Հայաստան - ԱրցախՍփիւռք

Ձեզ մօտ ոչինչ չի ստացւում, այժմ Հայաստանն է զոհասեղանին դրւած, կամք ունեցէք, հեռացէք

Հայ համայնքի անդամը՝ Փաշինեանին

Միւնխէնի եւ յարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինեանին հարց տւեցին, թէ Արցախը կորցնելուց, այդքան ձախողումներից յետոյ, արդեօք ունի համարձակութիւն հրաժարական տալու եւ հեռանալու քաղաքական դաշտից ընդհանրապէս։

«Արդէն 6 տարի կառավարում էք, եւ ձեր կառավարման սկզբից արցախեան բանակցութիւնների ողջ պատասխանատւութիւնը վերցրեցիք ձեզ վրայ, ինչ որ պէտք է այն էլ բանակցում էք, Արցախը Հայաստանն է ու վերջ, արդիւնքում ունենք տարածքային եւ մարդկային կորուստներ, պարտւած երկրի պարտւած վարչապետ: 2020 թւականից եւս մէկ անգամ հնարաւորութիւն ստացաք կառավարելու եւ խոստացաք արցախցիների իրաւունքների եւ անվտանգութեան պաշտպանութիւն, չնայած կառավարութեան ծրագրում գրւած է ինքնորոշման իրաւունք, արձանագրենք, որ ձեր այս քաղաքականութիւնը եւս ձախողւեց, պարտւած երկրի վարչապետը յայտարարեց խաղաղութեան դարաշրջան եւ ունեցանք Հայաստանից տարածքային կորուստներ: Դուք ճանաչեցիք Արցախը Ադրբեջանի մաս եւ ստացաք վերջնական հայաթափում եւ համազգային աղէտ: Հիմա ոչ լեգիտիմ իշխանութիւն, երկրորդ հանրապետութեան կորստից յետոյ ոչ լեգիտիմ վարչապետ, ռազմական նոր էսկալացիա, կոռուպցիոն սկանդալ: Պարոն Փաշինեան, այս բոլոր ձախողումները տեղի են ունեցել ձեր կառավարման օրօք, դուք տարբեր պատճառաբանութիւններ կը բերէք, բայց փաստը մնում է փաստ: Նախկինում ես ասում էի, որ ձեզ մօտ ինչ-որ մի բան չի ստացւում, հիմա պնդում եմ՝ Ձեզ մօտ ոչինչ չի ստացւում:

Արդեօք հիմա ունէ՞ք այդ համարձակութիւնը, պատասխանատւութիւն վերցնել Ձեզ վրայ, ինչպէս որ նշել էիք Դուք՝ Դուք էք համար մէկ պատասխանատուն, եւ հեռանաք։ Հեռանալ նկատի չունեմ հրաժարականը, հեռանալ նկատի ունեմ ընդհանրապէս քաղաքական դաշտից հեռանալը, քանզի այժմ Հայաստանն է զոհասեղանին դրւած»,-հարցրեց հայ համայնքի ներկայացուցիչը։

Նիկոլ Փաշինեանը նշեց, որ շատ քաղաքական ուժեր կան, որ իրենից պահանջում են, որ հեռանան, սակայն իրենք մանդատ են ստացել ժողովրդից:

 «Բայց մենք դա չենք կարող անել պարզ պատճառով, որովհետեւ մենք ժողովրդից ստացել ենք իշխանութիւն, մանդատ եւ եթէ մենք ուղղակի հեռանանք, ո՞ւմ ենք թողնելու այդ մանդատը»,-ասաց վարչապետը եւ նշեց, որ իրենք ստացած մանդատը վերադարձրել են երկու անգամ եւ կրկին ստացել։

Փաշինեանը նշեց, որ այժմ իրենց խնդիրը կենտրոնանալ պետութիւն ունենալու վրայ եւ ոչ թէ կորսւած հայրենիքի անդադար տեսլականի յետեւից գնալու։

«Այս ամէնը ինչի՞ համար եմ ես ասում եւ անում, դրա համար, որ դաւաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկրեայ գործակալ եմ, ով երազում ա, որ էլ ինչ հող տայ որեւէ մէկին։ Իհարկէ կարող են տենց մտածեն, բայց ես սա անում եմ մի բանի պատճառով, որ հասկանում եմ, որ եթէ մենք այն ճանապարհը, որի մի մասը ես եմ վերցրել, եթէ այսպէս շարունակենք, այ էդ ժամանակ կը կորցնենք հայրենիքը»,-ասաց Փաշինեանը։

Հայ համայնքի ներկայացուցիչը նորից դիտարկում արեց, թէ Փաշինեանը մանդատ չի ստացել Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում, նրան դրա համար չեն ընտրել. «Եթէ դուք գնայիք ընտրութիւնների եւ ասէիք, որ Արցախը ճանաչելու էք Ադրբեջանի կազմում, քանի մարդ ձեզ կընտրէր»:

News.am

Related Articles

Back to top button