Տաթեւիկ Հայրապետեան. «Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրութիւններից յետոյ մենք կարող ենք տեսնել աւելի ագրեսիւ եւ վտանգաւոր Ադրբեջան՝ ամբողջ տարածաշրջանի անվտանգութեան համար»
«ԱԼԻՔ»-ի հարցերին պատասխանել է ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանը:
– Տիկին Հայրապետեան սպառազինութիւնների գնումները վերահսկելու առաջարկ Նիկոլ Փաշինեանն արել էր մօտ երկու շաբաթ առաջ: ՀՀ վարչապետը Բանակի օրւան նւիրւած ուղերձում կրկնեց այն, դրան աւելացնելով եւս մէկը՝ չյարձակւելու մասին պայմանագիրը: Նախկին առաջարկներն էլ յիշեցրեց: Ինչպէս էք գնահատում ՀՀ վարչապետի այդ յայտարարութիւնները: Նման քայլը իրական սպառնալիք չէ՞ ՀՀ ինքնիշխանութեան համար:
– Ես ուզում եմ յիշեցնել, որ դեռեւս 2023 թւականի յունւարի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի Եւրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտէում իր ելոյթի ժամանակ նշել էր․ «Ցաւալիօրէն, խաղաղութեան պայմանագրի վերաբերեալ հայկական կողմի առաջարկած հիմնարար առաջարկների ճնշող մեծամասնութիւնը մերժւել են Ադրբեջանի կողմից։ Առաջարկութիւնների թւում է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների ճշգրտումը, քանի որ մենք կարծում ենք, որ առանց Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանի սահմանազատման վերաբերեալ յստակ համաձայնեցւած չափորոշիչների իրական խաղաղութիւնն անհնար է: Յաջորդը պետական սահմանից զինւած ուժերի դուրսբերումը եւ ապառազմականացւած գօտու ստեղծումն է՝ հնարաւոր հետագայ էսկալացիան կանխելու համար, ինչպէս նաեւ վստահութեան ամրապնդման միջոցները եւ անվտանգութեան մեխանիզմը, խաղաղութեան պայմանագրի երաշխաւորի(ների) ինստիտուտը, որը կապահովի յանձնառութիւնների կատարումը։ Ընդհանրացնելով, Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը միայն պէտք է ընդունի իր բոլոր պահանջները, իսկ իր ուզածը չստանալու դէպքում, Ադրբեջանը օգտագործում է ճնշման բոլոր հնարաւոր գործիքները. սկսած հայ ռազմագերիներին պատանդ պահելուց մինչեւ հայերի նկատմամբ պետականօրէն հովանաւորւող ատելութեան տարածում, ռազմատենչ հռետորաբանութիւնից մինչեւ ուժի կիրառում»։
Այս ելոյթի ժամանակ Լեռնային Ղարաբաղը շրջափակման մէջ էր, բայց այնտեղ հայ բնակչութիւն էր ապրում, հիմա ամէն ինչ շատ աւելի վատ է, Լեռնային Ղարաբաղում հայերը էթնիկ զտման ու բռնի տեղահանման են ենթարկւել, իսկ Հայաստանի տարածքը Ադրբեջանի նախագահի մակարդակով կոչում է «Արեւմտեան Ադրբեջան»։ Ասածս այն է, որ չյարձակման պայմանագրի ստորագրման առաջարկ պէտք էր անել ի սկզբանէ, եթէ խաղաղութեան մասին էին բանակցութիւնները, բայց ցաւօք, դրանք խաղաղութեան մասին չէին: Այդ բանակցութիւնների ընթացքում Ադրբեջանը բազմիցս գնացել է ռազմական գործողութիւնների, ընդորում ոչ միայն Արցախի, այլ՝ հէնց՝ Հայաստանի Հանրապետութեան տարածքի ուղղութեամբ։ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղութեան հաստատում եւ չի ցանկանում որեւէ թղթի ստորագրում, դրա համար էլ ցանկացած առաջարկ հայկական կողմից մերժւելու է։
– Ադրբեջանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրութիւնների քարոզարշաւը՝ առանց առաջատար ընդդիմադիր ուժերի մասնակցութեան, որոնք բոյկոտել են ընտրութիւնները՝ պնդելով, որ դրանց արդիւնքները եւս «կանխորոշւած են»։ Ընտրութիւնների ինչպիսի՞ արդիւնքներ էք կանխատեսում, ինչպէս է այն անդրադառնալու Հայաստանի Հանրապետութեան, մասնաւորապէս «Խաղաղութեան պայմանագրի» ուղղութեամբ: Կը մանրամասնէք խնդրեմ:
