի մեծագոյն դէմքի, որովհետեւ նա մեծ գրականագէտ էր։ Նրա միտքն ու հոգին այնքան խորքային ու նւաճողական էին, տարածքներ էին նւաճում»։
Հարցին, թէ ինչ կանէր կամ ինչ կասէր Սեւակը, եթէ այսօր ողջ լինէր, գրականագէտն այսպէս պատասխանեց. «Եթէ այսօր լինէր, վատ կանխագուշակում եմ անում, բայց նա կամ ինքնասպան կը լինէր կամ նւազագոյնը՝ կը խելագարւէր, որովհետեւ նա երբեք չէր կարողանալու պատկերացնել, որ իր այդքան սիրած հայութեան մէջ, հայ ազգի մէջ, հայկականութեան պակաս ունեցող կամ իսպառ չունեցող այսքան տականքներ կարող են լինել։ Սա ինձ համար աքսոմատիկ ճշմարտութիւն է։ Այսօր՝ նրա 100-ամեակին չեմ կարողանում ինձ թոյլ տալ Սեւակից որեւէ միտք արտայայտատել՝ մտածելով, որ ինչ արժէք ունի այն մանկուրթների համար Սեւակի միտքը, որից իրենք չեն դաստիարակւում»։
Սրապիոնեանի խօսքով, Սեւակի բոլոր ընկերները, որոնք եղել են իր ուսուցիչները՝ Հրանտ Թամրազեանը, Վազգէն Գէորգեանը, բանաստեղծներ, որոնց հետ բախտ ու պատիւ է ունեցել շփւելու, Սեւակի մասին անթաքոյց հիացմունքով էին խօսում եւ այն մտայնութեամբ, որ Սեւակը մտքեր էր կերտում։ Սեւակը բանականութիւն էր կերտում։ «Լեւոն Հախվերդեանի պատմածները յիշում եմ եւ զարմանում, որ մարդը իր ժամանակակցի հետ ապրել է ու իր աճումը վերագրել իր մտերիմ ընկերոջը։ Այդպիսի մթնոլորտ էր ստեղծում Պ. Սեւակը։
Երբ 100 տարիների հեռաւորութիւնից ենք նայում Սեւակի ստեղծած գրականութանն ու գրականագիտութեանը, պարզապէս հասկանում ենք, որ 20-րդ դարի մեր բանաստեղծական մտքի շրջադարձի կերտիչներից մեծագոյնը եղել է հէնց Պ. Սեւակը։ Բանաստեղծական մտածողութեան, հայրենասիրական մտածողութեան, դրանց ըմբռնումների եւ ծառացման իմաստով, Սեւակը մնաց եզակի ու անկրկնելի եւ այդպէս էլ մնալու է։ Նա ծանր գնով նւաճեց իր տեղը հայ բանաստեղծութեան մէջ, բայց ի վերուստ, Աստծոյ կամքով այդ տեղը նախատեսւած էր Սեւակի համար»։
Սրապիոնեանը թէպէտ այդ ժամանակ ոչ հասուն տարիքում է եղել, սակայն պարզ յիշում է Սեւակի բանավէճը ակադեմիկոսի կոչում ունեցող թուրք-թաթար-ադրբեջանցի Զիա Բունիաթովի հետ եւ թէ ոնց էր Սեւակը ոչնչացնում նրան, երբ Բունիաթովը փորձում էր կեղծել ու իւրացնել մեր պատմութիւնը։ «Չվիրաւորեմ կոլեգաներիս, բայց եթէ 100 մարդու միտք իմի բերենք, մէկ Սեւակի արժէք չենք կարող ստանալ։ Սա է մեր ողբերգութիւնը։ Պ. Սեւակի յօդւածից յետոյ բունիաթովները քաշւեցին իրենց որջերը, այլեւս չէին համարձակւում հայ ժողովրդի մասին որեւէ կարծիք գրել։ Այսօր կարծես այդ կարծիք գրելու սարսափը իրենց մէջ պահածների ժառանգներն են փորձում Հայաստանում միտք կերտել։ Դա որեւէ տրամաբանութեան չի ենթարկւում, զարմանալի է։ Սեւակի ժառանգները չե՛ն երեւում ասպարէզում. ժառանգներն ուղիղ իմաստով նկատի չունեմ, այլ գաղափարական ժառանգորդներին։ Զիաբունիաթովների ճտերն են այսօր վխտում Հայաստանում եւ չկայ մի Սեւակ, որ դրանց ցինիկ մռութներին հասցնելով՝ իրենց տեղը ցոյց տայ»։
Անդրադառնալով մեր մեծութիւնների մեծարման կարեւորութեանը՝ Սրապիոնեանը յիշեցրեց Միքայէլ Նալբանդեանի 150-ամեակի մասին, երբ ամբողջ Խորհրդային Միութեան 15 հանրապետութիւններում կազմակերպւեցին անչափելի ընդգրկուն միջոցառումներ, նոյնիսկ Ադրբեջանում։ «Հինգ տարի առաջ լրացաւ Կոմիտասի, Թումանեանի, Երւանդ Օդեանի ու Լեւոն Շանթի 150-ամեակները, սակայն պետական որեւէ արձագանգ չունեցաւ, որովհետեւ այս պետութեան ղեկը վստահւած էր յիշողութիւն չունեցող մանկուրթներին։ Սեւակն իրեն սիրողների ու բարձրացնողների պակաս չունի, բայց պետական արձագանգ այս դէպքում էլ չկայ։ Սա նոյնպէս յստակ մտածւած գաղափարներից է՝ հայ ժողովրդին մանկուրթի վերածելու համար։ Չէ՞ որ նա մեր ամենաազգային բանաստեղծներից է։ Միտումնաւոր կերպով լռութեան են մատնւած։ Չեն համարձակւում ժխտել, բայց որեւէ պետական արձագանգ էլ չկայ։ Սրանց անծալք ուղեղներին, ո՞նց կարող է հասու լինել Սեւակի մտքի խորքն ու չափը։ Չի՛ կարող։ Բարեբախտաբար, մեդիա դաշտն այսօր Սեւակով է շնչում։ Սեւակը դեռ սերունդներ է կրթելու եւ սերունդներ են դեռ զբաղւելու սեւակագիտութեամբ»,- եզրափակեց Սրապիոնեանը։
Մեղրի Ղուկասեան