– Զարգացումները ցոյց են տալիս, որ ցաւօք սրտի, ընտրութիւններից յետոյ մենք կարող ենք տեսնել աւելի ագրեսիւ եւ վտանգաւոր Ադրբեջան, ընդորում՝ ոչ միայն Հայաստանի, այլ՝ ամբողջ տարածաշրջանի անվտանգութեան համար։ Այս ընտրութիւններով Ադրբեջանի ղեկավարը օրինաչափ ու սովորական է դարձնում ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը՝ որպէս խնդիրների լուծման միջոց։ Նա խոստովանել է, որ պատերազմն իր կեանքի առաքելութիւնն է եղել, բացի այդ, Ալիեւն նշել է, որ ինքը մերժել է խաղաղ կարգաւորման առաջարկները, քանի որ գերադասել է պատերազմական ուղին։ «Իհարկէ, մենք բոլորս ցանկանում էինք որքան հնարաւոր է շուտ վերականգնել մեր տարածքային ամբողջականութիւնը։ Սակայն պատմական տեսանկիւնից 30 տարին այնքան էլ երկար ժամանակ չէ։ Այս ընթացքում, բանակցութիւնների ընթացքում բազմաթիւ առաջարկներ են հնչել։ Ոմանք կարող են մտածել, թէ ինչու Ադրբեջանը չընդունեց դրանք։ Ի վերջոյ, այս առաջարկների հիման վրայ մի քանի շրջաններ կը վերադարձւէին Ադրբեջանին առանց պատերազմի, տեղահանւածները կը վերադառնային իրենց տները, եւ իրավիճակը կը կարգաւորւէր։ Ինչո՞ւ Ադրբեջանը չհամաձայնեց այս առաջարկներին։ Իհարկէ, բանակցութիւններն ունէին իրենց ռազմավարութիւնն ու մարտավարութիւնը։ Մենք բանակցութիւնները վարում էինք այնպէս, որ նւազագոյնի հասցնենք արտաքին ճնշումը՝ մեր նպատակներին հասնելու ճանապարհին։ Բայց ինձ համար գլխաւորն այն էր, որ սա պատմական խնդիր է, ազգային խնդիր, եւ ինչ-որ թւացեալ բարենպաստ շահեր փնտրելը սխալ կը լինէր։ Մենք պէտք է հիմնարար ճանապարհով լուծէինք հարցը, մէկընդմիշտ պէտք է լուծէինք, պէտք է ամբողջութեամբ վերականգնէինք մեր տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը»,- նշել էր Ալիեւը յունւարի 10-ի իր ելոյթում։
Ալիեւը փորձում է իր բռնապետութիւնը ներկայացնել որպէս «ընտրւած»՝ ակնարկելով, որ ժողովուրդը պատրաստակամօրէն հաւանութիւն է տալիս իր բռնապետական ռեժիմին: Տասնամեակներ շարունակ հայերի նկատմամբ ագրեսիա, ատելութիւն եւ հաշւեյարդար քարոզելուց յետոյ Ալիեւը ցոյց է տալիս, թէ ինչպէս է «պատժում» հայերին՝ ցոյց տալով ագրեսիւ գործողութիւնները շարունակելու իր մտադրութիւնը։ Այն փաստը, որ Ալիեւի ռեժիմը ակտիւօրէն լռեցնում է հաշտեցման եւ խաղաղութեան կողմնակից բոլոր ձայները Ադրբեջանի ներսում, ակներեւ է դարձնում այն փաստը, որ ռեժիմը կը շարունակի ատելութիւն եւ ագրեսիա սերմանել։ Ալիեւի հռչակած այս «նոր դարաշրջանում» հիմնական թիրախը լինելու է արդէն Հայաստանի Հանրապետութեան տարածքը։
– Տեսակապային ձեւաչափով տեղի է ունեցել Իրանի եւ Ադրբեջանի գլխաւոր դատախազների ընդլայնւած հանդիպում, որի ընթացքում քննարկւել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դէմ յարձակման գործով դատավարութեան ընթացքը: Ադրբեջանական կողմը առաջ է քաշել «դատական վերջնական վճռի ընդունումն արագացնելու» հարցը: Հանդիպմանը մասնակցել են Բաքւում Իրանի դեսպան Մուսաւին եւ Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալիզադէն: Կարո՞ղ ենք արձանագրել, որ վերջին շրջանում իրանա–ադրբեջանական յարաբերութիւնների դինամիկայի ակնյայտ խախտում է արձանագրւում: Ինչպէս է կարող անդրադառնալ այդ նոր իրադրութիւնները Հայաստանի վրայ:
– Կարող եմ ասել, որ Ադրբեջանը շատ զգոյշ է Իրանի հետ իր յարաբերութիւններում։ Նրանք փորձում են խուսափել աւելորդ լարւածութիւնից, բայց միեւնոյն ժամանակ Ադրբեջանը միակ երկիրն է տարածաշրջանում, որ շատ սերտ համագործակցում է Իսրայէլի հետ, ինչը երկարաժամկէտ առումով՝ ուղղւած է հէնց Իրանի դէմ։ Իսրայէլը մեր տարածաշրջանում յայտնւեց 2020 թւականին՝ Արցախի դէմ ագրեսիայի ընթացքում եւ դրանից յետոյ Ադրբեջանի միջոցով միմիայն ամրապնդել է իր դիրքերը։
– Շնորհակալութիւն տիկին Հայրապետեան:
– Ես նոյնպէս շնորհակալ եմ:
Հարցազրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